Ինչպէ՞ս իջեցնել քաշն առանց խիստ դիետայի

Հարաւային Կորեայի գիտնականները պարզել են, որ երեկոյեան 50 րոպէանոց զբօսանքներն օգնում են նիհարել առանց սննդակարգի խիստ սահմանափակումների, եւ ազատւել որովայնի ճարպից։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Exercise Nutrition and Biochemistry (JENB) ամսագրում:
Հետազօտութեանը մասնակցել են աւելորդ քաշ ունեցող կանայք: Փորձարկւողներին բաժանել են երկու խմբի. առաջինը չի փոխել ապրելակերպը, իսկ երկրորդը շաբաթը երեք անգամ յիսուն րոպէանոց զբօսանքներ է կատարել, գրել է gazeta.ru-ն։ Փորձը տեւել է 12 շաբաթ։ Հետազօտութեան ողջ ընթացքում կամաւորները չեն հետեւել որեւէ կոնկրետ դիետայի։
Արդիւնքում՝ կանայք, որոնք քայլել են, կորցրել են աւելի շատ վիսցերալ ճարպ, քան նրանք, որոնք խուսափել են ֆիզիկական ակտիւութիւնից: Վիսցերալ ճարպը որովայնի խոռոչում կուտակւում է կենսականօրէն կարեւոր ներքին օրգանների շուրջ (սիրտ, ստամոքս, լեարդ, երիկամներ, թոքեր):
Գիտնականների խօսքով՝ սովորաբար նման ճարպը պաշտպանում է ներքին օրգանները հարւածներից եւ ցնցումներից, ինչպէս նաեւ ապահովում է դրանց ջերմակարգաւորումը։ Սակայն աւելցուկի դէպքում ներքին օրգանների ճարպը վտանգաւոր է գրեթէ բոլոր օրգանների եւ համակարգերի համար: Այս տեսակի ճարպակալման հետեւանքները կարող են լինել հիպերտոնիան, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը եւ մետաբոլիկ համախտանիշը:
news.am