Թեհրան

Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանի յիշատակին

(Մահւան 40-օրեակի առթիւ)

2023 թ. դեկտեմբերի 27-ին մեր երկնային կեանքից հեռացաւ արժանայիշատակ Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանը՝ մեծ վիշտ պատճառելով իր հարազատներին եւ իր պաշտօնավարած թեմի ժողովրդին: Անցել են 40 օրեր, բայց նրա հոգու ներկայութիւնը միշտ զգում ենք մեր շուրջը, մեր կողքին:

Ծնւել էր 1948 թւականի մարտի 31-ին՝ Իրանի Կենտրոնական նահանգի Բուրւարի գաւառի Ֆարաջաբադ գիւղում՝ մի նահապետական տոհմիկ ընտանիքում:

Երեք ամսական էր, երբ ընտանեօք փոխադրւել են Քարաջի մօտակայ Սաւոջբուլաղ (Ալբուլաղ) գիւղ, այնուհետեւ, երեք տարի անց, փոխադրւել են Թեհրան եւ հաստատւել Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասում, ու ստացել է իր կրթութիւնը՝ «Արարատ» եւ «Շանթ» դպրոցներում:

Մի առ ժամանակ զբաղւել է էլեկտրականութեան վերաբերող աշխատանքներով, որոնց զուգընթաց՝ շուրջ 20 տարի աշխատել է մարզական ասպարէզում՝ ֆուտբոլի մարզաճիւղիւմ՝ որպէս մարզիչ եւ իրաւարար:

1969 թւականի յուլիսին ամուսնացել է օր. Փառքուհի Աղաջանեանի հետ եւ բախտաւորւել երեք զաւակներով՝ Անդրէ, Արսինէ եւ Արին անուններով, ունի մէկ թոռնիկ Թէոդի անունով, որոնց եւս դաստիարակել է ազգային ոգով:

Մաջիդիէ քաղաքամասի ժողովրդի բարեխօսութեամբ՝ մէկ տարի ուսանել է Անթիլիասի Քահանայից դասընթացներում:

Սարկաւագ է ձեռնադրւել 1988 թւականին, Անթիլիասում, Վարդան արք. Դեմիրճեանի ձեռամբ:

Անցնելով Թենրան՝ նոյն թւականի սեպտեմբերի 25-ին Թեհրանի Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում քահանայ է ձեռնադրւել Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ՝ խարտաւիլակութեամբ՝ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանի:

Հոգեւոր պատրաստութեան քառասունքն անցկացնելով՝ իր անդրանիկ պատարագը մատուցել է Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:

Քահանայագործել է՝ Թեհրանի Ս. Սարգիս եւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցիներում: Ս. Մինաս եկեղեցու հոգեւոր հովիւն էր եւ Վանաք քաղաքամասի ծխատէր քահանան:

2006 թւականի դեկտեմբերի 27-ի թւակիր սրբատառ կոնդակով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը, որպէս գնահատանք նրա քահանայական արդիւնաշատ գործունէութեան, շնորհել է Լանջախաչ կրելու իրաւունք:

Նա կրեց իր կեանքի դժւարին ճամբի խաչը՝ իր համակ նւիրումով, ճշմարտութեամբ եւ մարդկային խրոխտ կեցւածքով: Եղաւ հոգատար եւ գիտակից հոգեւորական եւ ողջ կեանքը ապրեց քրիստոնէական մաքուր սիրով եւ պարզ կեանքով:

Թաղման կրօնական արարողութիւնը եւ վերջին օծումը տեղի ունեցաւ դեկտեմբերի 30-ին՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ ձեռամբ Տ. Վիգէն վրդ. Տալգըլճեանի, որից յետոյ իր դին ամփոփւեց Թեհրանի հայոց ազգային Նոր Բուրաստան գերեզմանատան Քահանաների բաժնում:

Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:

Թո՛ղ այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինի եւ որպէս մի պտղունց խունկ՝ մխայ նրա թարմ շիրիմին:

Յիշատակն արդարոց, օրհնեալ եղիցի:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Related Articles

Back to top button