«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ներկայացրել են թեւաւոր հրթիռների նոր ստորգետնեայ բազան, ինչը նախատեսւած է ռազմավարական հարաւային ջրերում կործանիչները թիրախաւորելու համար:
Երէկ՝ փետրւարի 1-ին, կորպուսի գլխաւոր հրամանատար գեներալ Հոսէյն Սալամին այցելել է Իրանի հարաւային ափին գտնւող բազա եւ ստուգել ստորգետնեայ նոր բազայում ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերի հրթիռային ստորաբաժանումների մարտունակութիւնը:
Սա արդէն երրորդ ստորգետնեայ հրթիռային բազան է, որի գործարկման մասին յայտնել է ԻՅՊԿ-ն՝ մէկ ամսից պակաս ժամանակահատւածում:
Յիշեցնենք, որ աւելի վաղ՝ յունւարի 10-ին, ԻՅՊԿ-ի օդատիեզերական ուժերը գործարկման էին յանձնել եւս մէկ ստորգետնեայ հրթիռային քաղաք։
Կորպուսի ռազմածովային ուժերի հրթիռային ստորաբաժանումների ստուգայցի շրջանակներում ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատարն ընդգծել է. «Իրանի ժողովուրդը պէտք է իմանայ, որ ԶՈՒ-ի իրենց քաջարի զաւակներն օր ու գիշեր աշխատում են երկիրը պաշտպանելու եւ այն անվտանգ դարձնելու ուղղութեամբ»:
Գեներալ Սալամին նշելով, որ Իրանի անվտանգութիւնը երաշխաւորող միջոցները սակարկելի չեն, յաւելել է. «Այս հրթիռային բազաները մեր պաշտպանական ուժերի կարեւոր մասն են: «Հրթիռային քաղաքներ»-ի մասին մեր յայտարարութիւնը թշնամիներին կօգնի հաշւարկներն աւելի ճշգրիտ դարձնել, որպէսզի հասկանան, որ սխալւելու իրաւունք չունեն, որն առաջինը հէնց իրենց է անհանգստութիւն պատճառելու»:
Այս ընթացքում առաջին անգամ ցուցադրւել է նաեւ «Ղադր-380» ռազմածովային թեւաւոր հրթիռը:
Ստորգետնեայ բազա կատարած այցի ժամանակ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ալիռեզա Թանգսիրին այս թեւաւոր հրթիռների մասին յայտնել է, որ «Ղադր-380» թեւաւոր հրթիռն ունի աւելի քան հազար կիլոմետր հեռահարութիւն եւ ունակ է խելամտօրէն ընտրել համապատասխան ուղղութիւնն ու բարձրութիւնը՝ թիրախը յայտնաբերելու եւ խոցելու համար։
Նշենք, որ ստորգետնեայ բազայում տեղակայւած արդիականացւած հրթիռները նաեւ հագեցած են էլեկտրոնային պատերազմի համակարգերով եւ կարող են առաջադրանքն իրականացնելու համար պատրաստ լինել ամենակարճ ժամկէտում։
Այսօր՝ առաւօտեան. Ներկայացւել է «Էթեմադ» բալիստիկ հրթիռը
Յաւելենք, որ այսօր՝ առաւօտեան Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ՊՆ հրթիռային նւաճումների ցուցադրութեան այցի ընթացքում ներկայացւել է 1700 կմ. Հեռահարութեամբ «Էթեմադ» բալիստիկ հրթիռը: