Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տաթեւիկ Վիրաբեանի արձագանքը՝ Աննա Յակոբեանին. «Ամենացաւալին այն է, որ այս կինը աղջիկ երեխաներ է դաստիարակում»

Աննա Յակոբեանը «ոջիլ է» անւանել պատերազմում զոհւած հերոսի քրոջը

«ԱԼԻՔ» – Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհւած Գէորգ Վիրաբեանի քոյրը՝ Տաթեւիկ Վիրաբեանն արձագանքել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանի գրառմանը, ով Վիրաբեանին «ոջիլ» էր անւանել։

«Աննա Յակոբեան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտայայտում է մեր իրական տարբերութիւնները՝ իմը եւ ձերը։

Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսւել, բայց ձեր իսկ տիրոյթում ինձ կրկին թիրախաւորելով՝ ոչ մի կերպ չէք կարող մաքրւել հասարակութեան մէջ ձեւաւորւած տպաւորութիւնից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականութիւնը, որն այսօր ձեզ է ուղեկցում։

Աննա, իմ եւ քո տարբերութիւնն այն է, որ ես իմ ողջ կեանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողութեամբ մարդ։ Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթէժ օրերին՝ կեանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծութիւնից։

Իմ երկու եղբայրը մարտական հերթապահութեան են եղել։ Մի եղբայրս զոհւել հերոսաբար, իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առաւել խաղաղ ու «մրցակցութիւնից դուրս» վայրերում։

Աննա, ինձ համար զոհւած տղաները կեանք են տւել ոչ թէ մի անհասկանալի գաղափարի, այլ՝ յանուն հողի, ժողովրդի ու արժանապատւութեան։ Իմ եղբայրը ձեր իշխանութեան օրօք սկսւած պատերազմի զոհ դարձաւ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի յանձնման քաղաքականութիւնը։

Ես հասկանում եմ՝ դուք կարող էք թոյլ տալ ձեզ վիրաւորել ինձ, որովհետեւ իշխանութիւն ունէք։ Բայց դա չի երկար տեւելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկւել է, արիւնաքամ է արւել։

Իսկ աւարտեմ՝ յիշեցմամբ. թիրախաւորեցիք, քրէական գործեր յարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։ Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում էք նոյնը։

Թող յաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամէն ինչ աւելի «պաշտօնապէս» հնչի։

Բայց անկախ ամէն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթեւը։ Իսկ դու պատմութեան մէջ մնալու ես որպէս կինը՝ որը խորհրդանշեց Արցախի կորուստը»,- գրել է նա:

Նշենք, որ Աննա Յակոբեանը գրել էր. «Ոջիլ։ Արդէն 5 տարի է 44-օրեայ պատերազմի եւ մեր մասին նման կերպ արտայայտւողներին ես մէկ բառով եմ պատասխանում՝ ոջիլ։ Նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր, այսուհետ կը լինի հրապարակայնօրէն»։

Related Articles

Back to top button