Քաղաքական

Թուրքալեզու ազգայնականների երկու կոպիտ սխալը

Աբբաս Ջաւադի

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ Իրանցի լեզւաբան, Թաւրիզի, Թուրքիայի եւ Գերմանիայի համալսարանների պատմութեան եւ լեզւաբանութեան պրոֆեսոր եւ «Իրանցիների ու թուրքերի համակեցութեան պատմութիւնը» գրքի հեղինակ Աբբաս Ջաւադին, վերջերս անդրադարձել է պանթուրքիստական խմբերի իրանական թեւի էութեանն ու նպատակներին:

Դոկտ. Աբբաս Ջաւադին Cheshmandaz վերլուծական կայքում հրապարակած «Թուրքալեզու ազգայնականների երկու կոպիտ սխալը» յօդւածում մերկացրել է պանթուրքիստ ակտիւիստների տգէտ էութիւնը միաժամանակ կամրջելով նրանց եւ չակերտեալ որոշ փորձագէտների ազգային ֆանտազիաների հետեւանքները:

Ստորեւ նոյնութեամբ եւ թարգմանաբար ներկայացնում ենք յօդւածը:

 

«1970 թւականից ցայսօր զբաղւել եմ եւ շարունակում եմ ուսումնասիրել լեզւաբանութեան ու արեւելագիտութեան ուղղութեամբ, ներառեալ պարսկերէն, թուրքերէն, գերմաներէն եւ անգլերէն (եւ որոշ չափով արաբերէն) լեզուներն ու դրանց զարգացման պատմութիւնը:

Նախ, Անկարայի համալսարանում՝ վեց տարի, ապա տասը տարի Գերմանիայի Քեոլնի համալսարանում եմ ուսումնասիրել եւ դասախօսել լեզւաբանութեան եւ պատմութեան ամբիոններում։ Յետոյ, երբ ակադեմիական աշխատանքից անցայ մեդիադաշտ, իմ առօրեայ աշխատանքի կողքին երբեք չդադարեցի այդ ուղղութեամբ  կարդալը եւ ընթերցելը, կամ գրելը:

Սակայն  պէտք է խոստովանեմ, որ մինչ օրս չգիտեմ, որն է իրանական որոշ էթնիկ խմբերի ազգայնական շարժառիթը, ովքեր ժամանակ առ ժամանակ ասում են, որ Ադրբեջանը (Հանրապետութիւն) 4-5 հազար տարուց աւելի թուրքախօս է եւ թուրքերով բնակեցւած։ Ոմանք նոյնիսկ մի կողմ թողնելով ամօթը, խօսում են 7-ից 8 հազար տարւայ պատմութեան մասին։

Իսկ վերջերս, թուրքախօս հայրենակիցներից մէկի առաջարկով ու պնդմամբ, կարդացի Մոհամմադ Թաղի Զեհթաբիի հեղինակած «Իրանի թուրքերի հնագոյն պատմութիւնը» գիրքը, ինչի մասին չգիտէի մինչեւ երկու ամիս առաջ։ Այժմ պատկերացնում եմ եւ ինչ-որ չափով հասկանում եմ, թէ որտեղից է գալիս 4-ից 5, կամ 7-ից 8 հազար տարւայ հետ կապւած այդ պատկերացումների, այսպէս կոչւած «տեսական» հիմքը, յատկապէս այն, որ  նոյնիսկ տարբերւում է մեր (Իրանում բոյն դրած) պանթուրքիստների գաղափարները՝ Թուրքիայի պանթուրքիստների պատկերացումներից։

Եթէ ուսումնասիրելու լինէք եւրոպական, ամերիկեան կամ ռուսական ակադեմիական աղբիւրները, կամ հէնց նայէք Թուրքիայի ակադեմիական հետազօտողների աշխատութիւնները, ապա կը տեսնէք, որ կայ լիակատար համաձայնութիւն Կենտրոնական Ասիայից Իրան եւ Թուրքիա ու Հիւսիսային Իրաք թուրքալեզու ժողովուրդների գաղթի վերաբերեալ եւ, որ թուրքալեզու ցեղախմբերի հիմնական ու առաջնային բնակավայրը եղել է Կենտրոնական Ասիան, այսինքն՝ Իրանի հիւսիսարեւելեան շրջանից մինչեւ Չինաստանի ու Մոնղոլիայի սահմանները, եւ նոյնիսկ դրանից հիւսիս՝ Սիբիր։ Այս ցեղախմբերն ապրել են որպէս քոչւորներ եւ հիմնականում զբաղւել են անասնապահութեամբ, բնական կամ տարբեր պայմանների պատճառով շարունակաբար տեղափոխւելով մի շրջանից միւսը (այսինքն՝ իւրաքանչիւր ցեղ իր բախումներն ու յաղթանակներն ու պարտութիւնները տարել է միւս ցեղերի դէմ): Նրանց մեծ մասը ծագումով օղուզ են, որոնցից մեր թւարկութեան 10-րդ դարում  ճիւղաւորւել են սելջուկներն ու աֆշարիանները։

Հետագայում նրանք Կենտրոնական Ասիայից գաղթեցին ներկայիս Աֆղանստան ու Խորասան, այնտեղից էլ ողջ Իրան, ապա՝ Կովկաս, Հիւսիսային Իրաք ու ներկայիս Թուրքիա, եւ մի քանի հարիւր տարւայ ընթացքում արմատաւորւեցին այս շրջաններում։ Այս 500-ամեայ էթնիկ տեղափոխման արդիւնքում այդ երկրների ու շրջանների սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կերպարն այլ գոյն ու երանգ ստացաւ, միեւնոյն ժամանակ Աֆղանստանի, Խորասանի, Իրաքի հիւսիսային շրջանների, եւ գրեթէ ողջ Ատրպատականի ու ներկայիս Թուրքիայի զգալի մասը դարձնելով թուրքալեզու:

Արեւմուտքի, Ռուսաստանի եւ նոյնիսկ Թուրքիայի ակադեմիական ու քաղաքական շրջանակներում ես որեւէ մէկին չգիտեմ, կամ չեմ տեսել որեւէ ուսումնասիրութիւն ու լուրջ գիրք, որը նոյնն ասած լինի ինչ Զեհթաբին: Այն, ինչ գրել է պարոն Զեհթաբին իր ցանկութիւններն են: Նա պնդում է, որ իրանական թուրքերի պատմութիւնը մինչեւ ութը հազար տարի անցեալ ունի: Ի՞նչ հիմնաւորումով, այն, որ ըստ պարոն Զեհթաբիի՝ իլամականից, շումերականից եւ պարթեւականից մինչեւ Ուրարտու, մադերն ու հուրիները, բոլորը թուրքեր են եղել։

Իհարկէ, ես չեմ ուզում պարոն Զեհթաբիի ակադեմիական աշխատանքը կասկածելի համարել միայն այն պատճառով, որ նա եղել է «Ադրբեջանի դեմոկրատական» աղանդի նախկին ակտիւիստ, ով Սադդամի հրաւէրով գնացել էր Բաղդադ իր աղանդի միւս ակտիւիստ Մահմուդ Փանահիանի հետ միասին։ Նրանց համար Սադդամն առաջադրանք ունէր: Նրանք Իրանի Շահի օրօք, այսպէս կոչւած, «Իրանի ժողովրդական ճակատ» ստեղծելու նպատակով պէտք է զբաղւէին Իրանի դէմ անջատողական գործունէութեամբ: Զեհթաբին այս ընթացքում ստանում է  «պրոֆեսորի» կոչում Բաղդադի համալսարանից: Իսկապէս, կարծում եմ, կարիքը չկայ անգամ քննարկել այս պատմութեան կուլիսային ֆանտաստիկ ու զւարճալի վարկածները։

Զարմանում եմ նրանց վրայ, ովքեր ընկել են նման կեղծ ու շինծու հեքիաթների յետեւից, ինչը մարդկանց հրամցւում է որպէս «պատմութիւն»… իսկապէ՞ս այս աստիճան գիտական ու ինտելեկտուալ տկարութիւն կայ մեզ մօտ, որն ուղեկցում է դէպի յետամնացութիւն։

Ի՞նչ կարիք կայ շումերներին, ուրարտացիներին, պարթեւներին ու մադերին թուրք համարելը: Երեխաների պէս, ովքեր իրենց ուժեղ դրսեւորելու համար այստեղ եւ պատմական Ատրպատականում թուրքերի ներկայութեան համար հնագոյն պատմութիւնների կարիքն ունեն ոնց որ…: Ի՞նչ վատ բան կայ իրականութիւնն այնպիսին, ինչպիսին, որ կայ ընդունելու մէջ:  Այն իրականութիւնը, որն ասում է, որ այս ժողովրդի լեզուն, ինչ էլ որ հազար տարի առաջ եղած լինի, այնուամենայնիւ, թուրքերէն չի եղել: Մի՞թէ այս իրականութիւնով բան պիտի փոխւի:  

Միթէ՞ Եգիպտոսի ժողովրդի լեզուն միշտ եղել է արաբերէնը, ամերիկացիների լեզուն՝ անգլերէնը, թէ՞ Իրանի պարսիկ ժողովրդի լեզուն միշտ եղել է պարսկերէնը:

Միթէ՞ Թուրքիայի թուրքերն ապացոյց ունեն, կամ միթէ՞ պնդում են, որ մինչեւ թուրքերի Բիւզանդիա գաղթը՝ մ.թ. 11-րդ դարում, ներկայիս Թուրքիայի բոլոր բնակիչները, այդ թւում՝ հռոմէացիները, քրդերը, հայերը, իսկ նրանցից շատ առաջ, օրինակ, խեթերը եւ այլն, թո՞ւրք, կամ թուրքախօս էին։ Չէ՞ որ դա հեգնանք է լինելու մարդու գիտակցութեան նկատմամբ: 

Նրանց երկրորդ կոպիտ սխալն այն է, որ թէեւ յաճախ կրկնում են, որ իրենց գաղափարների ու վարքագծի  չափանիշները մարդու կենսաբանական եւ «ռասայական» յատկանիշերը չեն, սակայն «թուրք» ասելով՝ նկատի չունեն միայն լեզուն ու մշակոյթը, այլեւ ազգութիւնը, էթնիկական պատկանելութիւնը եւ «ռասան», այն է՝ նրանք տարբերւում են իրենց շրջապատից, օրինակ՝ միւս իրանցիներից, քրդերից, արաբներից, հայերից եւ այլն (ոչ միայն լեզւի ու մշակոյթի համար):

Նրանք ապրում են այն մտքերով, որ ասես պատմական պահին, լինի դա հազար, թէ ութ հազար տարի առաջ, ինչ-որ մէկը, կամ որեւէ ուժ՝ ամբողջութեամբ սրբել-դատարկել է Ատրպատականը միւս ժողովուրդներից ու ոչ-թուրքերից եւ նրանց փոխարինել ռասայական բնութագրմամբ բոլորովին տարբեր, եւ լեզւով ու մշակոյթով զանազանւող թուրքերով: Նրանց համոզմամբ՝ այդ թուրքերը ոչ մի յարաբերութիւն, համակեցութիւն կամ խառն ամուսնութիւններ չեն ունեցել «հեռու» համարւող ազգերի ու ցեղերի հետ, այլ անընդհատ մրցակցութեան կամ պատերազմի մէջ են եղել բոլորի հետ:

Արդար լինելու համար յիշեցնել է պէտք, որ պատմական Ատրպատականում չի եղել ազգային ու էթնիկ ջարդ: Այս շրջանի հնագոյն ժողովուրդը եւս չի տեղափոխւել այլ վայր։ Սա նոյն ժողովուրդն ու ազգն է, նոյն հնագոյն դիմագծերով ու յատկանիշներով, որոնք ժամանակին խառնւել են նորայայտ թուրքական ցեղախմբերի հետ, եւ արդիւնքում հասակով, արտաքինով, դիմագծերով, աչքերի ու մազերի գոյնով, լեզւով եւ մշակոյթով դարձել է այն, ինչն այսօր տեսնում ենք այդ հազար տարիներից յետոյ:

Նայէք ձեր եւ Կենտրոնական Ասիայի բնակիչների կենսաբանական եւ ռասայական բնութագրերին: Խորասանցիները, «ադրբեջանցիները» եւ Թուրքիայի «տիպիկ» քաղաքացիները այսքան գաղթից ու խառնւելուց յետոյ նմա՞ն են ղազախներին, թուրքմեններին կամ ուզբեկներին։ Նոյնիսկ թուրքերէնն է փոխւել այս հազար տարւայ ընթացքում եւ տարբերւել թուրքախօսների տեղական միւս լեզուներից։

«Թուրք» բառը մեր՝ ադրբեջաներէն ընկալումներում նշանակում է թուրքալեզու, ինչը ճիշտ ձեւակերպում է:  Մենք «ազերի» ենք եւ միայն մեր լեզուն է թուրքերէնը: Այն յատուկ է միային Ատրպատականին, իր անցեալով, պատմութեամբ ու փոփոխութիւններով: Լեզու եւ մշակոյթ, որով մենք հպարտանում ենք։ Մեր ծագումնաբանութիւնը մեր հնագոյն ծագումն է, որը, ինչպէս Իրանի միւս շրջանները, խառնւած է թուրքալեզու ժողովուրդների (միեւնոյն ժամանակ, այլ իրանցի ժողովուրդների հետ): Բայց մեր՝ ատրպատականցիներիս ազգութիւնը չի տարբերւում միւս իրանցիներից, քանի որ մենք բոլորս ունեցել ենք նոյն երկիրն ու միեւնոյն պատմութիւնը։

Գոնէ դուք, որպէս Իրանի ատրպատականցիներ մի պնդէք նոյնը (Զեհթաբիի թէզը): Քանի որ նման պնդումները նոյնքան անհիմն են, որքան թւարկածս սխալներից առաջինը:

Լաւ է թէ վատ՝ դատէք ինքներդ: Բայց արաբա-իսլամական խալիֆայութիւնից յետոյ Իրանի նոր պետականութեան հիմքը դրած Շահ Իսմայիլ Սաֆաւիից մինչեւ Շահ Աբբաս Սաֆաւին (Սեֆիանների շրջան), ինչպէս նաեւ Աբբաս Միրզա Ղաջարի, Սաթարխանի, Խիաբանիի, կամ Մոսադեղի օրօք ատրպատականցի թուրքախօսներն աւելի ընդգծւած իրանցիներ են եղել, քան միւս իրանցիները:

«Ազգութեան» եւ «իրանականութեան» առումով ոչ մի տարբերութիւն թաւրիզեցու եւ ինչ-որ թեհրանցիի կամ շիրազցիի միջեւ: Միայն մեր մայրենին է տարբեր։ Տարբերութիւնը «այս ազգի կամ այն ազգի» մէջ չէ։

«Մենք» ու «նրանց», «մենք անմեղներս» ու «նրանք ճնշողները», «զոհ գնացողներս» ու «շահառուները», եւ վերջապէս «թուրք ազգն» ու «պարսիկ ազգը» ոչ միայն սխալ երկւութեան առիթ է տալիս, այլեւ պառակտման, թշնամանքի եւ բախումների առիթ է դառնում, ինչից տուժելու են ոչ միայն կողմերից որեւէ մէկը, այլ՝ բոլոր իրանցիները:

Ես զարմացած եմ այն բանի վրայ, թէ ինչպէ՞ս են պանթուրքիստները համաձայնւում դա անել սեփական ժողովրդի՝ ատրպատականցիների հետ։

Related Articles

Back to top button