«Ռիբար» տելեգրամային ալիք. ««Զանգեզուրի միջանցք»-ը, որպէս նախագիծ, խոցելի է եւ կախւած է անկանխատեսելի գործօններից»

«ԱԼԻՔ» – «Զանգեզուրի միջանցք»-ով Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են արտահանում կատարել դէպի Կենտրոնական Ասիա, Չինաստան եւ աւելի հեռու՝ շրջանցելով Ռուսաստանը։ Սա պոտենցիալ հարւած է BRICS-ի՝ առանց Արեւմուտքի ճնշման ինքնուրոյն երթուղիներ կառուցելու ջանքերին: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է ռուսական «Ռիբար» տելեգրամեան ալիքը։
Ինչպէս նշում է այն՝ Ռուսաստանը եւ Իրանը BRICS-ի երկու առանցքային անդամներն են, որոնք զարգացնում են երթուղիներ հիւսիսային Եւրասիայի միջով, իսկ միջանցքը կամրապնդի Արեւմուտք-Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա առանցքը, որը կողմնորոշւած է դէպի ՆԱՏՕ, ԵՄ եւ թուրքական աշխարհ։
«Բայց որո՞նք են «Զանգեզուրի նախագծի» խնդիրները։
– Իրականացման դէպքում միջանցքը կանցնի լեռնային շրջանով, որտեղ կան կիրճեր, սողանքներ եւ սէյսմիկ ակտիւութիւն։ Այժմ այնտեղ չկայ անհրաժեշտ ենթակառուցւածք՝ էլեկտրաֆիկացւած երկաթուղու տեսքով։
– Այստեղ աւտոմայրուղիների եւ երկաթուղու կառուցումը պահանջում է թունելներ, կամուրջներ, հակասողանքային համակարգեր. արժէքը կարող է գերազանցել 2-3 միլիարդ դոլարը։ Սա ծախսատար, երկարատեւ եւ տեխնիկապէս բարդ խնդիր է։
– Բեռնափոխադրումների հոսքերը, որոնք կուղղւեն Զանգեզուրով, փոքր են նման մասշտաբային ներդրումների համար։ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ապրանքների այնպիսի ծաւալ չկայ, որ փոխյատուցւի ենթակառուցւածքը, իսկ Թուրքիա կամ Կենտրոնական Ասիա տարանցումն աւելի էժան եւ հեշտ է գործող երթուղիներով (Վրաստան, Կասպից ծով)»,- գրում է «Ռիբար»-ը։
Ալիքն ընդգծում է, որ այս ամէնը, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը վերածում է քաղաքական, այլ ոչ թէ տնտեսական նախագծի։
«Միջանցքն առաջին հերթին «թուրքական անընդյատականութեան» վերաբերեալ Թուրքիայի եւ Ադրբեջանի գաղափարական ծրագիրն է՝ Հայաստանի վրայ ճնշում գործադրելու եւ ներքին լսարանը մոբիլիզացնելու համար։
Բայց որպէս նախագիծ՝ այն խոցելի է, թանկարժէք եւ կախւած բազմաթիւ անկանխատեսելի գործօններից։ Առայժմ այն կը մնայ ռազմավարական ուտոպիա՝ բարձր գնով եւ կասկածելի յատուցմամբ», – գրում է ռեսուրսը։