«Փաստ». Արեւմտեան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան»

«ԱԼԻՔ» – «Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր գլոբալ աշխարհակարգը գտնւում է ակտիւ փոփոխութիւնների փուլում, որտեղ նախկին հաւասարակշռութիւնը խախտւել է։ Միջազգային յարաբերութիւններում ակտիւ տեղաշարժեր են տեղի ունենում, որոնց արդիւնքում առաջ են գալիս լիովին նոր երեւոյթներ։
Միջազգային արենայում շարունակւում է բազմաբեւեռութեան ձեւաւորումը, որտեղ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Եւրամիութեան միջեւ առկայ մրցակցութիւնը նոր հարթութիւն է տեղափոխւում։ Սակայն եթէ նախկինում Արեւմուտքը հանդէս էր գալիս մէկ միասնական ճամբարում՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ, ապա ներկայում իրավիճակ է փոխւել։ Յատկապէս Դոնալդ Թրամփի ընտրութիւնից յետոյ ԱՄՆ-ը սկսել է էականօրէն դիստանցաւորւել Եւրոպայից։ Վաշինգտոնը բացայայտ ուղերձներ է յղում, որ հրաժարւելու է եւրոպական երկրների պաշտպանութեան եւ անվտանգութեան ապահովման բեռի ծանրութիւնը վերցնել իր ուսերին, եւ եւրոպական երկրներն առաջին հերթին պէտք է ձեռնամուխ լինեն սեփական անվտանգութեան ապահովման գործին։
Ըստ այդմ, եւրոպական երկրները մտադիր են էականօրէն աւելացնել իրենց պաշտպանունակութեանն ուղղւած ծախսերը, եւ արդէն քննարկումներ են ընթանում միջոցներ ներգրաւելու շուրջ։ Դիտարկւում է նաեւ համընդհանուր եւրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու թեման: Այս հարցում եւս որոշակի իւրայատուկ ուղղութիւններ են նախանշւում։ Ֆրանսիան ցանկանում է Երոպայի անվտանգութեան ապահովման հարցում առաջատարի դերակատարութիւնը ստանձնել, դրա համար էլ Փարիզից յայտարարում են, թէ իրենք պատրաստ են ֆրանսիական միջուկային զսպման միջոցներն օգտագործել նաեւ այլ եւրոպական երկրների համար։ Արդէն իսկ մամուլում տեղեկութիւններ կան, որ Ֆրանսիան կարող է միջուկային զէնք ունեցող կործանիչներ տեղակայել Գերմանիայում, եթէ ԱՄՆ-ը դուրս բերի զօրքերը տարածաշրջանից։ Գերմանիան էլ իր հերթին չի ցանկանում յետ մնալ ու ձեւափոխել իր զարգացած արդիւնաբերութիւնը անվտանգային համակարգի պահանջներին համապատասխան։
Բայց, ամէն դէպքում, Եւրոպային դժւար փորձութիւն է սպասում, քանի որ տասնամեակներ շարունակ յենւել է ամերիկեան պաշտպանական ռազմարդիւնաբերութեան վրայ, իսկ այդպիսի համալիրի ստեղծումը տեւական ժամանակի հարց է։
Միւս կողմից էլ՝ հէնց Եւրոպայում է պառակտւածութիւն նկատւում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան «բրեքսիթի» գործընթացից սկսած աւելի կողմնակից է ԱՄՆ-ի հետ սերտ յարաբերութիւններ պահպանելուն, ու այս ֆոնի ներքոյ զգացւում են Փարիզի ու Լոնդոնի հակասութիւնները։ Իսկ Արեւելեան Եւրոպայի մի շարք երկրներ, օրինակ՝ Սլովակիան ու Հունգարիան, Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ջերմացման ու ռուսական ռեսուրսներից մեծապէս օգտւելու կողմնակից են։ Դրա համար էլ այս երկրները պարբերաբար արգելակում են ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրւող օգնութեան փաթեթների հաստատումը։ Թէ ինչքան հնարաւոր կը լինի ԵՄ-ի ներսում միասնականութիւնը պահպանել, դժւար է ասել, բայց որոշ փորձագէտներ կարծում են, թէ ԵՄ-ի գործունէութեան մեխանիզմների շրջանակում հնարաւոր են էական փոփոխութիւններ։
Եւրոպայի եւ ԱՄՆ-ի տարաձայնութիւնները նկատելի են նաեւ Ուկրաինայի հարցում։ Թրամփը պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումն իրականութիւն դարձնելու նպատակով ճնշում է գործադրում ուկրաինական եւ ռուսական կողմերի վրայ, որպէսզի ինչքան հնարաւոր է՝ շուտ հրադադար հաստատւի։ Ամերիկեան կառավարութիւնը նոյնիսկ համամիտ է հակամարտութեան հանգուցալուծման այնպիսի տարբերակի հետ, երբ Ռուսաստանը կարող է տարածքային ձեռքբերումներ ունենալ, սակայն Եւրոպայում աւելի կոշտ մօտեցում ունեն այս հարցում՝ նկատի ունենալով, որ դրա արդիւնքում եւրոպական անվտանգութիւնն աւելի խոցելի կը դառնայ։
Դրա համար էլ ԵՄ-ում կողմնակից են պատերազմի երկարաձգմանը, որպէսզի հնարաւորութիւն ստանան թուլացնել Ռուսաստանին, բայց ի վիճակի չեն Ոկրաինային տրամադրել այն չափով ռազմական օգնութիւն, ինչքան ԱՄՆ-ն էր տրամադրում։
Գումարած՝ ԱՄՆ-ը ուկրաինական հարցով տարանջատ բանակցութիւններ է վարում Ռուսաստանի հետ, յետոյ դրա արդիւնքների մասին տեղեկացւում է նաեւ Ուկրաինան։ Բնական է, որ Եւրոպան խանդով է վերաբերւում այս գործընթացին, քանի որ ներառւած չէ Ուկրաինայի հարցով բանակցութիւնների շրջանակում։
Այս ֆոնին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հակադիր կեցւածքներն ազդում են նաեւ այլ ոլորտներում տարւող քաղաքականութեան վրայ։ ԱՄՆ-ի եւ Եւրոպայի «ապահարզանը» տեղի է ունենում նաեւ տնտեսական հարթութեան վրայ։ Թրամփի վարչակազմը մտադիր է նոր մաքսատուրքեր սահմանել եւրոպական երկրներից ներկրւող ապրանքների վրայ, ԵՄ-ից էլ խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկեան արտադրութեան նկատմամբ: