Պուտին. «Ռուսական բանակը ստացել է առաջին սերիական «Օրեշնիկ» համալիրը»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ երկրի զինւած ուժերը ստացել են առաջին սերիական «Օրեշնիկ» միջին հեռահարութեան հրթիռային համալիրը։ Տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նա համալրման մասին յայտարարել է Կարելիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Պուտինի՝ սերիական հրթիռային համակարգն արդէն մտել է արտադրութիւն։
Պուտինը յաւելել է, որ համակարգի տեղակայման վայրը Բելառուսում արդէն որոշւել է բելառուս մասնագետների հետ համատեղ, եւ այդ դիրքերը ներկայում պատրաստւում են. «Մենք, ամենայն հաւանականութեամբ, այդ հարցը կը փակենք մինչեւ տարեվերջ»,- նշել է ՌԴ նախագահը։
«Մենք չենք տատանւում։ Մենք դա անում ենք հանգիստ, շտապելու կարիք չկայ»,- յաւելել է Ալեքսանդր Լուկաշենկօն։ Պուտինը նշել է, որ ամէն ինչ ընթանում է ըստ ծրագրի։
Նշենք, որ հրթիռի գոյութեան մասին յայտնի դարձաւ անցեալ աշնանը, երբ Պուտինը յայտարարեց մարտական պայմաններում Ուկրաինայի տարածքում դրա օգտագործման մասին։ Նա պնդել է, որ արեւմտեան երկրները չունեն «Օրեշնիկ»-ն արդիւնաւէտօրէն խոցելու միջոցներ:
Ըստ հասանելի տւեալների՝ հրթիռը կարող է զարգացնել մինչեւ Մախ 11 արագութիւն, ունի մինչեւ 5.5 հազար կմ թռիչքի հեռաւորութիւն եւ հագեցած է ճիւղաւորւող գլխիկով՝ կառավարւող մարտագլխիկներով։