Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՀՅԴ ՄամուլՔաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պայքարին այլընտրանք չկայ

2026 թւականի խորհրդարանական ընտրութիւններում վերարտադրւելու համար Նիկոլ Փաշինեանը մեծ խաղադրոյք կատարեց, եւ այժմ եկել է այդ մեծ գինը վճարելու ժամանակը։ Խօսքն այս դէպքում այն մասին չէ, որ պաշտօնը եւ դրանից բխող անձնական անձեռնմխելիութեան երաշխիքները պաշտպանելու համար Փաշինեանը դիմեց ընտրական խարդախութիւնների, շանտաժի, սպառնալիքների ու մրցակիցների հետապնդումների՝ բացայայտելով ժողովրդական առաջնորդի, արդարութեան մարտիկի իմիջի քաղաքական ողջ սնանկութիւնը։

Երկրի ղեկավարը ընդգծւած արկածախնդրական վարք դրսեւորեց արտաքին յարաբերութիւնների ոլորտում՝ ակնյայտ դարձնելով թուրք-ադրբեջանցիների եւ Արեւմուտքի բացայայտ քաղաքական ու ֆինանսական աջակցութիւնը, ինչպէս եւ հովանաւորութիւնը Փաշինեանի աղաղակող անօրինականութիւնների հարցում։ Միւս կողմից այդ հովանաւորութիւնն ապահովելու համար դրածոյ ղեկավարը հարկադրւած եղաւ ընդգծւած ձեւով փաստելու Ռուսաստանի հետ եղած տնտեսական, էներգետիկ, ռազմական եւ այլ բնոյթի կապերը խզելու, Անդրկովկասից վերջինիս դուրս մղելու գործում իր ստանձնած պարտաւորութիւններն անշեղօրէն իրականացնելու վճռականութիւնը։ Ռուսաստանի դէմ այս քայլերին Հայաստանի իշխանութիւններին հետեւողականօրէն մղում են, մասնաւորապէս, Թուրքիան ու Ադրբեջանը՝ այն պարագայում, երբ այս երկու պետութիւններն էլ փորձում են Ռուսաստանի հետ պահպանել կեղծ բարեկամութիւնը, երբեք չգնալով ակնյայտ առճակատման։

Ընդգրկւած լինելով հակառուսական ճակատում եւ փայփայելով Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու դարաւոր երազանքը, այս տանդեմը ձգտում է, որ Հայաստանը թշնամանալով Ռուսաստանի հետ հեռանայ ու քաղաքականօրէն հակադրւի նրան, իրենց դիմաց մնայ միայնակ։ Եւ Նիկոլ Փաշինեանը, որպէս նրանց ձեռքին կոյր ու բութ գործիք, իրականացնում է այս հակահայ ծրագիրը։ Թռուցիկ հայեացք նետելով պատմական անցեալին՝ կարող ենք անդրադառնալ, որ մեր նախնիները մահմեդական ովկիանոսում հայութեան համար փրկութիւն չտեսնելով, փորձեցին տարածաշրջան հրաւիրել Եւրոպայի քրիստոնեայ տէրութիւններին, որոնք այստեղ կը մրցակցէին իսլամական աշխարհի հետ, եւ հակադիր շահերի բախման շրջագծում կապահովւէր հայութեան գոյատեւման հնարաւորութիւնը։ 18-րդ դարի սկզբներից, Քրիստոնեայ Եւրոպայից աջակցութեան որեւէ խոստում չստանալով, հայ գործիչները դիմեցին Ռուսաստանին, որը գրեթէ մէկ դար անց յայտնւեց Անդրկովկասում։

Նպատակ չունենք այստեղ պատմական էքսկուրս կատարելու, լաւ յայտնի է նաեւ թէ ռուսական կայսրութեան երկիմաստ քաղաքականութիւնն ինչպիսի կորուստներ է արժեցել մեր պատմական հայրենիքի համար, մանաւանդ Արեւմտեան Հայաստանի ողբերգական ճակատագրում։ Միւս կողմից հնարաւոր չէ ժխտել, որ տարածաշրջանում հէնց ռուսական շահերի հաստատման հետ հնարաւորութիւն ընձեռւեց Արեւելեան Հայաստանի վերահայացման ժողովրդագրական շրջադարձն ապահովել։ Վերջին երկուհարիւր տարւայ ընթացքում, Առաջին Հանրապետութեան կարճատեւ շրջանը չհաշւած, ռուսական ու թուրքական հակադրութեան դաշտում է հայ ժողովուրդը կարողացել ապահովել իր գոյատեւումը։ 1920 թւականին այս երկու ոխերիմ թշնամիները դաշնակցեցին, եւ մեծ խաղերի մէջ մենք կորցրինք մեր պետականութիւնը։ Երկու դարերի ողբերգական ու յաղթական իրողութիւնները նկատի ունենալով, ինչպէսեւ արտաքին այս կամ այն ուժին սիրելու կամ ատելու զգացմունքային զեղումները մի կողմ թողնելով, սառը դատողութեամբ, փաստենք, որ երբ այժմ Հայաստանի իշխանութիւնները ձգտում են ռուսական զինուժը հեռացնել Հայաստանից, նրանք շատ լաւ հասկանում են, որ դրանով բացում են Հայաստանի դարպասները թուրքերի, ինչպէս նաեւ ադրբեջանցիների առջեւ (վերջիններս, արդէն Հայաստանում են)։

Ի դէպ, հայ պատմաբանը, քաղաքագէտը կամ գաղափարական ազդեցութեան ներքոյ գտնւող շարքային հայը, երբ անդրադառնում են պատմական իրողութիւններին եւ հանգում այն եզրակացութեան, որ Ռուսաստանին պէտք է դուրս մղել Անդրկովկասից, կամայ թէ ակամայ դառնում են Նիկոլի քաղաքականութեան դաշնակիցը՝ ռուսական ազդեցութիւնը թուրք-ադրբեջանական ազդեցութեամբ փոխարինելու հարցում։ Առանց չափազանցնելու կարելի է եզրակացնել, որ Հայաստանից ՀԱՊԿ-ի զինուժի հեռացումից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը քաղաքականօրէն կը յայտնւի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի Արեւմտահայաստանի իրավիճակում։ Չեմ ցանկանում որեւէ մէկին վախեցնել. թուրքական զօրքերի ներխուժման եւ մեր երկրում կոտորածներ սարքելու հեռանկարով, նոյնիսկ դրա կարիքը չի լինելու։

Թուրքական տանդեմը Եւրոպայի անունից կը գայ եւ ոչ երկար ժամանակահատւածում Հայաստանը կը կլանի, տնտեսական, էներգետիկ, հաղորդակցական ու սրանցից բխող քաղաքական զէնքերի կիրառմամբ։ Որ Եւրոպան չի գալու այստեղ իր զօրքով մեզ պաշտպանելու, այլ նրա անունից տարածաշրջանում յայտնւելու է թուրքը. այսօր կարծես թէ Նիկոլի աղանդաւորներից բացի, բոլորն են հասկանում, եւ եւրոպացիք էլ չեն թաքցնում այդ հեռանկարը։ Մասնաւորապէս այս մասին յայտարարել է Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Սոյն թւականի յունիսի վերջին, Թուրքիայում գտնւած ժամանակ, Եւրոպայի գլխաւոր դիւանագէտը յայտարարել է, որ Թուրքիան թիւ մէկ ռազմավարական գործընկեր է եւ աւելացրել է. «Նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, պաշտպանութիւնը եւ տարածաշրջանային կայունութեան ապահովումը։

Եթէ խօսենք Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարեւոր դեր է խաղում։ Իսկ եթէ դուրս գանք Մերձաւոր Արեւելքի սահմաններից, ապա կայ նաեւ Կովկասը, որտեղ Թուրքիան նոյնպէս շատ կարեւոր դեր ունի»1)։

Թուրքիան եւ Ադրբեջանը Նիկոլ Փաշինեանի միջոցով կը հասնեն իրենց մէկ այլ վաղուցւայ երազանքի իրականացմանը՝ Հայկական ատոմակայանի փակմանը, ինչը Ռուսաստանի հետ Հայաստանի կապւածութեան կարեւորագոյն եւս մէկ օղակի վերացումը կը նշանակի։ Այս առիթով վկայաբերենք Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը, որը նա արել է Նախիջեւանում, ադրբեջանական հեռուստատեսութեան համար տրւած հարցազրոյցի ժամանակ։ Ադրբեջանի ղեկավարը խօսել է. «Մեծամօրի ատոմակայանի (ԱԷԿ) փակումից յետոյ Հայաստանում էներգետիկ ճգնաժամի ռիսկի մասին եւ յայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրն ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբիւրով»։ Այնուհետեւ նա աւելացրել է. «ադրբեջանցի մասնագէտներն արդէն իսկ անհրաժեշտ հետազօտութիւններ են անցկացրել Հայաստանում եւ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրւել էլեկտրահաղորդման գծերի յենարաններ»։ «Իսկ առաւել ուշագրաւ դրւագն այն է, որ Փաշինեանը, ի պատասխան Ալիեւի յայտարարութեան, նշել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթակառուցւածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացւում։ Իր ընկալմամբ, երկկողմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք անում են Հայաստանի հետ…»2):

Այս շղթայի կարեւոր օղակներից մէկն էլ Հայկական երկաթուղիների հարցն է, որոնց կառավարման իրաւունքը Նիկոլ Փաշինեանը ցանկանում է վերցնել Ռուսաստանից եւ յանձնել Թուրքական պետութիւնների կազմակերպութեան ակտիւ անդամներից մէկին՝ Ղազախստանին։ Հայաստանը թուրք-ադրբեջանական կառավարման յանձնելուց առաջ Նիկոլ Փաշինեանը, ցանկանում է նաեւ երկրի ներսում այնպիսի պայմաններ ստեղծել նոր տէրերի համար, որ վերջինները խնդիր չունենան ոչ երկրի, ոչ էլ նրա կառավարման ղեկին Փաշինեանի մնալու հանգամանքի հետ։ Արցախից յետոյ Փաշինեանը Հայաստանում ոչնչացնում է այն ամէնը, ինչը կապւում է Արցախի եւ Արցախեան պատերազմի հետ։ Որպէսզի թուրքական տանդեմը որեւէ մտահոգութիւն չունենայ, թէ մի օր ազգային ինքնութիւնը հայ ժողովրդի մօտ կարող է արթնանալ, Փաշինեանը փորձում է վերացնել այն ամէնը, ինչը կապւում է այդ ինքնութեան հետ՝ արժէքային համակարգ, ազգային եկեղեցի, պատմական անցեալ։ Քանի որ թուրքերը մշտապէս ցեղասպանութեան հարցի հետապնդումը կապում են Սփիւռքի գործօնի հետ, Փաշինեանը Ցեղասպանութեան հարցի հետ մերժում է նաեւ Սփիւռքը, նրա կապը հայրենիքի հետ։

Երրորդ հանրապետութեան էջի փակումը եւ մոգոնւած 4-րդ հանրապետութեան հռչակման ցանկութիւնը նշանակում է հէնց մերժումը վերը թւարկւած արժէքների, 36 տարւայ անցած ճանապարհի ջնջումը եւ հայութեան վերածումը անհող, անինքնութիւն ու անողնաշար զանգւածի, նոյնպիսի անբովանդակ էութեամբ տարածքի վրայ։ Նիկոլ Փաշինեանը Արեւմտաթուրքական հովանաւորներին ճգնում է հաւաստիացնել, որ եթէ ինքը մնայ, պատրաստ է Հայաստանի հաշւին գնալու ցանկացած տեսակի զիջումների ու փոփոխութիւնների, իսկ իր չլինելու դէպքում կը գան «Ռուսաստանին ծառայող ազգայնականները» եւ ամէն ինչ գլխիվայր շուռ կը տան։ Հնարաւոր պատերազմի մասին Փաշինեանի նախընտրական հիստերիկան ուղղւած էր ոչ միայն ներքին լսարանին, այլեւ ուղերձ էր արտաքին ուժերին, որ իր պարտութեան դէպքում եկող նոր իշխանութիւնների հետ առճակատւելու են, որովհետեւ վերջինները չեն դառնալու արտաքին ուժերի հլու կամակատարը։

Փաշինեանն ասում է, թէ TRIPP-ը Հայաստանի անվտանգութեան երաշխիք է, սակայն այն հսկայական զիջում է, որը կարող էր տեղի ունենալ, օրինակ, ԱՄՆ-ին պատերազմում պարտւելուց յետոյ։ Ժողովրդից գաղտնի՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից Սիւնիքի ընդերքի ազգային հարստութեան հարցում հերթական զիջումն արւեց։ Ընդ որում, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւններին բանի տեղ Դրօշակ Օգոստոս 2026 3 չդնելով՝ պարզապէս Արարատ Միրզոյեանին կանչեցին «Զւարթնոց» օդանաւակայան, որտեղ նա ԱՄՆ պետքարտուղարի հետ ստորագրեց ղազագիր, որից հետոյ Ռուբիոն հեռացաւ Հայաստանից։ Ոչ մի այցելութիւն Հայաստանի Հանրապետութեան պետական հաստատութիւններ եւ ոչ մի դիւանագիտական ընդունելութիւն, եւ ոչ էլ որեւէ պատշաճ արարողակարգ։ Իսկ մի՞թէ արտաքին ուժերի համար դրածոներն արժանի են այդ պատւին։ Փաշինեանն իր բոլոր արտաքին յարաբերութիւնների մէջ Հայաստանի փոխարէն փորձում է բարձրացնել իր արժէքը։ Սա միաժամանակ այն հանգամանքն է, որն, ըստ Փաշինեանի, պէտք է շահագրգռի ամերիկացիներին եւ միւսներին իր իշխանութեան վրայ մնալու հարցում, այլապէս, ուրիշները եթէ գան, կարող են վերանայել հակահայ ու գլխաւորաբար թուրքամէտ գործարքները։

Իրականում հէնց այս է սկզբունքը Նիկոլ Փաշինեանի վարած 8-ամեայ արտաքին քաղաքականութեան՝ համոզել արտաքին ուժերին, թէ իրենց շահերի առումով միայն Փաշինեանի իշխանավարումն է նպաստաւոր, այլապէս միւսները չեն ենթարկւի եւ կը պաշտպանեն Հայոց պետութփան ինքնիշխան շահերը։ Ինչպէս մեր ասելիքի սկզբում նշեցինք, Նիկոլ Փաշինեանը մեծ գրաւ դրեց եւ այժմ կանգնած է մեծ գին վճարելու իրողութեան առջեւ։ Նա իր բոլոր յայտարարութիւններով խաբեց ժողովրդին, եւ այդ խաբէութիւններն այսօր դուրս են եկել ջրի երես։ Նա չկարողացաւ շտկել յարաբերութիւնները Ռուսաստանի իշխանութիւնների հետ եւ լայն առումով, վերջինի շուկայի փակւելու հետ, ոչ միայն հայ արտադրողն է մնում առանց եկամտի, այլեւ Հայաստանը զրկւում է հսկայական առեւտրաշրջանառութեան օգուտներից։ Նիկոլ Փաշինեանը խաբեց խոստանալով, թէ Հայաստանի առջեւ կը բացւեն Եւրոպական շուկաների դռները, լաւ իմանալով, որ Եւրոպան անորոշ հեռանկարում նման բան թոյլ չի տայ։ Իշխանութիւնն ուզուրպացրած ղեկավարը խօսեց կայացած խաղաղութեան ու բարիդրացիութեան մասին, իսկ դրա դիմաց այսօր նրանից թուրքական տանդեմը պահանջում է նորանոր եւ անյապաղ զիջումներ՝ անկլաւների յանձնում, Ադրբեջանի ցանկացած Սահմանադրութեան ընդունում, ադրբեջանցիների վերադարձ, հայ եկեղեցու եւ հայ ազգային-պետական գործիչների հալածանք եւ այլն։

Այս իշխանութիւնը սարսափի ու կատաղութեան նոպա է ունենում, երբ քաղաքական գործիչը, վերլուծաբանը, սփիւռքահայը, հոգեւորականն ու պարզ քաղաքացին որեւէ ակնարկ են անում Արցախի ու արցախահայութեան իրաւունքների, հայ ժողովրդի անցեալի յաղթական էջերի կամ թէ Ցեղասպանութեան վերաբերեալ, աղաղակելով, թէ դա վտանգում է խաղաղութեան գործընթացին։ Միեւնոյն ժամանակ իրեն խուլի ու հիմարի տեղ է մեր երկիրը Արեւմտեան Ադրբեջան յայտարարելու, Հայաստանից կենսական նշանակութեան զիջումներ պահանջելու ամենօրեայ խօսոյթի ու գործողութիւնների պարագայում, որոնք գեներացւում, գործնականօրէն զարգացւում ու պաշտօնական բնոյթ են ստանում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։ Ուրեմն սա՞ է կայուն խաղաղութիւնը եւ այսպիսի խաղաղութիւնը պահպանելու երաշխիքը։

Նիկոլ Փաշինեանի իրարայաջորդ, ռեպրեսիւ գործողութիւնները ցոյց են տալիս, որ նա այրում է օրինականութեան եւ արդարադատութեան հետ ունեցած բոլոր կամուրջները եւ գնում է վա բանկ՝ երբ իր դաւաճանական, անօրէն քայլերի համար պատասխանատւութիւնից խուսափելու միակ միջոցը իր իշխանութեան ժամկէտը հնարաւորինս երկարաձգելն է։ Որքան արտաքին գործօններն աւելի ճնշեն Փաշինեանին, նա աւելի շատ է գնալու ներքին հալածանքների։ Նա փորձելու է շեղել ժողովրդին արտաքին լրջագոյն խնդիրներից, փորձելու է չէզոքացնել ժողովրդական կազմակերպւած ըմբոստացման հնարաւորութիւնը, ի սկզբանէ զրկելով հաւանական շարժումներին հաւանական ղեկավարութիւնից, ինչպէս եւ սարսափ սերմանելով ստիպել, որ պարզ մարդկանց մտքով իսկ չանցնի վատթարացող իրավիճակը չհանդուրժելու գաղափարը։

Փաշինեանն ընտրութիւններում դէմ առ դէմ առերեսւեց իր նկատմամբ ժողովրդի ատելութեանը, բայց որովհետեւ ողջ ժողովրդին պատժել չի կարող, վայրենի կրքով փորձում է նսեմացնել ազգային աչքի ընկնող գործիչներին։ Վերջիններիս խորապատկերի վրայ ընդգծւում էր, Փաշինեանի բռի-գեղջկական, սանձարձակ եւ դատարկ էութիւնը։ Եթէ միւսները խօսում էին Հայաստանի զարգացման ծրագրերից, 8 տարւայ վարչապետը շարունակում էր հայհոյել նախկիններին, սպառնալ, թէ կը նստացնի, կը կզացնի, ունեցածները ձեռքերից կը խլի։ Կարելի է ասել, որ խարդախութեամբ ընտրութիւնների արդիւնքները սեփականած Փաշինեանի համար սկսւել է քաղաքական հոգէվարքը, որը կարող է երկար տեւել, եթէ կուտակւած հասարակական էներգիան գեներացնող չլինի։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ է համախմբւած ազգային ուժերի միասնական պայքար, ինչը կիրականացւի երկարատեւ ժամանակի համար կազմւած գործողութիւնների ճանապարհային քարտէզով։ Պէտք է ընդունենք, որ դժւարին մարտահրաւէրների առջեւ է ոչ միայն իշխանութիւնը, այլեւ ընդդիմութիւնը։ Իրականութիւնը թելադրում է նաեւ ընդդիմութեան անելիքը, որը նոյնպիսի քննութեան առջեւ է քաղաքական դաշտում իր առաքելութեան իրականացման հարցում։

Ընդդիմութեան անունից հանդէս եկող մի շարք ուժեր ու անհատներ նախընտրական շրջանում իրենց քննադատութեան սլաքն ուղղել էին աւելի շատ մրցապայքարի մէջ մտած ազգային ուժերի դէմ, դրանով ոչ միայն պառակտելով ազգային ընդդիմադիր դաշտը, այլեւ տրամաբանական հարց ծնելով, թէ իրականում ում հետ են եւ ում դէմ են իրենք։

Առաջատար ընդդիմադիր ուժերը պէտք է միաւորեն քաղաքական-հասարակական դաշտը, որտեղ այսօր առողջ ուժեր եւ բազմաթիւ կարող անհատներ կան, ինչպէս եւ հսկայական դժգոհ ժողովուրդ, որի մօտ կամաց-կամաց հասունանում է դժգոհութիւնը նաեւ ընդդիմադիր դաշտի կրաւորական պահւածքի համար։ Անցած ընտրութիւններում ընդդիմութեան անվիճելի յաղթանակին խանգարեցին նաեւ փոքր ուժերի ու անհատ գործիչների մասնաւոր յաւակնութիւնները եւ մասնատւած գործունէութիւնը։ Այնինչ Հայաստանի այսօրւայ տագնապալի իրավիճակը բոլոր առողջ ազգային ուժերին պարտադրում է յաւակնութիւնները առժամանակ մի կողմ թողնել եւ համախմբւել յանուն երկրի փրկութեան։ Խնդիրների լուծումը ժամանակի դատին թողնելը յանցանք կը լինի պետութեան ճակատագրի հանդէպ։ Մինչեւ ընդհուպ 2023 թւականի աշունը դժւար էր հաւատալը, թէ մենք ամբողջովին կը կորցնենք Արցախը (յուսանք ժամանակաւորապէս)։ Այսօր էլ կարծես չենք ցանկանում ընդունել, որ լինել-չլինելու ճակատագրական իրողութեան առջեւ է Հայաստանի Հանրապետութիւնը։ Գործնական եւ հրապարակային պայքարը այլընտրանք չունի, իւրաքանչիւրը պէտք է յանձնի իր քննութիւնը կամ մի կողմ քաշւի։

«Դրօշակ» թիւ 8 2026 թ.

—————————-

Ծանօթագրութիւններ

  1. https://iravunk.com/?p=343746&l=am (մուտք՝ 28.08.2026)։
  2. https://hraparak.am/am/post/5950ffdc3ffa7d680b8400b297a322aa), (մուտք՝ 28.08.2026)։

Related Articles

Back to top button