Բագրատ Սրբազան. «Ընդդիմադիրների հետ վարչապետի թեկնածուի անուններ չենք քննարկել, իսկ ՔՊ-ի հետ հանդիպման ցանկութիւն չեմ յայտնել»
«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երէկ՝ սեպտեմբերի 16-ին այցելել է ՀՀ ԱԺ, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանական ընդդիմութեան հետ:
«Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտաւորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցութիւնների հետ։ Քննարկելու ենք առաջիկայ գործողութիւններին իրենց անելիքներն ու հասկանանք, թէ ինչ ճանապարհով են առաջ գնալու»,- հանդիպումների մեկնարկից առաջ, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է Սրբազանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան հետ փակ հանդիպումից յետոյ Սրբազանը լրագրողներին ասել է. «Քննարկել ենք հնարաւոր քաղաքական լուծումներն ու տարբերակները, նաեւ իրենց դերակատարութիւնն այդ ամբողջ գործընթացի մէջ: Եզրահանգումը մեր գործողութիւններով է պայմանաւորւած»: Նա նաեւ յաւելեց, որ վարչապետի թեկնածուի անուններ չեն քննարկւել:
Հարցին՝ ի՞նչ սպասել աշնանը, նա պատասխանել է. «Մեր գործողութիւնների մանրամասներ չեմ կարող ասել: Մարդիկ կը գան, ովքեր հաւատում են, պայքարի մէջ են, որոնք կարծում են, որ այս պայքարն անհրաժեշտութիւն է, այս մարդկանց հեռացնելը անհրաժեշտութիւն է, նրանք ներկայ են միշտ»:
Եթէ ցանկանում են, թող գան ու հանդիպեն
Պատասխանելով ՔՊ խմբակցութեան հետ հանդիպման հնարաւորութեան մասին հարցին, Բագրատ Սրբազանը նշել է, որ ինքը նման հանդիպման ցանկութիւն չի յայտնել. «Ես գտնւում եմ ԱԺ շէնքում, այդ բոլոր զազրախօսները, որ կային այս շէնքում, սենեակներում ծւարած, մեր հաշւին փող աշխատող, հիմա ասելիք կունենա՞ն, էդ որ հեռուստատեսութեամբ իրենց պատառոտում են, ունե՞ն ասելիք, թող գան ասեն:
Իրենք ամենավերջին խօսքերով, լուտանքներով առիւծ կտրած խօսել են, հիմա այստեղ եմ: Եթէ ցանկութիւն ունեն այդ նոյն խօսքերը նորից ասելու, խնդրեմ:
Եթէ մեզնից վախ չունեն, թող մեր մասին չխօսեն: Մի բան, որ չկայ, դրա մասին խօսո՞ւմ են, չեն խօսում: Եթէ ասում են, որ ծրագիր չկայ, շատ լաւ, ինչո՞ւ են խօսում այդ թեմայով:
Ես այս պահին ցանկութիւն չեմ յայտնել ՔՊ-ի հետ հանդիպելու, դուք հարցրել էք, ես էլ ասել եմ՝ ես շէնքում եմ: Այսօրւայ այցելութեան ծիրից ներս ես իրենց հետ հանդիպում չեմ նախատեսել: Բայց հնարաւորութիւնը տալիս եմ, որ ամբիոնից ճչալու փոխարէն ես հիմա շէնքում եմ»:
Մեր պայքարը եռաշերտ է
Բագրատ Սրբազանը կրկին խօսել է պայքարի բովանդակութեան եւ ձեւի մասին՝ նշելով պայքարը եռաշերտ է նման չէ մինչ այս եղած բոլոր արդար պայքարներին:
«Այստեղ գոյութիւն ունի առաջին հոգեւոր, բարոյական շերտը: Իր նկարագրով այս պայքարն ազգային-ազատագրական է, որովհետեւ չարիքից պէտք է ազատւենք: Եւ երրորդ՝ քաղաքական լուծումն է: Բոլոր քաղաքական ուժերի, ներառեալ ԱԺ խմբակցութիւնների հետ յատկապէս այդ քաղաքական լուծման, այդ բանալի շերտի մասին է լինելու մեր խօսակցութիւնը նաեւ»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ քաղաքական լուծումը ենթադրում է ԱԺ-ում վարչապետին անվստահութիւն յայտնելու գործընթաց, արդեօ՞ք ՔՊ-ականները կը միանան դրան, Բագրատ Սրբազանն ասել է. «Ամէն ինչ կեանքում քարի վրայ գրւած չէ: Ես, իհարկէ, գիտեմ, որ ոմանք այս կողմ չեն անցնի, որովհետեւ իրենց համար իրենց ստանալիք գումարները, մանաւանդ 50 հազար հիփոթէք ունեցողները, որ պէտք է փակեն մեր կեանքի հաշւին, շատ աւելի կարեւոր է, քան պետութեան գոյութիւնը:
Մարդիկ ասում են՝ հիփոթէք ենք վերցրել, բա ինչո՞վ փակենք: Ոչինչ, որ երկիրը կործանւում է, մենք մեր հիփոթէքը կը փակենք»:
Ես յաւակնութիւն չունեմ քաղաքական առաջնորդ լինելու
«Ծրագիրը մէկն է՝ չարիքի հեռացումը. Մնացած բոլոր մանրամասնութիւնները ես ներկայացրել եմ. ներկայացրել եմ հաշտութեան կառավարութեան տեսիլքը, թէ ինչպիսին պէտք է լինի եւ ինչ պէտք է անի»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով. «Ներկայացրել եմ նոյնիսկ մեր պատկերացումները ապագայ, գալիք Հայաստանի մասին: 22 կէտով մէկ անգամ, 26 կէտով յաջորդ անգամ, երեք անգամ ներկայացրել եմ»:
Դիտարկմանը, որ շատերն ընդունում են նրան որպէս հոգեւորական, բայց ոչ՝ քաղաքական առաջնորդ՝ Սրբազանն արձագանգեց. «Ես յաւակնութիւն չունեմ քաղաքական առաջնորդ լինելու, ի սկզբանէ դրա մասին ասել եմ»:
Իսկ թէ արդեօք վարչապետի թեկնածուի փոփոխութեան օրակարգ կայ՝ Բագրատ Սրբազանն ասել է. «Վարչապետի թեկնածու կայ, թէ ոչ, դա պայմանական է, ինձ համար վերջնարդիւնքն է կարեւոր:
Եթէ մարդիկ պատասխանատւութիւն կը ստանձնեն, կը ցանկանան՝ շատ սիրով, որեւէ մէկի համար արգելք չկայ, եւ ես դա ճիշտ եմ համարում»:
Ինչ վերաբերում է իր նախկինում արած յայտարարութեանը, թէ Փաշինեանին 7 օր է տալիս հրաժարականի, չի ցանկանում փողոցում լինել, հարցին՝ չի՞ յաջողւել իշխանափոխութեան հասնել, Սրբազանն ասել է՝ իհարկէ չի յաջողւել. «Մենք քաղաքական գործիչների՝ վերջին յոյսով՝ բարոյագիտական բարձր ընկալումներն ու պետական մտածողութիւնն էինք հաշւի առել, որ այս մարդիկ ի վերջոյ կը հասկանան, որ մեր երկրում իրենք չեն կարող այսպէս աղէտի մէջ շարունակել այս ժողովրդին տանել, բայց՝ պարզւեց՝ մենք սխալւել ենք, մենք աւելի բարձր կարծիք ենք ունեցել իրենց մասին:
Կը յաջողւի, ամէն ինչ էլ յաջողւում է կեանքում: Ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով ձգտում է հասնել: Իշխանափոխութիւնն անհրաժեշտ է, իսկ եթէ անհրաժեշտ է, ուրեմն հնարաւոր է»:
Նա նշել, որ պայքարի մարտավարութիւնը փոխւել է, որովհետեւ իրենց դիմաց արիւնատենչ ժողովրդասպան, ստախօս իշխանութիւն է:
ՀԱԿ-ի հետ խօսել ենք. տարբեր մօտեցումներ են եղել
«Մեր երկրում գոյութիւն ունեն քաղաքական ուժեր, ներառեալ նախկին նախագահները, մենք առաջին իսկ պահից ասել ենք, որ սա բոլորի շարժումն է, ոչ ընդդիմութեան, ոչ որեւէ կուսակցութեան, եւ սա նաեւ չակնկալիքների պայքար է»,- յայտնել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի հետ իր հանդիպումը չի նշանակում, որ իրենց շարժման թիկունքում հէնց նախկին նախագահներն են կանգնած:
«Մենք այդ սկզբունքը պահել ենք, եթէ տեսնում էք՝ շարժման մէջ տարբեր գաղափարական կողմնորոշման, երբեմն հակադրութիւնների մէջ գտնւող ուժեր կան: Ինչպէս ես շարժման ժամանակ հանդիպել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանին, այնպէս էլ մեր համակարգող խորհրդի հետ համախորհուրդ, պայքարի այս ընթացքը շարունակելու համար որոշել ենք քաղաքական դաշտի բոլոր գործողների հետ հանդիպել:
Աջակցութեան կամ չաջակցութեան հարց չկայ: Առաջին իսկ օրից ես ասել եմ, որ եթէ նոյնիսկ ես մենակ լինեմ, այս պայքարը պէտք է շարունակւի: Սա ինձ համար նաեւ իմ կենսագրութեան մասին է»:
Հարցին՝ նախկին նախագահներն իր հետ հանդիպման ժամանակ յայտարարել են, որ աջակցո՞ւմ են շարժմանը, նա արձագանգել է. «Քանի որ հանդիպումը փակ է եղել, ես իրաւասու չեմ մանրամասների մասին խօսելու: Խնդիրը աջակցել-չաջակցելը չէ, խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թէ մենք ուր ենք գնում: Մեր երկրում բազմաշերտ քաղաքական դաշտ գոյութիւն ունի, ներառեալ նախկին նախագահները»:
Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ չհանդիպելուն, Սրբազանն ասել է. «Երբ իրենք կարձագանգեն: Ես խօսել եմ ե՛ւ Լեւոն Զուրաբեանի հետ, ե՛ւ նախագահի գրասենեակի ղեկավարի հետ: Անձնական յարաբերութիւնները շատ նորմալ են: ՀԱԿ-ի տղաների հետ հանդիպել ենք, տարբեր մօտեցումներ են եղել, որոշ հարցերի շուրջ համաձայնել ենք, որոշների հետ չենք համաձայնել: Յարգելի պատճառներ կան»: