Տգիտութեան մարաթոնի հերթական ձեւակերպումը ստիպում է արձագանգել

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Լաւ ապրել՝ նշանակում է թոյլ չտալ, որ պատերազմ սկսւի, կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել՝ թոյլ չտալով ահռելի զոհեր ու կորուստներ։
Հնարաւոր չէ լաւ ապրել, երբ 5000-ից աւելի զոհեր ես տւել։
Լաւ ապրել հնարաւոր չէ, եթէ քո հայրենիքի մի մեծ, թանկ հատւած աչքիդ առաջ քանդում են։
Լաւ ապրել հնարաւոր չէ, երք Բաքւում դատում են քո հայրենակիցներին։ Ինչքան էլ փող աշխատես ու ինչքան էլ կուշտ լինես, երբ քո արժանապատւութիւնը ստորացնում են, հնարաւոր չէ լաւ ապրել։
Լաւ ապրել հնարաւոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կը յարձակւի։ Նորմալ մարդը չի կարող լաւ ապրել այս պայմաններում։ Դա ամէոբայի երջանկութիւն է։
Հնարաւոր չէ լաւ ապրել, երբ ամբողջ Հայաստանով եռագոյն դրօշով հազարաւոր շիրիմներ են։
Եւ վերջապէս, քանի որ կրթւելը հիմա նորաձեւ է ու աստիճանաբար սկսում ենք առնչւել ժամանակակից աշխարհի տենդենցներին, ապա արժի յիշել, որ զարգացած հասարակութիւնները հասել են այն գիտակցութեան, որ լաւ ապրելն ու երջանիկ լինելը փողը չէ պայմանաւորում։ Մարդիկ չեն ուզում շատ փող ունենալ, այլ՝ առողջ միջավայր, սոցիալական երաշխիքներ, սոլիդ իշխանութիւն, ինքնադրսեւորւելու հնարաւորութիւններ, ամէն օր պատերազմ չունենալու հնարաւորութիւն։
Կան երկրներ, որտեղ շատ փող ունենալը ամօթ է։ Կան երկրներ, որոնք սահմանափակում են շատ փող ունենալու հնարաւորութիւնը, օրինակ՝ մեր սիրելի Ֆրանսիան։
«Լաւ ապրելը հաւասար է լաւ ուտելուն» քարանձաւային մտածողութիւնը պէտք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միաւորներով, որոնք հայ ժողովրդին ասելու այլ բան կունենան ու Հայաստանին սազող գաղափարներով կը գան իշխանութեան։
Altprojects.am