Տաթեւիկ Հայրապետեան. «Ուշադիր պէտք է հետեւել նրան, թէ ինչ է Ալիեւն ասում ներքին սպառման համար, դա հէնց իր քաղաքականութեան ամենայստակ ու ուղիղ ցուցիչն է»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանցի պաշտօնեաների՝ արտաքին լսարաններին տւած հարցազրոյցները վերլուծելիս միշտ պէտք է յիշել մի կարեւոր փաստ՝ Բաքուն վարւում է այնպէս, ինչպէս Ալիեւը խօսում է ներքին լսարանի համար, ընդ որում՝ վերջերս նա ուղիղ դա խոստովանեց իր ելոյթում»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը։
«Յուլիսի 19-ին օկուպացւած Ստեփանակերտից հնչեցրած իր ելոյթում Ալիեւը բառացի ասել է. «Ես մի անգամ փակ դռների հետեւում հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում 2020-ից յետոյ, բայց մինչեւ 2023 թւականը, երբ քննարկւում էր իրավիճակը եւ երբ դեռեւս այստեղ՝ Խանքենդիում, կային անջատողականներ, այդ երկար զրոյցի ընթացքում ասացի մի բան, որը ես նաեւ հրապարակայնօրէն էի ասել։ Եւ երբ իմ եւրոպացի գործընկերը պատասխանեց՝ «բա յետոյ՞ ինչ», ես ասացի՝ ես երբեք չեմ ստում իմ ժողովրդին։ Ահա թէ ինչ եմ ասել։ Եւ սա իրականում ճիշտ է։ Իսկ հիմա՝ որպէս ձեր հարցին պատասխանելու նախաբան, կասեմ, որ ես փորձում եմ երբեք չստել նաեւ իմ միջազգային գործընկերներին։ Իհարկէ, եթէ դա հնարաւոր է․․․»։
Իրականում ադրբեջանական կողմը որպէս կանոն ստում է միջազգային գործընկերներին, նրանք իմիտացրել են Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացը, շարունակ փախել խաղաղ կարգաւորման ամենամօտ թւացող լուծումներից, յետոյ՝ միջազգային՝ իրենց համար բարենպաստ իրավիճակում գնացել պատերազմի։ Հէնց «Եւրոնիւսին» տւած հարցազրոյցում Ալիեւն ուղիղ տեքստով խոստովանել էր, որ պատերազմը եղել է իր կեանքի առաքելութիւնը։
Դրանից ուղիղ էլ ինչպէ՞ս ասի։ Այնպէս որ ամենից ուշադիր պէտք է հետեւել նրան, թէ ինչ է Ալիեւն ասում ներքին սպառման համար, դա հէնց իր քաղաքականութեան ամենայստակ ու ուղիղ ցուցիչն է, մնացածը ՀՀ ԱԳՆ սիրած տերմինով ասեմ՝ ծխածածկոյթ է, ուրիշ ոչինչ»,- գրել է Հայրապետեանը։