ՄիջազգայինՄշակութային

Պաղեստինցի լուսանկարիչ. «Այստեղ կատարւածի միակ ապացոյցը լուսանկարները կարող են լինել»

«ԱԼԻՔ» – Գազայի հատւածում տիրող անմարդկային վիճակի մասին «Առաւօտ» օրաթերթը զրուցել է պաղեստինցի ճանաչւած լուսանկարիչ Ռամեզ Հաբբուբի հետ: Ուշագրաւ եւ ցնցիչ հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ:

Լուսաբացը տեսա՞ր, երաշխիք չկայ, որ մայրամուտն էլ կը տեսնես՝ «Առաւօտ»-ի հետ բացառիկ հարցազրոյցում կիսւում է պաղեստինցի ֆոտոլրագրող, շրջափակւած Գազայի բնակիչ Ռամեզ Հաբբուբը։

Գազայի հատւածի՝ աւերակների վերածւած լինելու մասին տեղեակ ենք բոլորս, սակայն 2.1 մլն մարդկանց տառապանքների իրական ծաւալը յաճախ անհնար է փոխանցել ընթերցողին։

 

-Ինչպէ՞ս կը նկարագրէք առօրեայ կեանքը Գազայում՝ ռմբակոծութիւնները, մահերը, սպանութիւնները եւ այն ամէնը, որի մասին մենք անտեղեակ ենք Գազայից դուրս։

-Գազայում ապրել նշանակում է ամէն առաւօտ ստուգել՝ հարեւաններդ դեռ ո՞ղջ են, նշանակում է տեղեկանալ, որ մի ամբողջ ընտանիքի անդամների անունները մէկ ակնթարթում հեռացւել են քաղաքացիական ռեգիստրից։

Այստեղ ապրել նշանակում է՝ ապրել հիմնականում առանց հոսանքի, նշանակում է մաքուր խմելու ջուր փնտրել եւ չգտնել, նշանակում է կերակուր պատրաստել փայտածուխի վրայ՝ ոչնչացւած տների փլատակների կողքին։

 Գիշերն՝ իրական քուն չկայ։ Սպասում ենք այն հրթիռին, որը կարող է փոխել ամէն ինչ։ Քո երեխաների, քո տան, քեզ համար վախը երբեք չի լքում սիրտդ։

Աշխարհն անտեղեակ է, որ փլատակներում ողջ մնացածներին ոչ ոք չի կարողանում փրկել, անտեղեակ է, որ մայրերը ժամեր շարունակ նստում են իրենց երեխաների մարմինների կողքին, քանի որ շտապ օգնութեան մեքենաները հասանելիութիւն չունեն։

Սա կեանք է՝ շրջապատւած անվերջանալի մահերով եւ յոյսին կառչելու անկոտրում պայքարով, անգամ այն ժամանակ, երբ իրավիճակը թելադրում է, որ յուսալու տեղ այլեւս չի մնացել։

-Աստծու կամքով, պատերազմը մի օր կաւարտւի։ Երկիրը հնարաւոր է վերակառուցել, բայց Ձեր սերնդին, այսօրւայ պաղեստինցի երեխաներին կը յաջողւի՞ հոգեբանօրէն վերականգնւել գրեթէ երկու տարի ձգւող պատերազմի ահից՝ սովից, տեղահանումից, ռումբերից, ԱԹՍ հարւածներից, ընկերների, հարազատների, հարեւանների մահից։

-Գազայի երեխաներն այսօր ապրում են մի աշխարհում, որտեղ ապահովութիւն հասկացութիւն գոյութիւն չունի։ Նրանց մանկութեան անբաժանելի մասն են ԱԹՍ-ների ձայներն ու հրետակոծութիւնները։ Իրենց աչքերի առջեւ անհետացել են ընկերներ եւ հարազատներ։ Նրանք դիմակայել են տեղահանմանը, վախին, քաղցին։ Նրանք տեսել են, թէ ինչպէս են իրենց տներն աւերւում։

Այս սերունդը մտքում կը կրի անկորչելի յիշողութիւններ՝ սգաւոր մայրերի արտասուքը, երեխաների մասունքները փլատակներում եւ ահաբեկելի գիշերներն առանց էլեկտրականութեան եւ տանիքի։ Նման տրաւմաները չեն վերանում պատերազմի աւարտի հետ։ Դրանք դառնում են յիշողութեան եւ հոգեբանական կառուցւածքի մաս։

-Հաշւի առնելով իսրայէլական հարձակումներն ու սովը՝ Գազայի բնակչի միակ նպատակն այսօր ողջ մնա՞լն է։ Դպրոցներ, այլ կրթական հաստատութիւններ, մզկիթներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ գործո՞ւմ են։

-Գազայի ժողովրդի մեծամասնութեան համար գլխաւոր, եւ յաճախ միակ, նպատակը ողջ մնալն է՝ մի կտոր հաց կամ մի կում մաքուր ջուր ճարելն է, հրետակոծութեան ժամանակ կենդանի մնալն է։

Դպրոցների, այլ կրթական հաստատութիւնների, մշակութային կենտրոնների, մզկիթների եւ եկեղեցիների մեծամասնութիւնն ամբողջապէս ոչնչացւել կամ լրջօրէն վնասւել է: Տեւական ժամանակ է, ինչ կրթութիւնը կանգ է առել։ Կանոնաւոր դասեր չկան, եւ զանգւածային տեղահանման եւ ենթակառուցւածքների փլուզման պայմաններում՝ չկայ կրթական համապատասխան միջավայր։

 Ամփոփ՝ մշակութային, կրթական, կրօնական կեանքը Գազայում գրեթէ լիապէս կանգ է առել, քանի որ օրւայ միակ առաջնահերթութիւնը սովի եւ ռմբակոծութեան եւս մէկ օր գոյատեւելն է։

-Դուք ֆոտոլրագրող էք։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր կեանքը մշտապէս վտանգւած է։ Ի՞նչն է մոտիւացնում Ձեզ՝ աշխատելու համար։ Դա պարտաւորւածութեան զգացո՞ւմ է։ Ագրեսիայի ֆոնին՝ ի՞նչ կարեւորութիւն ունի ֆոտոլրագրութիւնը։

-Այո, իմ կեանքը մշտապէս վտանգւած է։ Սա չափազանցութիւն չէ։ Ես տեղաշարժւում եմ ռմբակոծւող եւ ոչնչացւող կէտերի միջեւ՝ երբեմն դէպքի վայր ժամանելով աւելի վաղ, քան շտապօգնութիւնը…։

Ճշմարտութիւնը լուսաբանելու եւ աշխարհի համար անտեսանելին ցոյց տալու համար ինձ առաջ է մղում պատասխանատւութեան խորը զգացողութիւնը։ Այստեղ կատարւածի միակ ապացոյցը լուսանկարները կարող են լինել։

Ես կարծում եմ՝ իմ դերը միայն ֆոտոլրագրողը չէ։ Ես մի ամբողջ ժողովրդի ողբերգութեան վկաներից եմ, ինչպէս նաեւ միջոց, որով ձայնազուրկները ձայն հանելու հնարաւորութիւն կունենան։ Լուսանկարը լոկ շրջանակ չէ։ Այն վկայութիւն է պատմութեան համար։

Վախի եւ ամենօրեայ կորուստների պայմաններում՝ վաւերագրելը դիմադրութեան ձեւ է։ Եթէ անգամ ֆոտոները կարող չեն դադարեցնել ռմբակոծութիւնը, դրանք պարունակում են ճշմարտութիւնը եւ պատին դէմ տալիս ստերին եւ անտարբերութեանը։ Այդ պատճառով եմ ես շարունակում, չնայած ցաւին եւ չմարող վտանգին։

-Ինչպէ՞ս էք Դուք եւ Ձեր ընտանիքն անցկացնում առօրեան։ Ի՞նչ էք մտածում, զգում, ապրում։

-Այսօր ես ապրում եմ մի կեանք, որն անճանաչելի է։ Ռմբակոծութեան ժամանակ կորցրի տունս եւ տեխնիկաս։ Տարիներիս կառուցածը մէկ վայրկեանում ի չիք դարձաւ։ Ընտանիքիս հետ միասին մէկ անգամից աւելի տեղահանւել եմ։

Մենք սկսեցինք ապրել վրանում։ Շատ պարզունակ կեանք է՝ հազիւ երեխաներին բաւարարող հացի փշրանքների կամ մաքուր խմելու ջրի համար երկար հերթեր, օրէցօր ուժգնացող տապ, գիշերային անդադար վախ։

Ամենադժւարը տունը կամ սարքաւորումները կորցնելը չէ, այլ ապահովութեան զգացողութեան իսպառ վերացումը։ Մենք չունենք մի վայր, որը կարող ենք «ապահով» համարել։ Երկնքում թռչող օդանաւի ձայնը կարող է նշանակել, որ արդէն վերջն է։

Ամէն դէպքում, ի հեճուկս տեղահանմանը, կորուստներին եւ գերհոգնածութեանը՝ մշտապէս ինձ մօտ եմ պահում ֆոտոխցիկս կամ, գոնէ, մի կիսատ աշխատող հեռախօս՝ փորձելով ֆիքսել ամէն հնարաւորը։ Իմ կարծիքով՝ միայն դա կարող եմ անել՝ ականատես լինել, վաւերագրել, ցուցադրել, թէ ինչ է կատարւում մեզ հետ։

Ճիշտ է՝ մենք կորցրել ենք մեր տները, բայց մենք չենք կորցրել մեր ձայնը, անգամ եթէ խօսում ենք վրաններից։

-Վերջերս հայերը նոյնանման ողբերգութեան վկան դարձան։ Իննամսեայ պաշարումից յետոյ 120,000 հայեր Ադրբեջանի կողմից բռնի տեղահանւեցին հազարամեակների պատմութիւն ունեցող Լեռնային Ղարաբաղից։ Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, այսչափ ողբերգութիւններ տեղի ունենում այսօր՝ 21-րդ դարում, երբ ներդրւած են միջազգային ենթադրեալ մեխանիզմներ, որոնց նպատակն է՝ ագրեսիւ յանցաւոր պատերազմների եւ ցեղասպանութիւնների կանխումը։

-Ճիշտ է՝ մենք ունենք միջազգային իրաւունք եւ ինստիտուտներ, որպիսիք ՄԱԿ-ն են, բայց օրէնքները յաճախ կիրառւում են ընտրողաբար՝ մեծ խաղացողների շահերի հիման վրայ։

Օրէնքը անբաւարար է առանց քաղաքական անկեղծ կամքի եւ օրէնքները կիրառելու խիզախութեան։ Այդ պատճառով, շարունակում ենք տեսնել այն, ինչ կատարւեց Լեռնային Ղարաբաղում եւ այն, ինչ կատարւում է Գազայում։ Մինչ դա, աշխարհը բաւարարւում է դատապարտող յայտարարութիւններով։

Օրէնքները գոյութիւն ունեն, սակայն իրական արդարադատութեան եւ միջազգային անկեղծ ճնշման բացակայութեամբ՝ օրէնքներն անզօր են յանցագործութիւնները եւ ցեղասպանութիւնները կանխելու հարցում։

Համատեքստ

Սննդի բացակայութիւնն ու թերսնուցումը բնակիչների մահերի պատճառ է դարձել։ Սննդի մատակարարման ՄԱԿ-ի ծրագրի՝ UNRWA-ի, կողմից Գազայի բնակիչների համար գործում էին սննդի տրամադրման 400 կէտ։ Դրանք մայիսին փակւել են Իսրայէլի պարտադրանքով։ Գազայի հատւածի 363 քկմ-ի եւ երկու միլիոն բնակչութեան համար գործում է սննդի տրամադրման ընդամէնը չորս կէտ։ Դրանք համակարգւում են Իսրայէլի եւ Միացեալ Նահանգների հաւանութեանն արժանացող, փետրւարին հիմնադրւած Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) կողմից։

Բրնձի, ոսպի, լոբու, մակարոնեղէնի, հացի համար անծայրածիր հերթերում սպասելիս մարդիկ թիրախաւորւում են ՑԱԽԱԼ-ի կողմից։ Հերթերում Իսրայէլի կրակից զոհերի թիւը հատում է հազարը։ Յուլիսի 16-ին 21 պաղեստինցի զոհւել է հերթերում հրմշտոցից։

Առաւել խոցելի են նորածինները։ Իսրայէլը չի թոյլատրում մանկական ֆորմուլայի ներկրումը Հատւած։

Յուլիսի 21-ին Միացեալ Թագաւորութեան, Աւստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ 24 այլ պետութիւնների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները համատեղ  յայտարարութեամբ շեշտել են Գազայում պատերազմն անմիջապէս աւարտելու հրամայականը։

«Օգնութեան մատակարարման իսրայէլական կառավարութեան մոդելը վտանգաւոր է, սնուցում է անկայունութիւն եւ Գազայի բնակիչներին զրկում մարդկային արժանապատւութիւնից։ Մենք դատապարտում ենք մանր ծաւալներով օգնութեան մատակարարումը եւ իրենց ամենահիմնարար՝ ջրի եւ սննդի կարիքները քաղաքացիական անձանց, այդ թւում՝ երեխաների, անմարդկային սպանութիւնները»,-նշւում է յայտարարութեան մէջ։

Իսրայէլի վրայ ՀԱՄԱՍ-ի յարձակումից՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից, ի վեր Գազայի հատւածում զոհւածների թիւը գրեթէ 60,000 է։ Հեղինակաւոր իրաւապաշտպան կազմակերպութիւններ, այդ թւում՝ Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը Գազայում Իսրայէլի գործողութիւնները նկարագրելիս կիրառում են «ցեղասպանութիւն» եզրը, իսկ արաբական Al Jazeera լրատւականն էլ Գազայում ահագնացող թերսնուցումը կոչում է ցեղասպանութիւն՝ սովի միջոցով։

Զրոյցը՝ ԱՐՍԷՆ ԱՅՒԱԶԵԱՆԻ

Լուսանկարը տրամադրել է  Ռամեզ Հաբբուբը

Related Articles

Back to top button