Ժաննա Ալեքսանեան. «Մարդկանց լուռ մերժումը եւ ատելութիւնը Նիկոլի եւ Աննայի հանդէպ մի օր պայթելու է»

«ԱԼԻՔ» – Այս իշխանութեանը ժողովուրդը չի հետաքրքրում։ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն անձնականացւած է, եւ տեսանելի է, որ այն առաջնորդւում է իր անձնական շահերով։ Ժողովուրդը, մարդը նրան չեն հետաքրքրում։ Ինչ մտածում է, ինչ խելքին փչում է, որ րոպէին ինչ ուզում է՝ անում է, եւ իրեն ամբողջութեամբ դուրս է դրել օրէնքից։ Սա անպատկերացնելի է, բայց իրականութիւն է։ Ժողովուրդը երբեւէ նրա յենարանը չի էլ եղել, անընդհատ խաբել են եւ շարունակում են խաբել։ Սա այն դէպքն է, երբ իշխանութիւնն այլասերութիւն է, իսկ բացարձակ իշխանութիւնը՝ բացարձակ այլասերութիւն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել իրաւապաշտպան Ժաննա Ալեքսանեանը։
«Վերջին շրջանի ձերբակալութիւնների եւ կալանաւորումների մէջ ամենաշատն ապշեցնում են դա հաւանողները, դրա կողմնակիցները, նրանց սուտը, կեղծիքը։ Շատերը սովորեցին, նա շատերին սովորեցրեց դրան, ենթակայ դարձրեց իրեն։ Մենք սովոր ենք հիմնաւորումները տեսնել, եւ ամէն ինչ նրա ասածով չպէտք է ընդունենք։ Այդ մոլուցքով են ներկայացնում ենթադրեալ ահաբեկչութեան նախապատրաստումը՝ որպէս իրողութիւն։ Սովոր ենք, որ քննութիւն պէտք է լինի։ Երբ քաղաքական քարոզչութիւնը գերակայում է իրաւականին, դա միանշանակ շատ կասկածելի է։ Երբ յետեւում ես, ուզում ես տեսնել, թէ ինչ հիմքով, հիմնաւորումներով է արւում այդ ամէնը, բայց տեսնում ես, որ ուղղակի դատարկութիւն է»,- ասել է հասարակական գործիչը։
«Փաշինեանը պատկերացում չունի անմեղութեան կանխավարկածի մասին։ Այս երկիրը չի ղեկավարւում, իսկ մարդիկ կրակն են ընկել։ Նա իր բնական վիճակի մէջ է, եւ նրա համար ոչ մի կաշկանդող բան չկայ։ Նրա միջավայրն է թոյլ տւել, որ նա այդկերպ լկտիանա, շփւի խուլիգանական բառապաշարով, յետոյ ասի՝ լաւ, հինգ օր այդպէս չեմ խօսի։ Երբ նա մի բառ է ասում, թիմակիցն աւելի վատ բառ կարող է ասել։ Ամէն ինչ արժէզրկել, ապականել, անարգել են։ Պէտք է ազատւել այս իշխանութիւնից։ Եկեղեցու դէմ այս արշաւի հետ կապւած՝ բոլորը տագնապ ունեն, սպասում են՝ ինչ է լինելու։ Լաւ է, որ միւս կողմում հանգստութիւն կայ, դա մարդկանց լուռ մերժումն է, որը մի օր պայթելու է։ Նա, իհարկէ, հանգիստ չի տայ իր իշխանութիւնը։ Անպատկերացնելի էր, որ կարող է գա, այս աստիճանի աւերի երկիրը, համակարգերը, դատարանները»,- նշել է Ժաննա Ալեքսանեանը։
Իրաւապաշտպանի կարծիքով՝ պէտք է հասկանալ, թէ ինչու մեզ մօտ դատական համակարգը չի կայանում. «Մարտի 1-ի դէպքերից յետոյ անթիւ-անհամար կալանաւորումներ էին, դատաւորներն անխօս կատարում էին հրահանգները։ Ինչո՞ւ համակարգը չի զարգանում։ Մի փուլն անցնում է, գալիս են նոր նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւններ, եւ եթէ նոյնիսկ դատական համակարգն ուզում է իր մէջքը շտկել, չի կարողանում, քանի որ վրայ է հասնում մէկ ուրիշը։ Մնացական Մարտիրոսեանին նշանակեցին Երեւանի քրէական դատարանի նախագահ։ Երեւի անհանգստութիւն ունէր, որ իր դատաւորին չէր գտնի, բայց գտաւ, կամ ինչ-որ կապեր ունի հետը։ Նիկոլ Փաշինեանը կապեր ունէր եւ ունի այդ բոլորի հետ։ Շատ տխուր է, որ մեր երկիրն այս վիճակում է յայտնւել, երբ նա անարգում է ամէն ինչ»:
«Դու ո՞վ ես, որ կաթողիկոսին մեղադրում ես կուսակրօնութեան խախտման համար, նա քե՞զ է այդ խոստումը տւել։ Քեզ ի՞նչ ես երեւակայում, ի՞նչ ես քեզնից ներկայացնում։ Նրանք ոչինչ չեն կարող անել եկեղեցու դէմ։ Ժողովրդի մէջ այնպիսի ատելութիւն եւ թշնամանք կայ նրանց հանդէպ, որ մարդիկ շատ ծանր են տանում այս ամէնը։ Անբարոյականը բարոյականութիւն է պահանջում։ Չլսւած բան է, որ ինքն իրեն Յիսուսի հետ է համեմատում։ Ո՛չ իր, ո՛չ կնոջ մէջ սէր չկայ, եւ դա էլ է պատիժ, միայն չարութեան պոռթկումներ են»,- ամփոփել է Ժաննա Ալեքսանեանը: