Քաղաքական

Զանգեզուրի ճանապարհի վերաբերեալ Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շփոթեցնող ու հակասական յայտարարութիւնները

Եթէ շփոթւած էք Զանգեզուրի ճանապարհի վերաբերեալ հայ, թուրք եւ ամերիկացի պաշտօնեաների հակասական յայտարարութիւններից, ապա դուք մենակ չէք։

Պատմութիւնն սկսւեց 2020 թւականի նոյեմբերի 9-ին՝ Արցախի շուրջ պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտութիւնից յետոյ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Այդ համաձայնագրի 9-րդ յօդւածում նշւած էր. «Ապաշրջափակւում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղութիւններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնն իրականացւում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները։ Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովւելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնն Ադրբեջանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցութիւննների շինարարութիւնը»։

Ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կրկնեց իր սխալ պնդումը, թէ 2020 թւականի համաձայնագրում Ռուսաստանը չի յիշատակւում, լրագրողներից մէկը հարցրեց՝ արդեօք նա կընդունի միջազգային վերահսկողութեան իրականացում Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վրայ Հայաստանի տարածքով։ Փաշինեանը մերժեց այդ գաղափարը։

Յուլիսի 1-ին վերլուծաբան Օլեսիա Վարդանեանը յօդւած հրապարակեց Carnegie Russia-Eurasia Center-ի համար, հաղորդելով, որ ԱՄՆ-ն առաջարկում է Զանգեզուրի երթուղու միջազգային կառավարում, մի գաղափար, որը նախկինում առաջ էր քաշել Եւրամիութիւնը: Վարդանեանը յուլիսի 2-ին «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը յայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշ Հաքը առաջարկը ներկայացրել է հայ եւ ադրբեջանցի պաշտօնեաներին մայիսեան իր այցի ժամանակ: Անանուն աղբիւրը յուլիսի 14-ին Middle East Eye-ին յայտնել է, որ սկզբնապէս Թուրքիան էր առաջարկել այդ ծրագիրը՝ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերքումներին: Middle East Eye-ը յաւելել է. «Հայկական կողմը պահանջել է, որ [ամերիկեան] ընկերութիւնը աշխատի նաեւ միջանցքի Նախիջեւանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքւի համար»:

Յատկանշական է, որ Պետդեպարտամենտը հրաժարւել է հաստատել Քարնեգիի զեկոյցը։

Այնուհետեւ յուլիսի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը անսպասելի եւ վիճայարոյց յայտարարութիւն արեց։ Նա միացաւ բանավէճին՝ ասելով. «Թուրքիան եւ Հայաստանը դեռեւս տուժում են հին տպաւորութիւնից՝ կապւած ցեղասպանութեան հետ, որը Թուրքիան իրականացրել է Հայաստանի նկատմամբ …․ Նրանք [Հայաստանն ու Ադրբեջանը] վիճում են 32 կիլոմետր երկարութիւն ունեցող ճանապարհի [իրականում՝ 43 կմ] շուրջ, բայց սա կատակ չէ։ Սա տեւում է արդէն մէկ տասնամեակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհ։ Այսպիսով, Ամերիկան գալիս է եւ ասում. «Շատ լաւ, մենք վերցնում ենք այն։ Տւէք մեզ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալութեան եւ դուք բոլորդ կարող եք օգտւել դրանից»։ Սակայն այս ցեղային տեսակէտները չեն մարում։ Մենք մտանք մի «e pluribus unum»-ի [շատերից՝ մէկը] մէջ։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է հրաժարւել զանգւածներից մէկի համար: Այն գոյութիւն ունի Ամերիկայում: Այնտեղ այն գոյութիւն չունի: Անհատը, ընտանիքը, ցեղը, եւ յետոյ ազգը …․ »։

Արտառոց է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, այլ ոչ թէ Պետդեպարտամենտն է յայտարարութիւններ անում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերեալ արտաքին քաղաքականութեան մասին: Սա ակնյայտօրէն դուրս է նրա իրաւասութիւնից: Միեւնոյն ժամանակ, Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները լռում են: Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է անփորձ անշարժ գոյքի ներդրողին խիստ կարեւոր դիւանագիտական պաշտօնի համար: Բարաքը նախկինում ներգրաււած է եղել մի քանի սկանդալների մէջ: Նա մի անգամ կանչւել է Կոնգրեսի յանձնաժողովին ցուցմունք տալու այն ժամանակւայ գլխաւոր դատախազ Էդւին Միզի տան գնման հետ կապւած կասկածելի նւէրի վերաբերեալ: 2021 թւականին Բարաքին մեղադրանք է առաջադրւել օտարերկրեայ պետութեան գործակալ լինելու, արդարադատութեանը խոչընդոտելու եւ իրաւապահ մարմիններին կեղծ յայտարարութիւններ անելու համար: Հետագայում նա արդարացւեց դատավարութիւնից յետոյ:

Աւելի անհանգստացնողն այն է, որ յուլիսի 11-ի իր հարցազրոյցում Բարաքը հայերին նկարագրել է որպէս «ցեղային տեսակէտ» ունեցողների, ինչը խորապէս վիրաւորական դիտողութիւն էր լիբանանեան ծագում ունեցող եւ Լոս Անջելէսի բնակչի կողմից, որտեղ գտնւում է աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մէկը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարեանը Azatutyun.am-ին ասաց, որ Երեւանը դէմ չէ «արտապատւիրակել» որոշակի գործառոյթներ որեւէ լիցենզաւորւած միջազգային ընկերութեան։ Նա նշեց, որ մի շարք երկրներ ներկայացրել են առաջարկներ, որոնք ներկայումս քննարկւում են։

ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Անի Բադալեանը հաստատեց, որ «տարբեր միջազգային գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ, այդ թւում՝ երկու երկրների միջեւ տրանսպորտային ենթակառուցւածքների ապաշրջափակման վերաբերեալ»։

Սակայն յուլիսի 14-ին Փաշինեանի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը հակասեց ինչպէս Սաֆարեանին, այնպէս էլ Բադալեանին․ «Այդ առաջարկն անընդունելի է Հայաստանի Հանրապետութեան համար… [որը] չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի իր սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողութիւնն արտապատւիրակելը»։ Նա յաւելեց. «Հայաստանի օրէնսդրութիւնը թոյլ է տալիս միայն գիւղատնտեսական նշանակութեան հողերի վարձակալութիւն՝ հողագործութեան նպատակով, ինչի պատճառով դեսպանի [Բարաք] առաջարկն oրինականօրէն իրագործելի չէ»։

Նախագահ Էրդողանը Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովի ժամանակ եւս մէկ շեշտադրում աւելացրեց. «Չնայած Հայաստանն ի սկզբանէ դէմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ աւելի ճկուն մօտեցում է ցուցաբերում»։ Սա համընկնում է Փաշինեանի յայտարարութեանը, որում նա պատրաստակամութիւն է յայտնել հեշտացնել ադրբեջանական տարանցումը Հայաստանի տարածքով։

Իրավիճակն աւելի խճճւեց, երբ նախագահ Թրամփը յուլիսի 14-ին յայտարարեց. «Եւ մենք լուծել ենք եւս մէկ խնդիր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Թւում է, թէ այն մօտ է լուծմանը, յաջող լուծմանը»։ Շատ վերլուծաբաններ սա կապում են նրա՝ Նոբելեան խաղաղութեան մրցանակի ձգտման հետ։

Փաշինեանը հակասեց իր խօսնակին յուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ ԱՄՆ-ի առաջարկն ընդունելի է Հայաստանի համար: Նա սխալմամբ նոյնացրեց ճանապարհի վարձակալութիւնը Հայաստանի օդանաւակայանի, ջրային համակարգի, երկաթուղու եւ փոստային ծառայութիւնների արտաքին կառավարման հետ:

Երբ լրագրողները փորձեցին ԱՄՆ պետքարտուղարութիւնից պարզաբանում ստանալ, այն կրկին հրաժարւեց մեկնաբանել՝ առաջարկելով կապ հաստատել Սպիտակ տան հետ։

Յուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս մէկ անգամ միջանցք պահանջեց Հայաստանի տարածքով. «Մեր քաղաքացիներն ու բեռները ամէն անգամ չպէտք է տեսնեն հայ սահմանապահի դէմքը։ Սա մեր պահանջն է։ Սա օրինական պահանջ է, արդար պահանջ։ Հակառակ դէպքում մեր քաղաքացիները վտանգի մէջ կընկնեն»։

Համատարած ապաշնորհութիւնն ու անհետեւողականութիւնը խառնաշփոթ են առաջացրել հասարակութեան մէջ, քանի որ բոլոր կողմերից հակասական ազդանշաններ են գալիս, իսկ վստահութիւնն ու յստակութիւնը բացակայում են։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button