ԱտրպատականՄշակութային

Տարին փակւեց լացով ու ողբով

Գազայում թափւող եւ տարիք ու սեռ չճանաչող առօրեայ արիւնը, կրօնական այլազանութիւնն էլ է մոռացել: Քրիստոնեայ եւ մուսուլման կրօնների հետեւորդներ, որոնք պաղեստինեան Գազայի տարածքում դարերով Աստծուն են կանչել, հիմա միայն Աստծուն ունեն իրենց պահպանելու խոստում տւող: Աշխարհի մարդկութեան խիղճը սառել է, որի հետեւանքով լեզուն կապ է եկել, աչքերը կուրացել եւ ականջները խլացել: Հոտառութի՞ւն էլ է գործից ընկել, մտածում է մարդ, որով կարող է վառօդի ու ծծմբի հոտը քաշելով զգաստանալ, ու մարդկային կեանքեր փրկելու առաքելութիւն կատարել:

Կանայք, նորածիններ, երեխաներ, պատանիներ եւ կեանքին նոր բացւող երիտասարդութիւն պաղեստինեան հողամասերում, ամէն օր ենթարկւում են սիոնիստական կառավարութեան անմարդկային կոտորածին:

Այո՛, սխալւե՛ց աշխարհը, Հայոց Ցեղասպանութիւնը անպատիժ թողնելով, որովհետեւ ցանկացած անպատիժ մնացած գործ, անպայման կրկնւելու է պատմութեան ընթացքում:

Այո՛, սխալւե՛ց աշխարհը, երբ հայի արդարութիւն կանչող աղաղակների առջեւ մինչեւ այսօր փակել է իր ականջները եւ աշխարհաքաղաքական ինչ-ինչ հաշիւներով անպատիժ թողնում ցեղասպանին:

Այո՛, սխալւեց աշխարհը, որովհետեւ յանցագործին անպատիժ թողնելով, նոր յանցագործութիւնների պատճառ է հանդիսանում, նոր յանցագործներին անուղակիօրէն հրաւիրելով հրապարակ:

Այո՛, սխալւեց աշխարհը, որն հակառակ ինքն իրեն քաղաքակիրթ ու զարգացած դարի սերունդ համարելու յաւակնութեան, ինքնահարստացման համար զէնքի արտադրութիւնից բացի, աւելի շահաբեր գործ չի՛ կարողանում ստեղծել այս մոլորակում:

Տարին փակւեց, սակայն մարդկային արեան հոսքը չդադարեց: Գերպետութիւն լինելու ամբարտաւան մօտեցումը որոշ երկրների պարագայում, անիմաստ եւ անտեղի հպարտութիւն է սրանից յետոյ, առանց մարդկային իրաւունքների եւ արդարութեան: Կենդանիների եւ բնութեան հանդէպ արտայայտւող գութն ու խիղճը անիմաստ թատրոնի պատկերացում են միայն, երբ մարդկային սպանդի նկատմամբ անխիղճ ու անգութ մօտեցումը այնքան բնական է դարձել, նոյնիսկ ինք իրեն քաղաքակիրթ համարող աշխարհում…:

Այո՛, նոյն քաղաքակիրթ աշխարհը չէ՞ր, որ աւելի քան երեսուն տարիներ անտեսեց մի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, եւ նրա պապենական հողամասի սեփական ուժերով զարգացման ճիգը մի օրում մոռացաւ…:

Քաղաքակիրթ նոյն աշխարհը չէ՞ր, որ հեռուստացոյցից հետաքրքիր մի տեսաժապաւէն դիտելու հանգոյն, փոքր պաստառի վրայ նայեց շուրջ 120 հազար հայերի տեղահանութեան եւ բռնագաղթին: Այո՛, նոյն աշխարհն էր, որովհետեւ նա արդէն աւելի քան 100 տարւայ փորձ ունէր եւ մասնագէտ էր դարձել ցեղասպանութիւնների, բռնագաղթերի եւ աքսորի դէպքում լուռ մնալու գործում:

Աշխարհի վերոյիշեալ փորձառութիւնների հետեւանք է այն, որը տեսնում ենք այսօր Գազայում, երբ կին ու երեխայ կոտորւում են անխնայ: Կաթնակեր մանուկը իր մօր կրծքի վրայ է մահանում, իսկ ողջ մնացածը արդէն ծնող չունի եւ մնացել է օտար մարդկանց խղճի ձեռքը…:

Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար…: Արդարութի՞ւն ենք փնտրում այս անարդար ու անիրաւ աշխարհում, երբ միայն ու միայն սեփական շահի ու խղճի անտարբերութեան վկաներն ենք հանդիսանում ամէն րոպէ…:

Տարին փակեցինք լացով ու ողբով: Սակայն մեր յոյսը դրած Աստծու ամենազօր ուժի վրայ, լուսազգեստ ու պայծառ ենք տեսնում գալիքը՝ ապագան, որը նոր՝ 2024 տարեթւով է բացւելու մեզ համար:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն
«Արտազ» ամսագիր (թիւ 12, դեկտեմբեր 2023 թ.)

Related Articles

Back to top button