Արամ Մանուկեան. «Քիստը հանած մեղւի նման մեզ ոչնչացնում են՝ պահելով իշխանութիւնը»
Անկախութեան հռչակագրում զետեղւած են մեր ժողովրդի երազանքները, ազգային տեսլականը։ Անկախութիւնն անգնահատելի արժէք է, որը մեր ժողովուրդը աւելի քան երեք տասնամեակ պահպանում է արեան գնով։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկեանը, որն ընթերցել է ՀՀ անկախութեան հռչակագիրը, Panorama.am-ի հետ զրոյցում նշել է, որ, այդուհանդերձ, այսօր հասարակութիւնն իրեն անկախութեան լիարժէք տէր չի զգում այն չափով, որքանով կը ցանկանար ինքը տեսնել։
«Տարիներ շարունակ այնքան աղբ են լցրել մեր ժողովրդի գլխին եւ հակաանկախական քարոզ տարել, որ կոմպլեքսները, որոնք կային մինչեւ շարժումը, վերականգնւել են ժողովրդի մօտ՝ «մեզ տէր է պէտք», «մեզ պէտք է մէկը փրկի», «մենք ոչինչով մեղաւոր չենք», «ուրիշներն են մեզ բերել այս դժբախտութիւններն ու պարտութիւնները», որով մեր ժողովրդին բերել են ինքնամերժման։ Արդիւնքում՝ հասարկութիւնը չի տեսնում, որ ինքն է իր երկրի տէրը եւ պատրաստ է դրա համար զոհաբերւել։ Այս առումով շատ դժւար է եւ «Աւգեան ախոռներ» կան մաքրելու, քաղաքացու մէջ ձգտումն ու արժանապատւութեան զգացողութիւնը խեղդւած են»,- ասել է Մանուկեանը։
Նրա գնահատմամբ՝ թէեւ հիմա շատ դժւար է լինելու հասարակութեան շրջանում մաքրել կարծրացած մտքերը, սակայն անհնարին ոչինչ չկայ։ Նա հաւատացած է, որ կորցրածը հնարաւոր է վերադարձնել։
«Անկախութեան զգացողութիւնը բնազդային զգացողութիւն է՝ լաւ եւ ինքնուրոյն ապրելու։ Այն ոչ մի ազգի մօտ երբեք չի վերանում։ Այն կարող է քչանալ, խեղճանալ, բայց երբեք չի ոչնչանում։ Եթէ այդ բջիջների վրայ աշխատանք տարւի՝ մարդկանց, դպրոցականներին, ուսանողներին ոգեշնչեն, բացատրեն դրա կարեւորութիւնը, ես լաւատես եմ, եթէ 88-ին կարողացանք այդպիսի հասարակութիւն ունենալ, որ 2 մլն. քւէով կերտեց իր անկախութիւնը, ապա խելօք, գրագէտ եւ հետեւողական աշխատելու դէպքում՝ կարող ենք այդ արդիւնքն ունենալ։ Այսինքն՝ կորուստներ ունենք կամ կորուտների ճանապարհին ենք, բայց այն անվերադարձ չէ»,- յաւելել է նա։
Հարցին, թէ Անկախութեան հռչակագրի փատաթղթի հետ կապւած հնարաւոր փոփոխութիւններին ինչպէ՞ս էք վերաբերում, արդեօ՞ք, Սահմանադրութեան հետ համատեղելիութեան խնդիրներ ունենք, Արամ Մանուկեանն ասել է․ « Չկա այդպիսի խնդիր, դա բլէֆ է, ադրբեջանցիների պահանջն է, որին 100 տոկոսով իր համաձայնութիւնն է արտայայտում Նիկոլ Փաշինեանը։ Նրա բոլոր գործողութիւններն են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից թելադրւում, միայն թէ կարողանայ իշխանութիւն պահել, Արեւմուտքի պահանջներին համընթաց լինի, Թուրքիայի՝ ատոմակայանի, էկոլոգիայի, սահմանների, մետալուրգիական գործարանի չկառուցման եւ այլ բազմաշերտ պահանջներին համահունչ լինեն, քանի որ այդ մարդկանց խօսնակը մեր երկրի իշխանաւորն է։ Սա Հայաստանի նւաստացման ճանապարհ է, ոչ թէ՝ քաղաքականութիւն կամ «խաղաղութեան օրակարգ»։ Դրանք բլէֆ առաջարկներ են, որոնք խաղաղութեան հետ կապ չունեն»։
Մանուկեանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինեանն այսօր «օգտակար» գործիչ է ադրբեջանցիների համար, քանի որ հերթով կատարում է իրենց պահանջները։
«Իրենք շատ լաւ բռնել են այդ գիծը, քանի որ Նիկոլ Փաշինեանն ուղղակի համաձայն է այդ պահանջներին։ Իսկ իրաւաբանական առումով՝ ասենք, թէ Սահմանադրութիւնից այդ հռչակագիրը հանւեց, դրանից յետոյ այն չի՞ մնում որպէս հիմնարար փաստաթուղթ՝ ծննդական մեր երկրի ստեղծման համար։ Մնալու է չէ, ի՞նչ էք անելու, ուտելո՞ւ էք այդ փաստաթուղթը, չէ որ Անկախութեան հռչակագիր կայ։ Դրանք պատրւակներ են եւ լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն իշխանութեան է եւ անընդհատ զիջելու է։ Մեր ժողովրդի մեղքն էլ այն է, որ այդ պարտւած իշխանութեանը ձայն տւեց։ Պարտւած իշխանութեանը ձայն տալով տէր կանգնեցինք պարտութեանը, ինչը երազային կարող էր լինել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար»,- ասել է Մանուկեանը։