
(Լէոնիդ Ենգիբարեանի նովէլներ)
ԴՈՒ, ԵՍ ՈՒ ԻՄ ՏԽՐՈՒԹԻՒՆԸ
Սրճարանը դատարկւում է։ Շարժւում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրութիւնը։
Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրութիւնը…
Ըհը՜, դու արդէն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
Սրճարանը դատարկւում է։ Շարժւում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրութիւն։
ԱՂՋՆԱԿԻՆ, ՈՐ ԹՌՉԵԼ ԳԻՏԻ
Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
Եթէ օդում մի վայրկեան մէկը կանգ առնի, կողքից միւսը կը զարկի։
Դրանցից մէկը մայրդ է տւել քեզ։
Նա կարողացաւ դա անել, որովհետեւ տասնինը տարի առաջ կարողացաւ սիրել, սիրել… Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։
Իսկ երկրորդ սիրտդ տւել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։
Նրանք կողք կողքի են, թէ մէկը կանգ առնի, միւսը կը զարկի։
Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով, դա հասկանալի է իւրաքանչիւրին։
Իմ սիրտը՝ քո կրծքում։
ՄԻ՛ ՆԵՂԱՑՐԷՔ ՄԱՐԴՈՒՆ
Իզուր, հէնց էնպէս մարդուն նեղացնել պէտք չի, որովհետեւ դա շատ վտանգաւոր է։ Յանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու յատկապէս, եթէ դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կը նեղացնէք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, յետոյ միւսը, ու աշխարհում կը պակասի գեղեցիկ երաժշտութիւնը, կը պակասեն լուսաւոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լաւ մարդիկ էլ կը պակասեն։
Իհարկէ, մէկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամէն մէկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիւ, պէտք չի, յանկարծ ու…
Մի՜ նեղացրէք մարդուն, պէտք չի…
Դուք էլ այնպիսին էք, ինչպիսին նա է։
Լա՜ւ նայէք իրար, մարդի՜կ:
ԱՐՏԻՍՏԻՆ
Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դաւաճանի քեզ:
Կը ձանձրացնի յարմարաւէտութիւնը, սէրը կը սառի, եւ կը մնայ միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռւում՝ յոյս, յոյս, որ նորից կը լինի սէր, կը լինի անդորր…
Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից անհանգստութիւնը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սէրն ու անդորրը ընդամէնը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:
ԳՐՊԱՆԱՀԱՏԸ
Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթէ երջանիկ:
Միայն թէ ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։
Առաջ երեկոյեան Երկրի վրայ համբուրւում էին, իսկ առաւօտեան կռւում էին հանգիստ սրտով, քանի որ գիտէին, որ երէկ համբուրւել են, եւ իրենցից յետոյ նոյնպէս կը գտնւի կռւող։
Աշխարհն այն ժամանակ ահաւոր ողջամիտ էր։