Անդրանիկ Թեւանեան. «Թէ ինչպիսին կը լինի 2024-ը, կախւած է մեզանից»
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանեանն իր «Ֆէյսբուք»-եան էջում ուղերձ է յղել.
«2024-ը կարող է զգուշաւոր լաւատեսութեան տարի լինել, կարող է նաեւ աւելի սարսափելի դառնալ, քան 2023-ն էր։ Ամէն ինչ կախւած է մեզանից։
Յարգելի՛ հայրենակիցներ,
Մի քանի ժամից կաւարտւի չարաբաստիկ 2023-ը, որը հայ ժողովրդի պատմութեան ամենասեւ ու խայտառակ էջերից կարելի է համարել։ Սեւ, որովհետեւ Արցախը կորցրեցինք։ Եւ խայտառակ, որովհետեւ Հայաստանում դեռեւս իշխում է պարտութեան խորհրդանիշը։
Արցախի հայաթափումը միայն տարածքային կորուստ չէ։ Դա մեր գոյաբանական հարցն է։ Այս յանցագործութեան գլխաւոր պատասխանատուն ու մեղաւորը յայտնի է բոլորին, սակայն մեղքի իր բաժինն ունի նաեւ մեր երկրի քաղաքական վերնախաւը, որը նախ ծնեց այս չարիքին, ապա չկարողացաւ կանխել աղէտը:
Արցախի հայաթափման ճանապարհային քարտէզի իրագործումը սկսւեց 2018–ի մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում, եւ աւարտւեց 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրագայում։
Արցախի հետ տեղի ունեցածը ոչ միայն յիմարութեան ու դաւաճանութեան համադրութիւն էր, այլ նաեւ ամբողջ քաղաքական դաշտի դեֆոլտը։ Դա էր պատճառը, որ ամիսներ առաջ հիմնեցինք «Մայր Հայաստան» շարժումը: Մեզ յաջողւեց շատ կարճ ժամանակահատւածում քաղաքական դաշտում ֆիքսել մեր տեղն ու դերը, քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել շարժումը, սակայն մենք այդքանով, բնականաբար, չենք բաւարարւելու, քանզի «Մայր Հայաստան» շարժման գլխաւոր առաքելութիւնն ամբողջական իշխանափոխութիւնն է, որը մեր երկրի անվտանգութեան ու խաղաղութեան ապահովման գլխաւոր երաշխիքն է։
Բարեբախտաբար, մեր ժողովրդի մեծամասնութիւնն արդէն հասկացել է, որ խաբւել է լիդերի ընտրութեան հարցում. ողջ ժողովրդին ընդմիշտ խաբել հնարաւոր չէ:
Մեզ անհրաժեշտ է՝
-Վերականգնել գլխաւոր հարցերում մեր ժողովրդի միասնականութիւնը, որը յաջողւեց կազմաքանդել այս հինգ տարիների ընթացում:
-Վերականգնել մեր ժողովրդի հաւատը սեփական պետութեան եւ ապագայի հանդէպ:
-Վերականգնել մեր պետական կառոյցները, որոնք կաթւածահար վիճակում են այսօր եւ յատկապէս վերականգնել բանակը, որի հանդէպ վստահութիւնը գրեթէ զրոյական վիճակում է:
-Վերականգնել վստահելի յարաբերութիւնները մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Այդ յարաբերութիւնները միտումնաւոր փչացւում են։
-Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը մեր երկրում ոչ թէ պէտք է հակադրել, այլ փորձել համադրել։
-Պէտք է շարունակել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը՝ չփակելով Արցախի հարցը, եւ միջազգային ասպարէզում ակտիւօրէն աշխատելով արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համար:
Յարգելի՛ քաղաքացիներ,
Եթէ երկրի անվտանգութիւնը հարցականի տակ է յայտնւում, ապա անիմաստ է խօսել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին: Այսօրւայ տնտեսական աշխուժութիւնն ի հեճուկս անարդիւնաւէտ կառավարման է արձանագրւում՝ պայմանաւորւած շինարարութեան անհամաչափ աճով ու Արեւմուտք-Ռուսաստան հակամարտութեան յարակից դրական շոկով:
Այսօրւայ տնտեսական աճը ներառական բնոյթ չի կրում, քանզի հարուստներն աւելի են հարստանում, իսկ աղքատներն աւելի են աղքատանում։ Եւ դա օրինաչափ է նման աճի կառուցւածքի դէպքում: Պատահական չէ, որ աճ կոչւածի գլխաւոր շահառուներ են դարձել բանկերը։
Ցածր թոշակով ու աշխատավարձով հնարաւոր չէ եւրոպական գներ, հարկեր եւ տուրքեր հրամցնել: 2018-ին խոստանում էին տնտեսութեան ապաօլիգարխացում, գների շեշտակի իջեցում, սակայն հինգ տարի անց մենք ստացել ենք հիմնական ապրանքների գների աւելի քան 50 տոկոսանոց աճ եւ յեղափոխական օլիգարխիա։
Բերեմ ստախօսութեան եւ քաղաքացիներին թալանի մատերիալ դարձնելու թարմ օրինակ։ Երեւանի աւագանու ընտրութիւնների ժամանակ սրանք մասնակցում էին՝ «Ասէք, կանենք» կարգախօսով, ու ոչ մի թանկացման մասին չէին խօսում։ Իշխանական աթոռը կուլիսային գործարքի արդիւնքում մի կերպ պահելուց յետոյ սրանք կտրուկ բարձրացրեցին տեղական տուրքերն ու վճարները, տխրահռչակ կարմիր կէտագծերով աւտոկայանատեղիները թանկացրեցին մօտ 14 անգամ՝ դարձնելով 160.000 դրամ։ Գալիք տարի էլ պատրաստւում են քաղաքային տրանսպորտի գինը թանկացնել։
Մենք համոզւած ենք, որ մեր երկրի զարգացումը հնարաւոր է ապահովել առանց քաղաքացու գրպանը մտնելու։ Տեղական վճարներն ու ծառայութիւնների գները չի կարելի բարձրացնել՝ փարիզների գներին յղում անելով, քանզի հայկական թոշակներով ու հայկական աշխատավարձերով չի կարելի եւրոպական գներ կիրառել։
Օրւայ իշխանութիւնները խաբում են ոչ միայն գների ու արդարութեան հարցում։
Խոստանում էին սէր ու հանդուրժողականութիւն։ Բերեցին թշնամանք ու ատելութիւն։
Խոստանում էին օլիգարխիայի վերացում։ Իրենք են դարձել օլիգարխներ։
Ասում էին՝ Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ։ Հիմա Ալիեւից էլ աւելի մեծ էնտուզիազմով են ասում՝ Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վե՛րջ։
Հիմա էլ խոստանում են, թէ իբր խաղաղ ապագայ կայ, բայց դժւար չէ պատկերացնել, թէ սրանց բերած խաղաղութիւնն ու ապագան ինչպիսին են լինելու։
2024-ի համար մէկ մաղթանք ունեմ, որը նաեւ առաջադրանք է մեզ համար՝ ազատւե՛լ հայկական ամօթից, հասնե՛լ քաղաքական փոփոխութեան՝ ձեւաւորելով նո՛ր առաջնորդութիւն, նո՛ր իշխանութիւն։ 2024-ը կարող է զգուշաւոր լաւատեսութեան տարի լինել, կարող է նաեւ աւելի սարսափելի դառնալ, քան 2023-ն էր։ Ամէն ինչ կախւած է մեզանից։ Սեփական տան համար կռիւ տւողին յարգում են ու հետը դաշնակցում։
Յաղթանակ ու իրակա՛ն խաղաղութիւն մեր երկրին»։