Մեծ Բրիտանիան յայտարարել է Ադրբեջանի հետ յարաբերութիւնները ռազմավարական գործընկերութեան մակարդակի բարձրացնելու մասին

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի Եւրոպայի հարցերով նախարար Սթիւէն Դոութին Բաքու կատարած այցի ժամանակ յայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնները ռազմավարական գործընկերութեան մակարդակի բարձրացնելու մասին։ Հաղորդում է News.am-ը:
Ինչպէս նշել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից՝ քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղութեան գործընթացի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտութեան եւ տարածաշրջանային անվտանգութեան վրայ։
Նշւում է, որ այցն ընդգծում է Մեծ Բրիտանիայի նորացւած յանձնառութիւնը՝ ամրապնդելու կապերը Ադրբեջանի հետ, որը Հարաւային Կովկասի տարածաշրջանում ճանաչւում է որպէս Մեծ Բրիտանիայի ամենակարեւոր ռազմավարական գործընկերներից մէկը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Դոութին քննարկել է տնտեսական զարգացման եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները՝ նշելով տարածաշրջանային կայունութեան եւ բարգաւաճման ապահովման գործում Ադրբեջանի կարեւոր դերը։
Նշւում է, որ «Նախարարի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի միջեւ առանձնազրոյցը հաստատել է Մեծ Բրիտանիայի բարձր գնահատականը տարածաշրջանային խաղաղութեան կառուցման գործընթացներում Ադրբեջանի կառուցողական առաջնորդութեանը»։