Սփիւռք

Հայկական երեսփոխանական բլոքի հրաւէրով կայացել է խորհրդակցական լայն հանդիպում

«ԱԼԻՔ» – Լիբանանի կացութեան ի տես, Հայկական երեսփոխանական բլոքի հրաւէրով, ՀՅԴ «Շաղզոյեան» կենտրոնում գումարւել է ընդլայնւած խորհրդակցական ժողով: Հաղորդում է «Ազդակ»-ը:

Խորհրդակցական ժողովին ներկայ են եղել Լիբանանի խորհրդարանում եւ կառավարութիւնում ներկայ եւ նախկին պատգամաւորներ ու նախարարներ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մկրտիչ Մկրտչեանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամները, Բուրջ Համուդի եւ Այնճարի քաղաքապետները:

Քննարկւել է Լիբանանի վրայ իսրայէլեական շարունակւող յարձակումները, ներքին եւ տարածաշրջանային իրադարձութիւններն ու դրանց ազդեցութիւնը Լիբանանի վրայ, ինչպէս նաեւ ռմբակոծումների հետեւանքով ստեղծւած տեղահանութիւնն ու թիրախաւորւած շրջանների ամբողջական աւերումը:

Շեշտաւորւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի թիւ 1701 բանաձեւի գործադրութեան, հրադադարի եւ նախագահական ընտրութիւնների հրամայական պահանջն ու դիւանագիտական լուծումներ գտնելու անմիջական անհրաժեշտութիւնը:

Ժողովականները անհրաժեշտ են նկատել պահել հայկական միասնականութիւնն ու Լիբանանի հայութեան դիմագրաւած դժւարութիւնների դէմ-յանդիման համապատասխան կամքի եւ գործի դրսեւորումը:

Անհրաժեշտ  է նկատւել նաեւ հայկական թաղամասերի եւ հայահոծ շրջանների մէջ հաստատւած լիբանանցի գաղթականների նկատմամբ քաղաքացիական ըմբռնողութեան մեկնակէտով ցուցաբերել համապատասխան վերաբերմունք` շարունակելով տարբեր կառոյցների, միութիւնների եւ բարեսիրական հաստատութիւնների մինչ օրս կատարած օժանդակութիւնները:

Related Articles

Back to top button