Այլ

Բրիտանիայում հրապարակւել են Ադոլֆ Հիտլերի «անգլիացի ընկերուհու» սկանդալային օրագրերը

«ԱԼԻՔ» – Երրորդ Ռէյխի քարոզչութեան նախարար Եօզէֆ Գեբելսը ծաղրում էր Ադոլֆ Հիտլերի «անգլիացի ընկերուհուն» այն բանի համար, որ վերջինիս դուր չէր գալիս Բենիտօ Մուսոլինին, վկայում են աղջկայ գաղտնի օրագրերը, որոնք հրապարակել է բրիտանական Mail Online տաբլոիդը:

Իւնիթի Միթֆորդը, որը յայտնի է որպէս Հիտլերի «անգլիացի ընկերուհի», նամակում բողոքել է իր քոյրերից մէկին, որ նացիստական ​​կուսակցութեան գլխաւոր քարոզիչը «նեղում է» իրեն ֆաշիստ իտալացի առաջնորդի մասին իր հայեացքների համար։

1936 թւականին Գերմանիան եւ Իտալիան ռազմական դաշինք կնքեցին, եւ երկու տէրութիւնները ձեւաւորեցին Բեռլին-Հռոմ առանցքը: Դրան յաջորդեց Բենիտօ Մուսոլինիի պետական ​​այցը Գերմանիա 1937 թւականի սեպտեմբերին։ Հրապարակւած օրագրի գրառումներից մէկում Միթֆորդը գրում է Միւնխէնի Հիտլերի սիրելի ռեստորաններից մէկում՝ «Օստերիա Բաւարիա»-ում ճաշի ժամանակ Հիտլերի, Գեբելսի եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպման մասին:

Հանդիպումից յետոյ նա նամակ է գրում  քրոջը՝ Դիանային, որը հետագայում ամուսնացաւ Ֆաշիստների բրիտանական միութեան առաջնորդ սըր Օսվալդ Մոսլիի հետ։

«Ես ճաշեցի հիւրերի հետ Դուչէի (Մուսոլինի-ԽՄԲ.) Գերմանիա ժամանելուց մէկ օր առաջ։ Այնտեղ էր փոքրիկ դոկտոր Գեբելսը։ Մենք բաւականին բուռն տեսարան ունեցանք, երբ բոլորը, բացի հիւրերից, յարձակւեցին ինձ վրայ, քանի որ ես ասացի, որ ինձ դուր չի գալիս  Մուսոն (Մուսուլինի-ԽՄԲ.)»,- գրել է նա։

Միթֆորդը յայտնի էր որպէս բրիտանացի բարձրաշխարհիկ կին, նա լորդ Ռեդեսդէյլի՝ Պերի, զինւորականի եւ հողատիրոջ, չորրորդ երեխան էր:

Ըստ պատմական տեղեկութիւնների՝ Հիտլերն, իբր, օգտագործել է Միտֆորդին որպէս խօսափող՝ համոզելու բրիտանացիներին, որ ինքը կասկածներ ունի Մուսոլինիի նկատմամբ։

Միթֆորդի կաշւապատ օրագիրը, որը յայտնաբերւել է աւելի քան 80 տարի անց եւ հրապարակւել Mail Online հրատարակչութեան կողմից, ցոյց է տւել, որ Հիտլերի բարձրաստիճան վստահելի ընկերներից ոչ բոլորն են հաւանութիւն տւել այն կրքին, որն, ըստ երեւոյթին, իրար հանդէպ տածել են Միտֆորդը եւ Հիտլերը: Նացիստական ​​մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ կարծում էին, որ Հիտլերը կարող է գաղտնիքներ «դուրս տալ» Միթֆորդին, երբ նրանք մենակ են մնում։

Երբ Բրիտանիան պատերազմ յայտարարեց Գերմանիային, Միթֆորդն այնքան ճնշւած էր, որ Միւնխէնի Անգլիական այգում կրակեց իր գլխին: Հաղորդւում է, որ Հիտլերը վճարել է 33-ամեայ աղջկայ բուժման ծախսերը, երբ վերջինս ինքնասպանութեան փորձ է կատարել: Սակայն նրա գլխուղեղի ձախ կիսագունդը վնասւել էր, եւ գնդակը մնացել էր գանգի մէջ։ Միթֆորդը վերադարձել է Մեծ Բրիտանիա եւ մահացել 1948 թւականին։

Related Articles

Back to top button