Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Հիմնական եւ կարեւոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը պաշտպանի իր իրաւունքները

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի անդամ Գասպար Կարապետեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի հարցով իրականացւող աշխատանքների մասին։

 

Արցախցիների հիմնարար իրաւունքների եւ պատանդների վերադարձի համար պայքար

Արցախի ժողովրդի համար մեր հիմնական աշխատանքը նրանց հիմնարար իրաւունքների ուղղութեամբ պայքարն է։ «Հիմնարար իրաւունք» ասելով, առաջին հերթին, նկատի ունենք Արցախ հաւաքական վերադարձի իրաւունքը՝ միջազգային պաշտպանութեան երաշխիքներով։

Յաջողել ենք Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի իրաւունքը ամրագրել մի շարք երկրների կառավարութիւնների ծրագրերում, օրինակ Բելգիայի կառավարութեան ծրագրում։ Յաջողւել է Բելգիայում՝ ՀՀ դեսպանութեան հետ գործակցելով, արձանագրել նաեւ նրանց մնայուն յարաբերութիւնների պահպանման անհրաժեշտութիւնը ՀՀ-ի հետ։

Երկրորդ ուղղութիւնը 23 հայ պատանդների ազատ արձակման հարցն է, որի համար բաւական ժամանակ լրջօրէն զբաղւում ենք։ Յաջողել ենք Եւրոպական խորհրդարանում ունենալ մի շարք բանաձեւեր՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի ու հայ պատանդների եւ ռազմագերիների ազատ արձակման հարցի շուրջ։

Այս աշխատանքները նաեւ այլ երկրներում մեր յանձնախմբերի աշխատանքների արդիւնքում հնարաւոր դարձաւ։

 

Բոլոր կողմերն ասում են, որ Արցախի ժողովուրդը պէտք է վերադառնայ իր հայրենիքը

ՀՅԴ կուսակցութեան որոշմամբ մասնակցում եմ Արցախի Ազգային ժողովի կողմից ձեւաւորւած յանձնախմբին, որը զբաղւում է Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների միջազգային պաշտպանութեամբ։ Հայ Դատի գրասենեակներն Արցախի յանձնախմբի հետ սերտ գործակցութիւն ունեն։ Բաւական ճանապարհ ենք անցել այն իմաստով, որ այլեւս չկայ որեւէ կողմ, որը կառարկի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի դէմ։ Բոլոր կողմերն սա են ասում, որ Արցախի ժողովուրդը պէտք է վերադառնայ իր հայրենիքը, բայց հարցն այն է, որ ամէն մէկը դա տարբեր ձեւով է հասկանում։

Ալիեւն էլ է ասում, որ կարող են վերադառնալ, բայց հասկանալի է, թէ նրա ասածն ինչ է նշանակում։ Մեր ասածը բոլորովին տարբեր է։

Այստեղ նաեւ դերակատարութիւն է ունեցել «Եւրոպացիներ յանուն Արցախի» հարթակը։ Այն բաղկացած է 15 երկրների համայնքների ներկայացուցիչներից։ Սա Արցախի ժողովրդի օժանդակութեան համար կազմւած հարթակ է, որը բաւական նախաձեռնութիւններով հանդէս եկաւ, ցոյցեր կազմակերպւեցին Բրիւսէլում եւ եւրոպական 55 քաղաքներում, 500-ից աւելի ստորագրութիւններով նամակներ են գրւել ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտօնեաներին։

 

Արցախի ժողովուրդն ինքը պէտք է պաշտպանի իր իրաւունքները

Անշուշտ, շատ ճանաարհ կայ անցնելու, դեռեւս սկզբում ենք, բայց հիմնական եւ կարեւոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը հաւատայ, պաշտպանի իր իրաւունքները։ Եթէ Արցախի ժողովուրդը չցանկանայ նախաձեռնել որեւէ բան, մենք՝ որպէս ոչ արցախցի, այդքան լեգիտիմութիւն չունենք դա անելու։ Մեր աշխատանքն է դիւրացնել այդ ամէնը, միջազգայնացնել, օժանդակութիւն ապահովել, սակայն ժողովուրդն ինքն իր բախտը պէտք է իր ձեռքն առնի։ Ի՞նչ ձեւով, դա կորոշի Արցախի ժողովուրդը։

 

Շատ կարեւոր է նաեւ, որ Արցախի ժողովուրդը մնայ Հայաստանում

Եթէ Արցախի ժողովուրդն այստեղ չէ, չունի հաւատք, անիմաստ է խօսել վերադարձի իրաւունքի մասին։ Եթէ օրինակ 10000 հոգի վերադառնայ, Ալիեւի «հացին իւղ կը քսենք» դրանով, կասի ապրում են, նորմալ է։ Դա հաւաքական վերադարձ չէ։ Հաւաքական վերադարձի իրաւունք՝ նշանակում է ունենալ միջազգային պաշտպանութեան երաշխիք եւ արցախցիներն իրենք պիտի որոշեն, ինչպէս ապրեն այնտեղ՝ ազատ ինքնորոշման իրաւունքը իրացնելով։ Սա բանակցութիւնների հարց է Ադրբեջանի հետ։

Ադրբեջանցիները հիմա արդէն ագրեսիւ չեն, չեն ուզում խօսել Արցախի մասին։ Ժամանակին իրենք էին մշտապէս բարձրացնում, հիմա իրենց կարծիքով հարցը լուծւած է եւ առաջւայ ագրեսիւութիւնը չունեն։

Բայց որովհետեւ Ալիեւը կարծում է, որ ամէն ինչ կարող է անել ուզած մարդու հետ, նրա սանձարձակ գործողութիւնների պատճառով Եւրոպական խորհրդարանի շրջանակներում եւ ընդհանրապէս Եւրոպայում՝ Ադրբեջանից հոգնել են։ Ադրբեջանն իր առաջւայ կարողութիւններն այս պահին չունի, որն անշուշտ հեշտացնում է մեր աշխատանքը, բայց միշտ պէտք է նկատի ունենալ, որ ունի նիւթական հսկայ կարողութիւններ, որի միջոցով կարող են ազդել մարդկանց վրայ։

Բայց իրենց անուղղակի յարձակումները, զրպարտութիւնները մեդիայով, վիդէոներով մեր գրասենեակի հանդէպ եւ իմ անձի նկատմամբ շարունակւում են, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ մեր գրասենեակի գոյութիւնն իրենց համար լուրջ վտանգ է։

Եւրոպական խորհրդարանի հետ էլ փաստօրէն կապ չունեն իրենք, որովհետեւ Եւրոպական միութեան պատւիրակութիւններ չեն այցելում Ադրբեջան, նրանց պատւիրակութիւններն էլ սառն են ընդունւում եւրոպական խորհրդարանի գործընկերների կողմից, դրա համար էլ նրանք այդքան ագրեսիւ չեն։

Ժամանակին ինչ նիստ, որ լինում էր, կամ թէկուզ Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապ ունեցող ցուցահանդէս, նրանք սկսում էին՝ պիտակաւորել հայերին ու արցախցիներին։ Հիմա այդպէս չէ, իրենք են խուսափում խօսել, բայց տարբեր ձեւերով իրենց աշխատանքը շարունակում են։

 

Դեսպանատներում Արցախի ներկայացուցիչների բացակայութիւնը դժւարացնում է աշխատանքները

Մենք միշտ համագործակցել ենք տարբեր երկրներում ՀՀ դեսպանատների հետ, որքան պայմանները ներել են։ Ճիշտ է, անցեալի նոյն դիւրութիւնը չկայ, բայց համագործակցութիւն կայ, համագործակցում ենք նաեւ բոլորի հետ՝ ովքեր առաջնորդւում են ազգային շահերով եւ պայքարում են մեր ժողովրդի իրաւունքների համար։

Related Articles

Back to top button