Ֆրանսիայի դեսպանը, եւ ոչ թէ Փաշինեանն է պաշտպանում Հայաստանի շահերը
Ինչ-որ բան ահաւոր սխալ է, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը մշտական զիջումներ է անում Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինիեն պաշտպանում է Հայաստանի շահերը։ Զարմանալիօրէն, օտարերկրեայ դեսպանն աւելի հայամէտ է, քան Հայաստանի վարչապետը։
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկնեց իր ստերը գոյութիւն չունեցող «Արեւմտեան Ադրբեջանի» մասին Հայաստանի Հանրապետութեան փոխարէն, Փաշինեանը խայտառակ կերպով նոյնացրեց կեղծ «Արեւմտեան Ադրբեջանը» եւ «Արեւմտեան Հայաստանի» համար հայ ժողովրդի պատմական պահանջատիրութիւնը։ Ֆրանսիայի դեսպանն էր, որ 2024 թւականի նոյեմբերի 24-ին X սոցիալական ցանցում պատասխանեց Ալիեւին. «Միակն ու անկրկնելին. Արեւմտեան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մէկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է», մէջբերումներ անելով Վիքիպեդիայից։ Նա կցեց Իրանի քարտէզը, որը ցոյց էր տալիս Իրանի Արեւմտեան Ադրբեջանի նահանգի գտնւելու վայրը: Գրառումը դիտւել է աւելի քան 93000 անգամ՝ 114 մեկնաբանութիւններով եւ 1100 հաւանումներով։ «Նեմեսիս Մելքոնեան» կեղծանունով հայը X-ում գովել է Ֆրանսիայի դեսպանին. «Կարո՞ղ էք դառնալ մեր յաջորդ վարչապետը. ներկայինը էթնիկ թուրք է»։ Մի իրանցի պատասխանել է. «Որպէս իրանցի»՝ աւելացնելով «OK» ձեռքի նշանը: Ըստ որոշ հայ մեկնաբանների՝ սա ապտակ էր Ալիեւին, բայց նաեւ նախատինք Փաշինեանին։
Նոյն օրը Ֆրանսիայի դեսպանը տեղադրեց նաեւ Երեւանի յայտնի Կապոյտ մզկիթի լուսանկարը եւ գրեց. «Հայաստանի պարսկական ժառանգութեան խորհրդանիշ Երեւանի Կապոյտ մզկիթի պարտէզներում»։ Այս գրառումը դիտւել է 43000 անգամ՝ 46 մեկնաբանութիւններով եւ 660 հաւանումներով։ Մինչ ադրբեջանցի մեկնաբանները կեղծօրէն պնդել են, որ Կապոյտ մզկիթն ադրբեջանական ծագում ունի, շատ ուրիշներ շնորհակալութիւն յայտնեցին Ֆրանսիայի դեսպանին այս պատմական պարսկական աղօթավայրը ցուցադրելու համար: Հայաստանում Իրանի դեսպանութիւնն իր երախտագիտութիւնը յայտնեց Ֆրանսիայի դեսպանին՝ տեղադրելով X-ում. «Կապոյտ մզկիթը, որն իրանական արւեստի խորհրդանիշն է, վերջին երեք տասնամեակում կրկին ակտիւացել է որպէս Հայաստանում բնակւող մահմեդականների աղօթատեղի ու հաւաքատեղի եւ զբօսաշրջային հետաքրքիր վայր։ Մեծ հաճոյք է, որ պահպանւել է նրա դարաւոր պարսկական էպիգրաֆիան։ Ո՞վ կարող է կարդալ դրանք…»: Դեսպանութիւնն այնուհետեւ աւելացրեց պարսկական գեղագրութեան մի քանի պատկերներ, որոնք յայտնաբերւել են մզկիթի պատերին:
Մորդեխայ Կեդարը, Ադրբեջանի մի իսրայէլցի պնակալեզ, քննարկման մէջ մտնելով, յօդւած գրեց Jerusalem Post-ում 2024 թւականի դեկտեմբերի 5-ին՝ «Ֆրանսիայի դեսպանը վրդովմունք է առաջացրել Հայաստանում պարսկական գերիշխանութեան աջակցութեան կապակցութեամբ» վերնագրով։ Սա ոչ այլ ինչ է, քան զուտ ադրբեջանամէտ քարոզչութիւն։
Կեդարը գրել է՝ «Ադրբեջանցիները վրդովւած են սոցցանցերի այս գրառումներից, քանի որ Երեւանի Կապոյտ մզկիթը կառուցել են ադրբեջանցիները, եւ մզկիթը «պարսկական» ներկայացնելու փորձը ցոյց է տալիս Ֆրանսիայի աջակցութիւնը պարսկական գաղութատիրութեանը տարածաշրջանում: Աւելին, ադրբեջանցիները զայրացած են Արեւմտեան Ադրբեջանը որպէս Իրանի մաս ներկայացնելու ֆրանսիացի դիւանագէտի փորձից»։ Եթէ ադրբեջանցիները վրդովւած էին Ֆրանսիայի դեսպանի գրածից, դա Կեդարի ի՞նչ գործն է, եթէ, իհարկէ, նա չի ակնկալում ինչ-որ բան շահել՝ կամաւոր հանդէս գալով որպէս Ադրբեջանի քարոզիչ:
Կեդարը յայտարարել է, որ հայերը Կապոյտ մզկիթը բնութագրել են որպէս պարսկական՝ «իրենց երկրից [Հայաստանից] ադրբեջանական ժառանգութեան բոլոր հետքերը ջնջելու համար»։ Կեդարը անտեսում է այն փաստը, որ ադրբեջանցիներն աւերել են հազարաւոր հայկական պատմական յուշարձաններ եւ եկեղեցիներ Արցախում եւ Ադրբեջանում։ Աւելի աղաղակող յայտարարութիւն անելով՝ Կեդարը գրում է, որ պարսիկները «օգտագործել են հայկական ապալեգիտիմացման այս գործողութիւնները՝ իրենց գաղութային ազդեցութիւնը Հարաւային Կովկասում ընդլայնելու համար»։
Կուտակելով Հայաստանի եւ Ֆրանսիայի վրայ յարձակումները՝ Էլնուր Էնւերօղլուն Azernews կայքում գրել է, որ Ֆրանսիայի դեսպանի գրառումները «բացայայտում են Դըկոտիրնիի պատմութեան տգիտութիւնը»։ Էլնուրը նոյնիսկ չի կարողացել ճիշտ գրել դեսպանի ազգանունը:
Բնականաբար, Ֆրանսիայի դեսպանը չէր կարող անպատասխան թողնել Կեդարի նման անհեթեթութիւնները, որի մանկական փաստարկները խայտառակեցին Jerusalem Post-ին։ Դեսպանը պատասխանեց. «Իրօ՞ք, պարոն Կեդար: Երեւանի Կապոյտ մզկիթը կառուցւել է պարսկական տիրապետութեան տակ՝ պարսկական բնորոշ ոճով: Մի՞թէ հռոմէական ջրատարը հռոմէական կոչելն աջակցութիւն է գաղութատիրութեանը»:
Թէեւ պատճառ չկար, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը քիթը խոթեր այս հարցում, սակայն իր ողջ կեանքի ընթացքում լինելով ճշմարտութեան կեղծարար՝ սկսած Լոս Անջելէսում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս լինելու օրերից, գրել է. «Ադրբեջանական գեղեցիկ կապոյտ մզկիթը Երեւանում։ Կառուցւել է 1766 թւականին Ադրբեջանի կառավարիչ Իրաւանի [Երեւանի] խանութեան Հուսէյն Ալի Խանի կողմից։ Հայաստանում պահպանւած միակ մզկիթը, մնացած բոլորը (առնւազն 269-ը) ոչնչացւել են։ Ցաւօք, Հայաստանը շարունակում է ժխտել Կապոյտ մզկիթի ադրբեջանական ինքնութիւնը»։ «Մերի Հոգինս» օգտատերն իր թւիթում իրաւացիօրէն պատասխանել է Նասիմիին. «Նկատի ունես պարսկական մզկի՞թը, ստախոս խիար»։
Նասիմին, երեւի, մոռացել է, որ մինչեւ 1918 թւականն Ադրբեջանի նման երկիր գոյութիւն չունէր: Նոյնիսկ այդ ժամանակ Ազգերի լիգայի գլխաւոր քարտուղարը մերժել էր Ադրբեջանի դիմումը՝ ճանաչւելու որպէս պետութիւն՝ 1920 թ. պաշտօնական յուշագրում գրելով. «Այս տարածքը, որը զբաղեցնում է 40 հազար քառակուսի մղոն մակերես, կարծես թէ նախկինում երբեք պետութիւն չի եղել, բայց միշտ ընդգրկւած է եղել աւելի մեծ խմբերի մէջ՝ մոնղոլական կամ պարսկական, իսկ 1813 թւականից՝ Ռուսական կայսրութեան մէջ: Ադրբեջան անւանումը, որը ընտրւել է նոր հանրապետութեան համար, նաեւ հարեւան պարսկական նահանգի անւանումն է»։ Վերջ։
Ալիեւն իր մոլեռանդութեամբ կարծես թէ չի հասկանում, որ կեղծիքի վրայ հիմնւած իր մշտական յարձակումները Ֆրանսիայի վրայ, լաւ աւարտ չեն խոստանում Ադրբեջանի համար։ Ֆրանսիան գերտէրութիւն է, իսկ Ադրբեջանը՝ բանանային հանրապետութիւն, որ նոյնիսկ բանան էլ չունի, եւ ղեկավարւում է անարժէք բռնապետի կողմից․․․
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ