Զատուլին. «Ղարաբաղը որպէս աղիւս հանեցին Անդրկովկասի շէնքից, եւ ամէն ինչ փլուզւեց»
Բաքուն, այսօր ՌԴ-ի հետ յատուկ յարաբերութիւնների կարիք չունի։ Բայց ունի յատուկ յարաբերութիւնների կարիք Իսրայէլի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ

«ԱԼԻՔ» – Մենք այլեւս պէտք չենք Բաքւին, ինչպէս պէտք էինք մինչեւ ղարաբաղեան հակամարտութեան լուծումը։ Այս մասին ըստ News.am-ի՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տւած հարցազրոյցում յայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Այժմ մեր յարաբերութիւնների հերթական սրումը տեղի ունեցաւ Եկատերինբուրգի իրադարձութիւնների պատճառով։ Բայց սա ընդամենը առիթ է, ցանկացած բան կարող է առիթ լինել։ Ադրբեջանի այս քաղաքականութիւնն ունի սուբիեկտիւ եւ օբիեկտիւ պատճառներ։ Օբիեկտիւն այն է, որ այսօր Բաքուն ՌԴ-ի հետ յատուկ յարաբերութիւնների կարիք չունի։ Բայց ունի յատուկ յարաբերութիւնների կարիք Իսրայէլի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։
Այո, վատ չէ օգուտ քաղել ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական կապերից։ Բայց այս փուլում դա արդէն երկրորդական է Ադրբեջանի միւս նպատակների համեմատ։ Ուստի հիմա պէտք է առիթներ փնտրել՝ բացատրելու, թէ ինչու Ադրբեջանը համաձայն չէ ՌԴ-ի հետ, ինչու է Ալիեւը գրկախառնւում Զելենսկու հետ, ինչու է նա ամենուր խօսում Ուկրաինային իր աջակցութեան մասին։
Իսկ մեզ մօտ փորձում են դա չնկատել։ Ահա, մինչ մենք զրուցում ենք, ընթանում են վերջնական խորհրդակցութիւններն այն մասին, թէ ինչպէս են Փաշինեանի Հայաստանն ու Ալիեւի Ադրբեջանը խաղաղութեան պայմանագիր ստորագրելու, եւ անպայման արեւմտեան հարթակում։ Ամենալաւը՝ ԱՄՆ-ում, որպէսզի Թրամփը կրկին խաղաղարար դառնայ եւ վերջապէս ստանայ Նոբէլեան մրցանակը։
Սուբիեկտիւ պատճառները հէնց Իլհամ Ալիեւի անձի մէջ են։ Նա, քանի դեռ հօր կենդանութեան օրօք թագաժառանգ էր, իրեն պահում էր երես առած երեխայի նման։ Իսկ հիմա նա ոչ միայն նախագահ է, ժառանգորդ ու իրաւայաջորդ։ Նա յաղթող է, որին ուռճացրել է էյֆորիան։ Եւ դրա հետեւանքով, ինչպէս ինձ է թւում, ՌԴ-ի հետ յարաբերութիւններում աւելի հեռու է գնում, քան արժէր։ Ալիեւը կարող էր նախկինի պէս անել իր գործերը, յոյսը դնել մեր ղեկավարութեան մէջ եւ ԶԼՄ-ներում իր ընկերների վրայ, բայց, միեւնոյն ժամանակ, չսրել ,յարաբերութիւնները Մոսկւայի հետ։ Նրա պահւածքը զարմանք է առաջացնում ՌԴ ղեկավարութեան որոշ մարդկանց մօտ, որոնց հետ ես շփւում եմ. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թէ ինչու եւ ինչի համար է Ադրբեջանն այժմ իրեն այսքան հանդուգն պահում։
Պէտք չէ զարմանալ։ Սա եւրոպական կոստիւմով քաղաքական գործիչ է, որն իր բոլոր դրսեւորումներով ու վարքով արեւելեան է։ Իլհամ Ալիեւը չի ամաչում հայկական դրօշների վրայով քայլել եւ գրաււած Ստեփանակերտում շէնքեր քանդել»,- նշել է Զատուլինը։
Նա նաեւ յայտարարել է. «Ինչո՞ւ մենք 2020 թւականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թոյլ չենք տայ։ Եւ ոչինչ էլ չէր լինի։
Ինչ-որ մէկին թւում էր, թէ Ղարաբաղը ոչ ոքի պէտք չէ։ Շատերն այստեղ շրջում ու ասում էին՝ դա մեր հարցը չէ, դա հայերի գործն է։ Ահա Անդրկովկասի ողջ շէնքից այս փոքրիկ աղիւսը հանեցին, եւ ամէն ինչ փլուզւեց։ Փաշինեանի օրօք Հայաստանը կորցնում ենք, բայց դրանով Ադրբեջանը ձեռք չենք բերում։ Ամէն ինչ նրա պատճառով, որ բուրգի հիմքից մի փոքրիկ աղիւս հանեցին։ Ինչի մասին ես խօսում էի 20-30 տարի շարունակ։
Բայց մենք արդէն որոշակի աւանդոյթ ունենք. Եւգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, որին բոլորս սիրում ենք, հրաժարւում էր հանդիպել Քոչարեանի հետ, երբ նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր։ Ինչո՞ւ էր Եւգենի Մաքսիմովիչն այդպէս վերաբերւում Քոչարեանին։ Նա կարծում էր, որ Ադրբեջանի եւ Ալիեւ աւագի հետ բարեկամութիւնն աւելի կարեւոր է։ Ահա թէ ինչի հասցրեց այդ բարեկամութիւնը»,- ասել է պատգամաւորը։
Ըստ նրա համոզման, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կը նշանակի, որ հեռանկարում հայկական որոշ տարածքների, նախեւառաջ Սիւնիքի հետ տեղի կունենայ նոյնը, ինչ տեղի ունեցաւ Նախիջեւանի հետ։
«Նախիջեւանի ինքնավար մարզն առանձնացւած է Ադրբեջանից։ Ժամանակին այնտեղ բնակչութեան մեծամասնութիւնը հայեր էին, իսկ հիմա այնտեղ հայեր չկան։ Ինչպէս եւ Ղարաբաղում»,- եզրափակել է Զատուլինը։