Ի՞նչ է անելու Փաշինեանը յաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց Ցեղասպանութեան թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա նոյնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական յայտարարութիւններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց Արարատ լեռը, այնուհետեւ քննադատեց Հայաստանի Հանրապետութեան սահմանադրօրէն պաշտպանւած պետական խորհրդանիշերը՝ օրհներգը եւ զինանշանը։
Փաշինեանը նաեւ առաջարկեց, որ Հայաստանը ընդունի նոր Սահմանադրութիւն՝ ջնջելով Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակումները, որոնք ամրագրւած են Անկախութեան Հռչակագրում։ Նա բազմիցս արհեստական տարբերութիւն է դնում «Պատմական Հայաստանի» եւ «Իրական Հայաստանի» միջեւ՝ նկատի ունենալով այսօրւայ Հայաստանի Հանրապետութիւնը, որը Հայոց հայրենիքի մի փոքր մասն է։
Փաշինեանը համակւած էր նաեւ խաղաղութիւն մուրալու մոլուցքով թշնամական Ադրբեջանից, որը շահագրգռւած չէ Հայաստանի հետ հաշտութիւն կնքելու հարցում։ Նախագահ Իլհամ Ալիեւի միակ նպատակը Հայաստանի լիակատար ոչնչացումն է, մի երկրի, որի գոյութիւնը նա մերժում է՝ այն անւանելով «Արեւմտեան Ադրբեջան»։ Ցաւօք, Փաշինեանն արդարացնում է իր բոլոր պարտւողական եւ զիջողական յայտարարութիւնները՝ օգտագործելով վախեցնելու մարտավարութիւնը, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, այն նոր պատերազմ կը սկսի…
Իր հնազանդ ծառաներից մէկի միջոցով Փաշինեանը հիմա էլ կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը՝ ցեղասպանութեան իրական փաստերը հաստատելու պատրւակով։ Վերջին սկանդալը սկսւեց Ազգային ժողովի պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահ, Փաշինեանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան բարձրաստիճան անդամ Անդրանիկ Քոչարեանի խիստ կասկածելի յայտարարութեամբ։ Խորանալով իր պաշտօնի հետ աղերս չունեցող թեմաների մէջ՝ Քոչարեանը կասկածի տակ դրեց Հայոց Ցեղասպանութեան փաստերը։ Բնականաբար, ադրբեջանական եւ թուրքական լրատւամիջոցները չափազանց գոհ էին նրա յայտարարութիւնից։
Ապրիլի 14-ին «Ազատութիւն/Ազատ Եւրոպա» ռադիոկայանի հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցում Քոչարեանն ասաց, որ Փաշինեանը նպատակ ունի կառուցելու ցեղասպանութեանն առնչւող «իրական հիմքեր» եւ «ցեղասպանութեան ենթարկւած հայրենակիցների ցուցակն աւելի առարկայական դարձնել»։ Աւելին, նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ունենալ ցեղասպանութեան ենթարկւած բոլոր հայերի անունները եւ ստուգել, թէ «որտեղ, ինչպէս եւ ինչ պայմաններում են» նրանք սպանւել։ Պնդելով իր սխալ յայտարարութիւնը, նա հէնց յաջորդ օրն այն կրկնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ։
Այնուամենայնիւ, կոշտ քննադատութեան ենթարկւելուց յետոյ, Քոչարեանը յայտարարեց, որ արտայայտում է ոչ թէ իր կուսակցութեան, այլ իր անձնական տեսակէտները, այդպիսով պաշտպանելով Փաշինեանին իր անպատասխանատու խօսքերից։ Սակայն ակնյայտ է, որ Քոչարեանը չէր համարձակւի նման վիճայարոյց յայտարարութիւն անել առանց իր շէֆի՝ վարչապետի նախնական հաւանութեան, որը միանձնեայ կայացնում է կառավարական բոլոր որոշումները։ Բացի այդ, ինքը՝ Քոչարեանը, ցեղասպանութեան մասին իր յայտարարութեան մէջ յղում էր արել Փաշինեանին։
«Սա պարզ նպատակ ունի, որպէսզի իմանանք մեր 1,5 միլիոն հայրենակիցների հասցէներն ու վայրերը։ Դա եւս շատ կարեւոր է ապագայում մեր [Թուրքիայի հետ] յարաբերութիւնների կառուցման համար», ասաց Քոչարեանը։ «Ապրիլի 24-ը մօտենում է։ 1,5 միլիո՞ն էր, թէ՞ 2 միլիոն կամ պակաս։ Դա պէտք է ճշտօրէն հասցէականացնել։ Բայց եթէ մենք դա չարձանագրենք, ապա միւս կողմը [Թուրքիան] միշտ կարող է ասել, թէ նման բան չի եղել։ Եւ մինչ օրս էլ նրանք այդպէս են ասում»,- յաւելեց նա։
Սա չափազանց վտանգաւոր յայտարարութիւն է, որն արւում է Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեայի կողմից։ Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ թութակաբանում թուրքական ժխտողական թէզի, որ տասնամեակներ շարունակ նւազագոյնի է հասցրել հայ զոհերի թիւը՝ ասելով, որ այն շատ աւելի քիչ է, քան 1.5 միլիոնը, ցինիկաբար հարցնելով՝ որտե՞ղ են մահացածների մարմինները: Այժմ գալիս է Հայաստանի իշխող կուսակցութեան անդամը՝ վստահութիւն յայտնելով թուրքական հերքումներին։
Հայոց Ցեղասպանութեան զոհերի թիւը ճշտելու ձգտումը խնդրայարոյց է նաեւ այլ պատճառներով: Ցեղասպանութիւնից հարիւր ինը տարի անց Քոչարեանը «փայլուն» գաղափար է յղացել՝ հաշւելու զոհերի թիւը։ Անհնար է, որ որեւէ մեկը հետ գնայ եւ փաստի բոլոր 1,5 միլիոն հայ զոհերի անուններն ու վայրերը: Չկան զոհերի գերեզմանները եւ հետքերը։ Բնաջնջւել են ամբողջական ընտանիքներ՝ իրենց գերդաստաններով։
Երկրորդ, եթէ Քոչարեանը շարունակի իր անհեռատես առաջարկը, ապա ես կասկածում եմ, որ հնարաւոր կը լինի գտնել երկու հարիւր հազարից աւելի զոհերի անուններ։ Սա կը լինի ամենամեծ նւէրը, որը կարող է մատուցւել թուրք ժխտողականներին: Այն րոպէին, երբ կը հաւաքւի եւ կը յայտարարւի զոհերի համեմատաբար փոքր թիւ, թուրք ժխտողականները կը յայտարարեն, որ հայերը պարզապէս ապացուցեցին, որ ցեղասպանութիւն չի եղել եւ 1.5 միլիոնից շատ աւելի պակաս զոհեր են եղել: Թուրքիայի կառավարութիւնը կը յայտարարի աշխարհին, որ արդէն մեկ դար է իրենք ասում են, որ ցեղասպանութիւնը մեծ կեղծիք է, եւ հայերը վերջապէս ապացուցեցին դա։
Ո՛չ Քոչարեանը, ո՛չ թուրք ժխտողակաները ամենեւին պատկերացում չունեն ՄԱԿ-ի՝ ցեղասպանութեան սահմանման մասին, որը հիմնւած է մարդկանց որոշակի խմբի «ամբողջութեամբ կամ մասամբ» սպանելու մտադրութեան վրայ, առանց զոհերի նւազագոյն թիւը նշելու։ Այսպիսով, ամբողջ գործընթացը ոչ միայն ժամանակի կորուստ է, այլեւ հակաարդիւնաւէտ:
Ես աւելի լաւ առաջարկ ունեմ։ Տարիներ առաջ մի յօդւած էի գրել՝ առաջարկելով, որ հայերը ստեղծեն «Ամօթի պատ» եւ դրա վրայ նշեն բոլոր նրանց անունները, որոնք ժխտել են Հայոց Ցեղասպանութիւնը 1915 թւականից ի վեր, ներառեալ թուրք ժխտողականներին եւ ոչ թուրքերին, այդ թւում՝ որոշ հայերի:
Իրավիճակն աւելի սրելով, Հայաստանի «Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարն» անցած շաբաթ հեռուստատեսային հարցազրոյցում ցնցող կերպով ողջունեց Քոչարեանի անխոհեմ խօսքերը՝ յայտարարելով, որ «շատ է հաւանում այդ գաղափարը»: Չպէտք է շատ զարմանալ, որ Սինանեանը հակառակ իր կոչման, բազմաթիւ յայտարարութիւններ է արել, որոնք հակասում են Հայաստանի եւ Սփիւռքի շահերին։
Եթէ Փաշինեանը շարունակի իր հակահայկական յայտարարութիւնները, ի՞նչ է յայտարարելու յաջորդ անգամ՝ թուրքական դրօշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երեւանում, թէ՞ Ցեղասպանութեան յուշարձանի եւ թանգարանի փակումը՝ օգտագործելով վախեցնելու իր սովորական մարտավարութիւնը, որ հակառակ դէպքում Թուրքիան կը յարձակւի։
Ցաւալի է, որ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի նախօրէին մենք ստիպւած ենք գործ ունենալ այնպիսի հայերի հետ, որոնք ծառայում են ցեղասպանութեան թուրք ժխտողականների գործին՝ Թուրքիայի նկատմամբ մեր արդար պահանջներն առաջ տանելու փոխարէն:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ