Բայդէնը խոստովանել է, որ հուսիներին ԱՄՆ-ի հարւածներն արդիւնք չեն տալիս
ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին հարցրել են՝ արդեօք Եմէնի հուսի ապստամբների թիրախներին ԱՄՆ-ի հարւածներն աշխատո՞ւմ են:
«Դէ, եթէ հարցնում էք՝ դրանք աշխատո՞ւմ են հուսիներին կանգնեցնելու համար, ո՛չ: Նրանք (հուսիներ- Tert.am) շարունակելո՞ւ են, այո՛»,- յստակ պատասխանել է Բայդէնը:
Յիշեցնենք՝ օրերս Վաշինգտոնն ու Լոնդոնը համակարգւած հարւած էին հասցրել Եմէնում հուսիների թիրախներին: Այնուհետեւ ԱՄՆ-ն եւս մի քանի հարւած էր հասցրել հուսիների կողմից վերահսկւող տարածքներին:
Պենտագոնը յայտարարել էր, որ հուսիները «անմիջական սպառնալիք են տարածաշրջանում առեւտրային նաւերի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի նաւերի համար»:
Այսօր (յունւարի 19-ին) յայտնի է դարձել, որ հուսիներն Արաբական ծովի Ադէնի ծոցում յարձակւել են ամերիկեան Chem Ranger տանկերի վրայ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) X-ում հաստատել է հարւածը: Գերատեսչութեան տւեալներով՝ յարձակումը տեղի է ունեցել յունւարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 21։00-ի սահմանում: Հրթիռներն ընկել են ջուրը՝ նաւի հարեւանութեամբ:
Հուսիները երկու հականաւային բալիստիկ հրթիռ են արձակել Մարշալեան կղզիների դրօշով երթեւեկող ամերիկեան տանկերի վրայ։
Միջադէպի հետեւանքով զոհեր եւ վիրաւորներ չկան։ Նաւը նոյնպէս չի ստացել եւ շարունակել է շարժւել երթուղու երկայնքով։
Իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է Կարմիր ծովում նաւերի վրայ իրանամէտ «Անսար Ալլահ» շարժման (հուսիների) յարձակումների ֆոնին։ Գրոհայինները 2023 թւականի նոյեմբերից փորձում են կաթւածահար անել նաւարկութիւնը՝ պաղեստինեան արմատական ՀԱՄԱՍ խմբաւորման հետ համերաշխութիւնից ելնելով Իսրայէլից եկող կամ դէպի Իսրայէլ մեկնող նաւերը որսալու պատրւակով:
Tert.am