ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ը յստակ մատնացոյց է անում Անդրկովկասում ԱՄՆ թիրախները՝ ՌԴ, Իրան, Չինաստան, մնացած զարգացումները, այդ թւում՝ ՀՀ-ի շուրջ, բխում են դրանից

Յուլիսի 2-ից Հայաստանում է Ամերիկայի Միացեալ Նահանգների Հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխաւորած պատւիրակութիւնը։

Վիքերը հանրապետական աւագ անդամն է ԱՄՆ Հելսինկեան յանձնաժողովում, որը յայտնի է՝ որպէս Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան յանձնաժողով։ Նա նաեւ Սենատի Զինւած ծառայութիւնների յանձնաժողովի հանրապետական աւագ անդամն է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութիւնը ողջունել էր Վիքերի գլխաւորած երկկուսակցական կոնգրեսական պատւիրակութեան այցը Հայաստան։ Պատւիրակութեան կազմում 7 հոգի են, այդ թւում՝ Հելսինկեան յանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջօ Վիլսոնը, համանախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը։

ՀՀ ԱԺ-ում Ալէն Սիմոնեանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ամերիկացի սենատորները մի շարք ուշագրաւ դիտարկումներով հանդէս եկան։ ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինն ասաց, որ Միացեալ Նահանգները հետաքրքրւած է եւ ցանկանում է առաջ մղել խաղաղութեան գործընթացը։

«Միացեալ Նահանգները մեծ դիւանագիտական գործիքակազմ ունի։ Ես չեմ ուզում ասել` ինչպէս մենք կը կարողանաք այս պարագայում օգտագործել այդ խառը գործիքակազմը, բայց նշեմ, որ Միացեալ Նահանգները հետաքրքրւած է եւ ցանկանում է առաջ մղել խաղաղութեան գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասաց նա։ Սենատորը յաւելեց, որ ԱՄՆ-ը ներգրաււած կը լինի այդ գործընթացում ու կը շարունակի աշխատել երկու երկրների գործադիր եւ օրէնսդիր ճիւղերի հետ։

ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերն իր հերթին՝ յաւելեց, որ Միացեալ Նահանգները պատրաստ է նպաստել բանակցութիւններին, բայց միայն՝ որպէս միջնորդ։ «Մենք հասկանում ենք, որ ձեր կառավարութիւնն ունի իր դիրքորոշումը, մենք հասկանում ենք պայմանները, որ սահմանւել են բանակցային գործընթացի սկզբում, կապւած պատմական սահմանների հետ, որոնք ամրագրւել են նախկին Խորհրդային Միութեան փլուզման պահին։ Մենք պարզապէս պատրաստ ենք նպաստել, որ երկու կողմերը գան համաձայնութեան»,- ասաց նա։

Ռոջեր Վիքերը նաեւ մի շարք աշխարհաքաղաքական ձեւակերպումներ արեց՝ Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը՝ Հիւսիսային Կորէայի հետ միասին, ագրեսիւ մօտեցում ունեն աշխարհի այն հատւածի նկատմամբ, որ փորձում է ազատ շնչել եւ ժողովրդավարութեան մաս կազմել։ Ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ ներգրաււածութիւն ունի տարածաշրջանում, Իրանն էլ անմիջապէս հարեւանութեամբ է գտնւում՝ սենատորն ասաց․ «Նրանք փորձում են տարածաշրջանում ի չիք դարձնել ժողովրդավարութիւնը եւ ազատութիւնները, եւ Հայաստանն այս հարցում մեծ վճռականութիւն եւ հաստատակամութիւն է հանդէս բերում՝ դա թույլ չտալու համար»։ Դիմելով Ադրբեջանին՝ նա յորդորեց հասկանալ ազատութեան գինն ու արժէքը։

«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին խօսք յղել եւ ԵԱՀԿ միւս անդամներին, զգուշացէք, թէ ինչի կարող է բերել միաւորումը Պուտինի Ռուսաստանի հետ, զգուշացէք, որ ռուսական «մեծ արջը» մէկ անգամ եւս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային Միութեան երկրների նկատմամբ»,- ասաց Վիքերը։

Մեկնաբանելով կոնգրեսականների այցը եւ նրանց դիտարկումները, ռուս քաղաքական վերլուծաբան Անդրէյ Արեշեւն ասաց, որ ԱՄՆ-ից ՀՀ բոլոր այցերով՝ Պետքարտուղարութեան պաշտօնեաներ, կոնգրեսականներ, սենատորներ, ԿՀՎ ներկայացուցիչներ, ԱՄՆ-ը ցուցադրում է իր քաղաքական ներգրաււածութիւնը Հայաստանի հետ յարաբերութիւններում, պատրաստակամութիւնը՝ ներգրաււել բանակցութիւններում։ Սակայն, ըստ նրա, նման խոշոր խաղացողների վարած քաղաքականութիւնը չի կարելի վերլուծել պարզունակ կերպով, դատելով այցերը, հնչող յայտարարութիւնները եւ այլն։

«Պէտք է հիմք ընդունել գործողութիւնները, կուլիսային գործընթացները եւ գլոբալ դիմակայութիւնը։ Բացի յայտարարութիւններից, ՀՀ իշխանութիւններին ուղղւած գովեստի խօսքերից, առարկայական ի՞նչ նոր օգուտներ է տալիս ԱՄՆ-ը ՀՀ-ին, ինչպէ՞ս է աջակցում ՀՀ անվտանգութեանը, ռեգիոնալ կայունութեանը։ Ես կասէի՝ ոչ մի կերպ, որովհետեւ ինչպէս բոլոր ուժերը, ԱՄՆ-ը եւս փորձում է որոշակի բալանս պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Աւելին՝ նաեւ առաւելութիւն տալով Ադրբեջանին։ Անդրկովկասում ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ պայմանաւորւած է այս ռեգիոնից Ռուսաստանի ազդեցութիւնը վերացնելով, ինչպէս նաեւ Իրանին թոյլ չտալով ազդեցութիւն հաստատել։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիայի հետ ԱՄՆ յարաբերութիւնները կրում են փոփոխական բնոյթ, սակայն Արեւմուտքի համար Թուրքիան ոչ թէ հակառակորդ է, այլ գործընկեր, երբեմն՝ բարդ։ Ուստի բոլոր յայտարարութիւններում նկատւում է, որ ԱՄՆ-ը դէմ է Անդրկովկասում Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին, սակայն ռեգիոնի ապագան տեսնում է ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա համագործակցութեան համատեքստում»,- 168.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արեշեւը։

«Այս մոդելը համապատասխանո՞ւմ է ՀՀ շահերին։ Ոչ, ԱՄՆ-ը յանուն ԱՄՆ շահերի ցանկանում է, որ բոլոր խնդիրները Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա տիրոյթում լուծւեն այն դէպքում, երբ ԱՄՆ-ը յայտարարում է, որ իրեն տեսնում է միայն որպէս առաւելագոյնը՝ միջնորդ այդ գործընթացում, ինչն իրենից ենթադրում է հեռադրութիւն կողմերի դիրքորոշումներից։ Սա, բնականաբար, բարդացնում է բանակցութիւններում Հայաստանի իրավիճակը, ինչի ականատեսն ենք դառնում։ Սակայն ՀՀ իշխանութիւնները կարծես դրան դէմ չեն»,- նկատեց նա։

Ուստի կոնգրեսականները եւս, Արեշեւի խօսքով, յստակ մատնացոյց են անում Անդրկովկասում ԱՄՆ թիրախները՝ դրանով իսկ ցոյց տալով, թէ ինչպիսի համագործակցութիւն է ԱՄՆ-ը առաջ մղում այդտեղ։

Related Articles

Back to top button