Արմինէ Ադիբէկեան. «Պատերազմն անխուսափելի է. հարցն այն է՝ ի՞նչ դիրքերից ենք մտնելու այդ պատերազմի մէջ»
Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանն այն կարծիքին է, որ Ադրբեջանին խաղաղութեան պայմանագիր ամենեւին էլ պէտք չէ:
«Ադրբեջանին պէտք չեն յստակեցւած սահմաններ, որովհետեւ ունի լուրջ տարածքային պահանջներ եւ զաւթողական նկրտումներ: Հետեւաբար, այդ խաղաղութեան պայմանագիրն ընդամենը ֆոն է, որի տակ Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականութիւնը: Դրա հետ մէկտեղ, Ադրբեջանը թոյլ չի տայ, որպէսզի Հայաստանը կարողանայ ռեսուրս կուտակել եւ հզօրանալ այնքան, որ կարողանայ դիմադրել այդ պլանների իրականացմանը: Հետեւաբար՝ նրան պէտք է բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել, որ՝ եթէ դուք հզօրանաք, ապա մենք մեր ամբողջ ուժով կը խոչընդոտենք դրան:
Ասեմ աւելին՝ Ադրբեջանը նաեւ շատ մտահոգւած է այն հանգամանքով, որ Հայաստանում կարող է իշխանութիւն փոխւել: Այդ պարագայում, այն, ինչ նա կարող էր ստանալ նւէրի տեսքով, պէտք է ստիպւած լինի ուժով վերցնել: Հայաստանում իշխանափոխութեան «վտանգի» դէպքում են սպառնում ուժ կիրառել Հայաստանի դէմ, որովհետեւ բաւականին բարձր մակարդակով մայիս-յունիս ամիսներին Ադրբեջանից յայտարարութիւններ հնչեցին, որ Ադրբեջանը պէտք է զօրք մտցնի Հայաստան, որ պահպանի գործող իշխանութիւններին: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ կարող է ստանալ նւէրի տեսքով, մաքսիմալ թուլացնել Հայաստանին, եւ երբ արդէն ուժասպառ եղած Հայաստանը սկուտեղի վրայ կը լինի նրա ձեռքում, նա կը փակի հայոց հարցը»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Նրա խօսքով՝ Թուրքիան մեր տարածաշրջանում գործում է Ադրբեջանի ձեռքերով, եւ այդ երկու պետութիւններն էլ ձգտում են Հայաստանի ոչնչացմանը. «Թուրքիային եւ Ադրբեջանին պէտք չէ այս տարածաշրջանում Հայաստան, պէտք չեն հայեր: Թուրքիայի եւ Ադրբեջանի մշակոյթի, պատմութեան տէրերը հայերն են, նրանք դա շատ լաւ հասկանում են: Հասարակ օրինակ է, բայց երբ Թուրքիայում պեղումների ժամանակ ինչ գտնում են՝ կա՛մ հայկական է, կա՛մ յունական: Թուրքերը նեարդայնանում են այդ հանգամանքից: Անընդհատ ասում են՝ մեր տարածքն է, մեր պատմութիւնն է, բայց պարզւում է, ինչ-որ հայեր ասում են՝ ոչ, դա մեր մշակութային ժառանգութիւնն է, եւ եւս մէկ անգամ յիշեցնում են՝ դուք զաւթել էք, դուք ցեղասպանութիւն էք գործել, դուք ունէք շատ մութ եւ ամօթալի անցեալ:
Այդ կոմպլեքսներից ազատւելու համար պէտք է առաջին հերթին պարտադրել հայերին հրաժարւել Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից եւ ցանկալի է, որ հայեր այստեղ չլինեն: Ես էլ չեմ խօսում տնտեսական հեռանկարների մասին, որովհետեւ եթէ տարածաշրջանը սկսի զարգանալ, տարածաշրջանի հետ զարգանալու է նաեւ Հայաստանը, իսկ Հայաստանին զարգացնել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլանների մէջ չի մտնում: Տնտեսական անկման դէպքում էլ դա ազդում է իրենց տնտեսութեան վրայ: Հետեւաբար՝ նրանց ծրագիրն է Հայաստանի եւ հայերի չլինելը»:
Ինչ վերաբերում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հետ կապւած՝ Ալիեւի յայտարարութիւններին, նա նշեց, որ նման քաղաքականութիւն Ադրբեջանը որդեգրել է նաեւ Վրաստանի նկատմամբ, բայց այնտեղ յստակ պահանջներ են թելադրւել՝ սովորել վրացերէն լեզուն, պատմութիւնը, դառնալ Վրաստանի լիարժէք քաղաքացիներ, իսկ Հայաստանի դէպքում Ալիեւը խօսում է, այսպէս կոչւած, «խաղաղապահներ» մտցնելու մասին. «Հայաստանի պարագայում Ալիեւն այստեղ զօրք է մտցնելու, որոնք իբր պաշտպանելու են ադրբեջանցիներին, որոնք ՀՀ քաղաքացիութիւն էլ չեն ընդունելու, պարզապէս գալու են այստեղ ապրեն, սադրեն եւ ահաբեկեն տեղի հայ բնակչութեանը, որոնք լքելու են իրենց տները»:
Դիտարկմանը՝ Ալիեւն ասում է, թէ Հայաստանի այդ հատւածներում գիւղերը դատարկ են, եւ ադրբեջանցիները կարող են գալ ապրել, նա այսպէս արձագանգեց. «Ալիեւը շատ բան է ասում, եթէ հիմա քննարկենք Ադրբեջանում լքւած գիւղերի քանակութիւնը, որովհետեւ այնտեղ էլ ահռելի քանակութեամբ լքւած գիւղեր կան… Տար՝ այդ գիւղերում բնակեցրու, ի՞նչ գործ ունես հարեւան պետութեան հետ»:
Անդրադառնալով իշխանութիւնների յայտարարութիւններին, թէ՝ եթէ չգնան զիջումների, պատերազմ կը լինի, նա հետեւեալն է ասել.
«Պատերազմ, այսպէս թէ այնպէս, լինելու է, այլ հարց է, թէ ինչպէս ես մտնելու այդ պատերազմի մէջ, ինչ դիրքերից: Պատերազմից խուսափելու տարբերակը Հայաստանը լուծարելու տարբերակն է: Պատերազմ լինելու է՝ անկախ խաղաղութեան պայմանագրի ստորագրումից: Ադրբեջանին պէտք չի այստեղ Հայաստան, պէտք չեն այստեղ հայեր: Հիմա հարց՝ եթէ այդ պատերազմը լինելու է, մենք ի՞նչ դիրքերով ենք մտնելու այդ պատերազմ՝ մերկ ու անզէ՞ն, թէ՞ հակառակը՝ զինւած եւ պատրաստւած»: