Բենիամին Մատթէոսեան. «Ալիեւը պատմել է, թէ ինչ «դժւար փոխզիջումներ» են սպասւում Հայաստանին»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
«Յիշում էք, թէ ինչպէս վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի խօսնակ Մեթիւ Միլլէրը յայտարարեց, որ «վերջնական համաձայնութեան հասնելու համար Երեւանն ու Բաքուն ստիպւած են լինելու կատարել բարդ ընտրութիւններ եւ բարդ փոխզիջումներ»։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագիրը շատ մեծ նշանակութիւն կունենայ այդ երկրների եւ տարածաշրջանի խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան համար: Մենք հաւատում ենք, որ համաձայնագիրը հնարաւոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրութիւններ եւ դժւար փոխզիջումներ, եւ այն, ինչ մենք պատրաստւում ենք անել՝ շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնութիւններն ու հասնել համաձայնութեան»,- ասել է Միլլէրը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, ինչպէս նաեւ երկրի կառավարութիւնը չի ասել իր քաղաքացիներին, իր ընտրողներին, թէ ինչպիսի «դժւար փոխզիջումներ են» սպասւում Հայաստանին եւ նրա ժողովրդին։ Հայկական պետական ինստիտուտների փոխարէն դա արեց Իլհամը։
Ալիեւը, ելոյթ ունենալով օկուպացւած հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած հերթական միջազգային համաժողովում, բարձրացրել է Հայաստանի հետ յարաբերութիւններին վերաբերող մի քանի կարեւոր թեմաներ։ Ալիեւի խօսքերից պարզ է դարձել, որ «բարդ փոխզիջում» է համարւում ՀՀ գործող Սահմանադրութիւնից եւ Անկախութեան հռչակագրից հրաժարւելը, հայկական բանակին անհրաժեշտ զէնք գնելու փորձերից հրաժարւելը, ինչպէս նաեւ Հայաստանը հարիւր հազարաւոր, եթէ ոչ միլիոնաւոր ադրբեջանցիներով բնակեցնելը: Միեւնոյն ժամանակ, խօսելով այս պահանջի մասին, Ալիեւը կրկին օգտագործել է «Արեւմտեան Ադրբեջան» տերմինը, ինչը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Բաքուն տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ եւ ծրագրում է ժամանակակից ՀՀ-ի տարածքների հաշւին ստեղծել խամաճիկ պետութիւն: Ալիեւը ցանկանում է Հայաստանի Հանրապետութեան տարածքների հաշւին ստեղծել սեփական «Հիւսիսային Կիպրոսը»:
ՀՀ կառավարութիւնը, ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ ԱԺ-ն շարունակում են լռել Ալիեւի վերոնշեալ յայտարարութիւնների առնչութեամբ։ Դէ, եթէ Նիկոլ Փաշինեանի հետ ամէն ինչ պարզ է, նա հեծանիւ է վարում Բեռլինում եւ Լոնդոնում եւ չի արձագանգել նոյնիսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութեանը, ով օրեր առաջ ուղղակիօրէն պահանջում էր «Զանգեզուրի միջանցք»-ի յանձնումը, ապա ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն լռում Ալիեւի յայտարարութիւնների մասին, ինչո՞ւ է լռում Արարատ Միրզոյեանը։
Եւ դա չնայած այն հանգամանքին, որ նա ժամանակ է գտնում ողջունելու ԵՄ որոշումը՝ Հայաստանին 10 միլիոն եւրօ յատկացնել ռազմական վրաններ գնելու համար։ Պաշտօնական Երեւանը չի արձագանգում, քանի որ փակ դռների հետեւում արդէն խոստացել է գնալ այս «դժւար փոխզիջումների»։
Հետաքրքիր կը լինէր իմանալ, թէ ինչ է մտածում հայ հասարակութիւնը պաշտօնական Երեւանի լռութեան մասին։ Այսօրւայ ցանկացած սոցիալական հարցում ցոյց է տալիս, որ երկրի բնակչութեան մինչեւ 70 տոկոսը «դուրս է եկել չաթից» եւ չի զբաղւում քաղաքականութեամբ: Ակնյայտ է, սակայն, որ եթէ իրավիճակը չփոխւի, եւ Շուշիում Ալիեւի հնչեցրած պահանջներից մէկն իրականացւի եւ հարիւր հազարաւոր ադրբեջանցիներ յայտնւեն Հայաստանում, ապա ոչ միայն Կիրանցի երեխան չի կարողանայ հանգիստ գնալ դպրոցը, այլ նաեւ Երեւանում ապրող երեխան չի կարողանայ իրեն ապահով զգալ:
Ադրբեջանցիները Երեւանում կանեն այն, ինչ արեցին Լաչինի միջանցքում, երբ ղարաբաղցի երեխաներով աւտոբուսից «քերեցին» Արցախի դրօշը: Թէ՞ Երեւանում ինչ-որ մէկը դեռ հաւատում է, որ լինելով ապաքաղաքական եւ արտաքին սպառնալիքներին չարձագանգելով՝ կը խուսափի արցախցի երեխաների ճակատագրից։
Մտածէ՛ք այդ մասին…»։