Էսէռական, գրող եւ բժիշկ՝ Լեւոն Աթաբէկեանը Դաշնակցութեան մասին
ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ
Լեւոն Աթաբէկեանը ծնւել է Շուշիում 1875 թւականին, ազնւական Աթաբէկեան մելիքական գերդաստանի մէջ, որի տոհմական բնակավայրն էր Ջրաբերդ գաւառի Կուսապատ գիւղը: Նախնական կրթութիւնը ստացել է Շուշւայ ռէալական դպրոցում եւ աւարտել 1893 թւականին: Նոյն թւականին մօր հետ մեկնել է արտասահման եւ յաճախել Լայպցիգի համալսարանի հասարակական գիտութիւնների բաժանմունք: 1897 թւականին փոխել է ընտրած մասնագիտութիւնը, տեղափոխւել Ցիւրիխի համալսարանի բժշկական բաժանմունք եւ աւարտել 1903 թւականին:
Աթաբեկեանը վերադառնալով հայրենիք՝ 1905 թւականին հաստատւել է Շուշիում, ուր զբաղւել թէ՛ բժշկութեամբ, եւ թէ՛ հասարակական-յեղափոխական գործունէութեամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում: Լեւոն Աթաբէկեանը աստիճանաբար քննադատական վերաբերմունք է դրսեւորել ՀՅԴ գաղափարախօսութեան եւ գործելակերպի նկատմամբ, բայց այդ հանգամանքն արգելք չի հանդիսացել, որպէսզի 1904-1907 թթ․ դառնայ յիշեալ կուսակցութեան եռանդուն եւ ազդեցիկ անդամը: Ի վերջոյ հրաժարւել է ՀՅԴ շարքերից 1907 թւականին եւ յարել Ռուսաստանի Սոցիալիստ-Յեղափոխական կուսակցութեանը (էսէռ): Մահացել է 1918 թւականին, Հայաստանի անկախութիւնից առաջ։
Աթաբէկեանը (ծածկանւամբ՝ Ռիխարդ), որպէս մի խումբ երիտասարդ դաշնակցականներից բաղկացած «անջատականներ»-ի խմբի գլխաւոր ղեկավար, աչքի է ընկել Վահան Նաւասարդեանի բնորոշմամբ՝ «մոլի հակադաշնակցական» հրապարակային գրութիւններով եւ ելոյթներով։ Այդուհանդերձ Լեւոն Աթաբեկեանն այսպէս է արտայայտւել Դաշնակցութեան մասին․
«Որքան էլ ժխտական լինի մեր վերաբերմունքը դէպի Դաշնակցութիւնը, որքան էլ որ մեծ լինեն նրա մեղքերը հայ ժողուվուրդի առաջ, այնուամենայնիւ մենք չենք կարող չխոստովանել, որ նա ընդունակութիւն ունի ականջ դնելու հայ ժողովուրդի զանգւածների զարկերակին, իսկ հայ ժողովրդական զարկերակը գերազանցապէս յեղափոխական է: Եւ երբ ինքը Դաշնակցութիւնը կամենայ լինել ռէակցիոն՝ յետադիմական, հայ աշխատաւոր մասսանները կը խանգարեն նրան»։
(Յառաջ օրաթերթ, ՀՅԴ Երեւանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Երեւան, 1920 մայիսի 8, էջ 3)
Հանգամանքներն անշուշտ փոխւել են անհամեմատելիօրէն, սակայն «մոլի հակադաշնակցական»-ի բնորոշած՝ հայ ժողովրդական զարկերակին անսալու ընդունակութիւնը, որն իդէպ ասոսացւած է ՀՅԴ էութեան հետ, ենթակայ չի կարող լինել որեւէ փոփոխութեան։
Խորապէս հաւատում եմ նաեւ Լեւոն Աթաբէկեանի միւս հաստատմանը, համաձայն որի․ «հայ ժողովրդական զարկերակը գերազանցապէս յեղափոխական է»։