Քաղաքական

Էրդողանի կողմից Ցեղ​ասպանութեան ժխտումն աւելի շատ ուշադրութիւն է հրաւիրում թուրքական զանգւածային յանցագործութիւնների վրայ

(Երկրորդ եւ վերջին մաս)

 

Անցեալ շաբաթ ես բացայայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ յայտարարութիւնը. «Մեր պատմութեան մէջ չկայ ո՛չ ցեղասպանութիւն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում եւ ո՛չ էլ գաղութատիրութիւն։ Հազարամեակների մեր փառահեղ պատմութեան ընթացքում եղել է միայն արդարութիւն եւ կարեկցանք»։

Էրդողանի ստերը հերքելու համար ես ներկայացրեցի Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան գործած յանցագործութիւնների ցանկի առաջին մասը՝ պատրաստւած Կանադայի հելլէնական հետազօտութիւնների ինստիտուտի կողմից։

Ահա թուրքական յանցագործութիւնների երկրորդ եւ վերջին ցանկը.

«Գաղութատիրութիւն չկայ» պնդման հերքում. ժամանակակից բնակեցում եւ բռնազաւթումներ

Էրդողանի այն պնդումը, թէ Թուրքիայի պատմութեան մէջ «գաղութատիրութիւն չկայ», լիովին հերքւում է այն փաստով, որ Սելջուկեան եւ Օսմանեան կայսրութիւններից իւրաքանչիւրը ձեւաւորւել է տարածքային զաւթումների, ենթարկեցման եւ տեւական գաղութատիրական բռնազաւթման հիման վրայ: Բացի այդ, ժամանակակից Թուրքիայի Հանրապետութիւնը մինչ օրս իրականացնում է իր սահմաններից դուրս ռազմական բռնազաւթման, ռեսուրսների կողոպտման, ժողովրդագրական փոփոխութիւնների եւ պետականօրէն ուղղորդւող վերաբնակեցման ծրագրերի քաղաքականութիւն։

– Ապօրինի բռնազաւթում եւ վերաբնակեցման գաղութատիրութիւն Հիւսիսային Կիպրոսում (1974 թւականից մինչ օրս)

1974 թւականին Կիպրոս ռազմական ներխուժմամբ Անկարան հաստատեց կղզու փաստացի բաժանումը, որը շարունակւում է արդէն 6-րդ տասնամեակը։ Թուրքիայի իշխանութիւններն իրականացրեցին ժողովրդագրական փոփոխութեան ագրեսիւ քաղաքականութիւն՝ հիւսիսում գտնւող իրենց բնօրրանից վտարելով 170-200 հազար բնիկ յոյն կիպրացիների: Տարածքը վերջնականապէս իւրացնելու նպատակով Թուրքիան, Ժնեւի կոնւենցիայի խախտմամբ, կազմակերպեց բնակչութեան պետական տեղափոխում՝ հիւսիս բերելով տասնեակ հազարաւոր թուրք վերաբնակիչների։

– Նէօգաղութատիրութիւն Հիւսիսային Սիրիայում (2016 թւականից մինչ օրս)

Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում թուրքական զինւած ուժերը յաջորդական ռազմական գործողութիւններ իրականացրեցին՝ Հիւսիսային Սիրիայում 30 կիլոմետր խորութեամբ բուֆերային գօտու բռնազաւթման համար, ինչը ռազմական բռնազաւթման դասագրքային օրինակ է՝ նէօգաղութատիրութեանը բնորոշ գծերով։ Այս ռազմավարութեան կենտրոնում վարչական եւ մշակութային ոչնչացման համակարգւած գործընթացն է, որի ընթացքում Թուրքիան տեղական սիրիական առողջապահութեան, կրթութեան եւ դատական ​​ոլորտները անմիջապէս դրեց Թուրքիայի ներսում գտնւող Հաթայի նահանգապետարանի բիւրոկրատական ​​վերահսկողութեան տակ։

Այս կենտրոնացւած իշխանութեան ներքոյ դպրոցական ծրագրերը բռնի ուժով փոխւեցին թուրքականի, որպէս հիմնական արժոյթ ներմուծւեց թուրքական լիրան, իսկ քրդական փողոցների տեղական անւանումներն ու մշակութային տօները խստիւ արգելւեցին։

– Ռազմական ներխուժում Արցախ (2020-2023 թթ.)

Թուրքիայի ժամանակակից տարածաշրջանային յաւակնութիւններն էապէս ձեւաւորել են Հարաւային Կովկասի քարտէզը՝ կիրառելով արդիական ռազմական ուժ՝ տեղական ժողովրդագրութիւնն ուղղակիօրէն փոխելու նպատակով: 2020 թւականի Ղարաբաղեան պատերազմի ընթացքում Թուրքիան ցուցաբերեց վճռորոշ, ուղղակի ռազմական, հետախուզական եւ լոգիստիկ աջակցութիւն Ադրբեջանին: Թուրք բարձրաստիճան զինւորականները ղեկավարում էին օպերատիւ պլանաւորումը, մինչդեռ առաջատար անօդաչու թռչող սարքերը կիրառւում էին հայկական պաշտպանութիւնը ոչնչացնելու համար: Բաքւի ռազմական յաղթանակը յաջողութեամբ կոտրեց երեք տասնամեակ տեւած փակուղին՝ ուղղակիօրէն ճանապարհ հարթելով Արցախից շուրջ 120 հազար բնիկ հայերի ամբողջական տեղահանման եւ էթնիկ զտման համար 2023 թւականին։

– Քրդական ենթակառուցւածքների ռմբակոծութիւն Սիրիայում եւ Իրաքում (2023 թ.)

 2023 թւականի հոկտեմբեր. Անկարան սկսեց օդային եւ անօդաչու թռչող սարքերի ինտենսիւ ու աւերիչ հարւածների արշաւ Սիրիայի եւ Իրաքի քրդաբնակ շրջանների դէմ՝ վնասելով կենսական նշանակութիւն ունեցող մարդասիրական ենթակառուցւածքները, այդ թւում՝ ջրամղիչ կայանները, էլեկտրակայանները, նաւթաւերամշակման գործարանները եւ կենցաղային գազի օբիեկտները։ Ընդգծելով յարձակման ահռելի մասշտաբը՝ իրաւապաշտպան կազմակերպութիւնները հաղորդել են Իրաքում մինչեւ 2024 թւականի կէսերին իրականացւած աւելի քան 1000 առանձին ​​օդային հարւածների մասին:

– Օրինականացւած լռութիւն. Թուրքիայի քրէական օրէնսգրքի յօդւած 301

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն արգելւած է Թուրքիայի դատական ​​համակարգի կողմից: Այս պատմական ոճրագործութիւնները քննարկել փորձող այլախոհներին, լրագրողներին եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին պատժելու հիմնական իրաւական մեխանիզմը Թուրքիայի քրէական օրէնսգրքի 301-րդ յօդւածն է:

301-րդ յօդւածը քրէականացնում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետութեանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակայնօրէն վիրաւորելու» արարքը։ Այս օրէնքով դատապարտւած իւրաքանչիւր ոք ենթարկւում է ազատազրկման՝ վեց ամսից մինչեւ երկու տարի ժամկէտով։ Օրէնքն ագրեսիւ կերպով կիրառւում է այն անձանց թիրախաւորելու համար, որոնք հրապարակայնօրէն օգտագործում են «ցեղասպանութիւն» բառը կամ հրապարակում են ազգային փոքրամասնութիւնների կոտորածները մանրամասնող աշխատութիւններ։ Այս օրէնքով հետապնդւել են յայտնի մտաւորականներ, այդ թւում՝ Նոբէլեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը՝ հայերի եւ քրդերի զանգւածային սպանութիւնները յիշատակելու համար: Նոյն կերպ, խաղաղութեան ակտիւիստ Եանիս Վասիլիս Եայլալին երկու տարով ազատազրկւել է Հայոց եւ յոյների Ցեղասպանութիւնների զոհերի յիշատակը ոգեկոչելու համար։

Պետականօրէն հովանաւորւող այս իրաւական թիրախաւորման վտանգն ամբողջութեամբ ի յայտ եկաւ պոլսահայ ականաւոր լրագրող Հրանտ Դինքի նշանակալից դատական գործով։ Դինքը Հայոց Ցեղասպանութեան մասին իր յօդւածների համար 301-րդ յօդւածով բազմիցս ենթարկւել է քրէական հետապնդման եւ դատապարտւել։ Պետութեան հանրային իրաւական արշաւը նրան ներկայացրեց որպէս դաւաճան՝ ստեղծելով թշնամական ներքին միջավայր, ինչն ի վերջոյ յանգեցրեց 2007 թւականին ծայրահեղ ազգայնականի կողմից նրա սպանութեանը։ Չնայած օրէնքը փոփոխւեց 2008 թւականին՝ գործ յարուցելուց առաջ Արդարադատութեան նախարարութեան յստակ թոյլտւութիւնը պահանջելու համար, այն մնում է պետական գրաքննութեան հզօր գործիք՝ վախի միջոցով արդիւնաւէտօրէն պարտադրելով պետութեան կողմից հաստատւած պատմութիւնը։

Էրդողանի բարոյական գերազանցութեան եւ ընտրողական բարոյախօսութեան վտանգը

Պնդելով, թէ Թուրքիայի անցեալում եղել է «միայն արդարութիւն եւ կարեկցանք», Էրդողանն, ըստ էութեան, ջնջում է միլիոնաւոր բնիկ փոքրամասնութիւնների սերունդների ցաւն ու ապրած փորձառութիւնը, որոնք համակարգւած կերպով արմատախիլ են արւել Արեւելեան Թրակիայից, Անատոլիայից, Հայկական լեռնաշխարհից, Կիպրոսից եւ Լեւանտից։

Եզրակացութիւն

Պատմական կատարելութեան մասին համատարած պնդումները քաղաքական նպատակայարմարութեան գործիքներ են, այլ ոչ թէ պատմական իրականութիւն։ Օսմանեան կայսրութեան ուշ շրջանից մինչեւ Թուրքիայի Հանրապետութիւն իշխանութեան փոխանցումն անժխտելիօրէն բարդ, խորը սպիներով լի ժառանգութիւն է, որը պահանջում է թափանցիկութիւն, բաց արխիւային հասանելիութիւն եւ մութ էջերին ազնւօրէն առերեսւելու քաջութիւն։ Այս համակարգային վէրքերն իսկապէս բուժելու համար Թուրքիան պէտք է իրականացնի «ճշմարտութեան եւ հաշտեցման» գործընթաց։ Նման շրջանակը պետութեանը թոյլ կը տայ առերեսւել պետական հովանաւորչութեամբ իրականացւած անցեալի անարդարութիւններին՝ հանրային վկայութիւնների, խորքային կրթութեան եւ պաշտօնական պատասխանատւութեան միջոցով՝ ապացուցելու, որ իրական արդարադատութիւնն ու միջազգային հեղինակութիւնը չեն կարող կառուցւել պետութեան կողմից պարտադրւած լռութեան վրայ։ Թուրքիայի համար համաշխարհային ասպարէզում իսկական բարոյական առաջնորդութեան հասնելը պահանջում է հրաժարւել պաշտպանական քաղաքական հռետորաբանութիւնից եւ արտերկրի զոհերի համար պահանջւող նոյն կարեկցանքը տարածել նաեւ սեփական պատմական տարեգրութեան զոհերի յիշատակի վրայ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button