Հասարակական

Քոչինգն ինչպէ՞ս է աշխատում

Ծանօթութիւնից մինչեւ կիրառութիւն. քոչինգը դպրոցում, աշխատանքում, ընտանիքում եւ որոշումներ կայացնելիս

ԱՐԹԻՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

 

Քոչինգի մասին մեր շարքի այս շաբաթւայ թեման է՝ ինչպէ՞ս է աշխատում քոչինգը, ո՞ր ոլորտներում կարող է օգտակար լինել եւ ինչպէ՞ս կարող է օգնել մեզ որոշումներ կայացնելիս։

 

Կարճ յիշեցում նախորդ համարից

Նախորդ համարում միասին անդրադարձանք այն հարցին, թէ ի՞նչ է քոչինգը եւ ինչո՞վ է այն տարբերւում մենթորինգից ու խորհրդատւութիւնից։ Տեսանք, որ քոչինգը երկխօսութեան վրայ հիմնւած, կառուցակարգւած գործընթաց է, որի ընթացքում քոչը որպէս «մտածողութեան գործընկեր» կանգնում է դիմորդի կողքին՝ օգնելով նրան յստակեցնել իր նպատակները, մարտահրաւէրներն ու հնարաւոր լուծումները։

Կամ, մեզ ընկալելի լեզւով, քոչն օգնում է մարդուն բացայայտել իր ներսում եղած «քանդակը»։ Հոգեբանութեան եւ քոչինգի մէջ Միքելանջելոյի էֆեկտը վերաբերում է այն գործընթացին, երբ մէկ անձ՝ քոչը, գործընկերը կամ ուղեկիցը, աջակցութեան, յետադարձ կապի եւ խրախուսման միջոցով օգնում է միւսին բացայայտել իր «իդէալական ես»-ը։

Այս իմաստով քոչը նման է քանդակագործի․ նա չի ստեղծում քանդակը, այլ օգնում է հեռացնել խոչընդոտների, սահմանափակող համոզմունքների եւ անարդիւնաւէտ սովորութիւնների շերտերը, որպէսզի մարդը հասնի իր սեփական լաւագոյն տարբերակին։

Իսկ մենք այս շաբաթ ուզում ենք մէկ քայլով առաջ գնալ եւ պատասխանել այս հարցին՝

Քոչինգն ինչպէ՞ս է աշխատում գործնականում։ Որտե՞ղ է այն կիրառելի, եւ ինչպէ՞ս կարող ենք դրա գործիքներն օգտագործել առօրեայ որոշումների հարցում։

 

Քոչինգն ինչպէ՞ս է աշխատում

Քոչինգային հանդիպման ընթացքում սովորաբար անցնում են հետեւեալ փուլերով.

Թեմայի յստակեցում → հանդիպման նպատակի սահմանում → խորքային հարցադրումների միջոցով ուսումնասիրութիւն → գործողութեան ծրագրի մշակում → պատասխանատւութիւն եւ հետեւողական վերահսկում

Կարեւոր է նշել, որ քոչը չի դատում եւ չի խառնւում դիմորդի անձնական հարցերին։ Նրա հետաքրքրասիրութիւնը նպատակ ունի բացայայտելու նոր դիտանկիւններ եւ առաջացնելու ներքին «կայծ»՝ նոր բան գիտակցելու եւ տեսնելու համար (Evoke)։

Քոչինգը «պատասխան տալու» փոխարէն օգնում է դիմորդին ինքնուրոյն գտնել պատասխաններն իր մէջ։

Որտե՞ղ է կիրառւում քոչինգը

1. Դպրոցում եւ կրթութեան ոլորտում

Աշակերտը կամ ուսանողը կարող է քոչինգից օգտւել մասնագիտութիւն ընտրելու, ուսման ծրագիր կազմելու կամ քննութիւնների սթրեսը կառավարելու համար։

Ուսուցիչներն ու դպրոցի խորհրդատուները քոչինգային մօտեցմամբ կարող են խորհուրդ տալու փոխարէն աշակերտին մղել մտածելու եւ գիտակցւած ընտրութիւն կատարելու։

 

2. Աշխատավայրում եւ բիզնեսում

Ղեկավարները կարող են այն կիրառել ռազմավարական որոշումներ կայացնելիս, լիազօրութիւններ փոխանցելիս կամ թիմում տարաձայնութիւնները լուծելիս։

Աշխատակիցները՝ մասնագիտական զարգացման, առաջխաղացման կամ կարիերայի ուղղութիւնը փոխելու հարցերում։

 Թիմերը՝ նպատակները յստակեցնելու, պարտականութիւնները բաշխելու եւ համագործակցութիւնը բարելաւելու համար։

 

3. Ընտանիքում եւ անձնական կեանքում

Ամուսինները կարող են այն օգտագործել տնային պարտականութիւնների բաշխման, ֆինանսների կառավարման կամ ընտանիքի ապագայի ծրագրերի շուրջ երկխօսելու համար։

Ծնողները՝ երեխաներին կարեւոր որոշումներ կայացնելու հարցում օգնելու համար, օրինակ՝ մասնագիտութիւն կամ արտադասարանական զբաղմունք ընտրելիս, առանց սեփական կարծիքը նրանց պարտադրելու։

Անհատները՝ ժամանակի կառավարման, նոր սովորութիւններ ձեւաւորելու՝ օրինակ մարզանքի կամ ընթերցանութեան, եւ կենսակերպը փոխելու համար։

 

4. Յարաբերութիւններում

Ընկերները, գործընկերները կամ ընտանիքի անդամները կարող են քոչինգային հմտութիւնների՝ ակտիւ լսելու, բաց հարցեր տալու եւ չդատելու միջոցով բարելաւել իրենց հաղորդակցութեան որակը։

«Դու պէտք է…» ասելու փոխարէն կարելի է հարցնել․

«Ի՞նչ ես մտածում ինքդ»։

«Ի՞նչն է քեզ համար կարեւոր»։

 

Քոչինգը եւ որոշումներ կայացնելը ինչպէ՞ս կարող է օգնել

Կարեւոր որոշումները՝ աշխատանքը փոխելը, սեփական բիզնես սկսելը, արտագաղթը, ամուսնութիւնը կամ ներդրում կատարելը, յաճախ ուղեկցւում են վախով, անորոշութեամբ եւ ճնշմամբ։

Քոչինգը յատկապէս նման իրավիճակներում օգնում է՝

Յստակեցնել արժէքները․

այս որոշման մէջ ի՞նչն է իսկապէս կարեւոր քեզ համար՝ անվտանգութի՞ւնը, աճը՞, ազատութի՞ւնը։

Բացայայտել տարբերակները․

քո տեսած այս երկու ճանապարհներից բացի ուրիշ ի՞նչ հնարաւորութիւններ կան։

Գնահատել ներքին օգուտներն ու կորուստները․

եթէ ընտրես այս ճանապարհը, ի՞նչ կը շահես եւ ի՞նչ կը կորցնես։

Մշակել փոքր քայլեր․

ո՞րն է առաջին փորձնական քայլը, որը կարող ես կատարել յառաջիկայ մէկ շաբաթւայ ընթացքում։

Նւազեցնել վերլուծական կաթւածները (ընդհատումները)․

անվերջ մտածելու փոխարէն դիմորդին օգնել անցնելու փոքր գործողութիւնների եւ այդ գործողութիւններից սովորելու։

Այսպիսով, քոչինգը որոշում կայացնելը վերածում է գուշակելու եւ զգացական ճնշման գործընթացից գիտակցւած, քայլ առ քայլ եւ պատասխանատու գործընթացի։

 

Յաջորդ համարում

Յաջորդ համարում միասին կը փորձարկենք քոչինգային որոշումներ կայացնելու պարզ եւ գործնական մի մեթոդ, որը կարող էք կիրառել՝ ինքնուրոյն՝ անձնական եւ մասնագիտական որոշումների համար, կամ գործընկերոջ, ընկերոջ կամ ձեր երեխայի հետ զրոյցի ընթացքում։

 

Արթին Յովսէփեան

Մարքեթինգային ռազմավարութեան աւագ մասնագէտ, Իրանի անհատական եւ բիզնեսի զարգացման քոչերի միութեան անդամ

Co-Active Coaching-ի քոչ

Տեղեկութիւն․ Co-Active Coaching-ը քոչինգի ժամանակակից մօտեցումներից է, որը հիմնւած է քոչի եւ դիմորդի ակտիւ գործընկերութեան, փոխկապակցւածութեան եւ կենդանի փոխազդեցութեան վրայ։ Այս մօտեցման հիմնական գաղափարներից մէկն այն է, որ մարդիկ ի սկզբանէ ստեղծագործ, կարող եւ ամբողջական են ու իրենց հարցերի պատասխանները կրում են իրենց ներսում։

Related Articles

Back to top button