Դաշնակցական Բեմ

ՄԵՔՔԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱ՞Ն, ԹԷ՞ ՍՊԱՌՆԱԿԱՆ…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու

 

1. Վերջերս Ս. Արաբիայի՝ մուսուլմանների գլխաւոր ուխտավայր Մեքքայում, նոյն անւամբ եռեակ պայմանագիր է կնքւել Ս. Արաբիայի թագաժառանգ Բին Սալմանի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ…։ Այդ առթիւ եռակողմ յայտարարութեան մէջ շեշտւած է, որ պայմանագիրը բացառապէս կրում է պաշտպանական բնոյթ, որին, ինչպէս ստորագրեալներն յայտարարեցին, կարող են միանալ տարածաշրջանային այլ երկրներ, զորօրինակ՝ Եգիպտոսը…։

2. Ինչքան էլ եռեակի անդամներն պնդեն, թէ պայմանագիրը պաշտպանական նպատակներ է հետապնդում, բայց պարզից էլ պարզ է, որ աշխարհագրա-քաղաքական ներկայիս իրավիճակն ապացուցում է, որ Մեքքայի պայմանագիրն նոյնպէս պարունակում է սպառնական տարրեր, որոնք երեւան եկան ստորագրւելուց դեռ օրեր չանցած։

Այս առթիւ առաջին սպառնալիքն հնչեցրեց Պակիստանի վարչապետը, երբ միանգամայն յիշելո՜վ Հնդկաստանի հետ ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման խոչընդոտների մասին, յայտարարեց, որ «եթէ Հնդկաստանն սահմանափակի մեր ջրային ռեսուրսների կարմիր գծերը, ապա Պակիստանը ուղղակի եւ անմիջական է պատասխանելու…»։

3. Կամ, Եգիպտոսից բացի, եռեակը անուղղակի հրաւէր է ուղղել նաեւ Իրանին, որպէսզի իմիտացիոն տպաւորութիւն ստեղծի, որ պայմանագիրն հակա-Իրան նպատակ չի հետապնդում։ Սակայն, ո՞վ չգիտի, որ ներկայիս Պարսից ծոցի ԱՄՆ-ԻԻՀ պատերազմական անկանխատեսելի իրավիճակից բխած՝ կարող է տեղի ունենայ նաեւ Ս. Արաբիա-Իրան արդէն բազմիցս նախադէպը ունեցած զինական բախումներ, որոնց նկատմամբ, ինչպէս յայտնել են եռեակի անդամները, անտարբեր չեն կարող լինել։ Եւ սա ինքնին ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ անուղղակի սպառնալիք՝ Իրանի դէմ։

4. Եւ ահա, ժամանակագրական պահի թելադրանքից էլ ելնելով էր երեւի, որ վերոգրեալ սպառնական յայտարարութիւններին անմիջականօրէն յաջորդում է ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի եւ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հեռախօսազրոյցը, որտեղ երկուստեք պատրաստակամութիւն է յայտնւում անխտիր բոլոր բնագաւառներում երկու հինաւուրց երկիր-ժողովուրդների յարաբերութիւնների առաւել զարգացում-ամրապնդումը…։

Նոյնպէս՝ ժամանակագրական պահի օրինաչափութեան դրսեւորումներ էին, գրեթէ միաժամանակեայ, Իրան-Թուրքիա ռազմաքաղաքական պատգամների փոխանակումը. մէկ կողմից ԻԻՀ-ի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ներկայացուցչի կողմից Թուրքիայի հովանաւորութիւնն վայելող Սիրիայի ինքնակոչ իշխանաւորներին խիստ զգուշացման հրաւիրելն էր՝ Լիբանանի «Հեզբօլլահ»-ի դէմ հաւանական յարձակման համար, իսկ միւս կողմից՝ նոյնինքն Էրդողանի յայտարարութիւնը, իր վերջին ասուլիսում, երբ հերթական անգամ իր երկրի աջակցութիւնն բարձրաձայնելով՝ ասում էր թէ՝ մենք Սիրիային միայնակ չենք թողնելու…։

5. Մեքքայի պայմանագիրը բնութագրելիս, պրն. Էրդողանը նաեւ դա նմանեցրել է ՆԱՏՕ-ի դաշինքի պաշտպանական պայմանագրի 5-րդ կէտի հետ, որտեղ ընդգծւած է՝ «յարձակում՝ իւրաքանչիւր անդամի դէմ, կը նշանակի յարձակում՝ բոլոր անդամների դէմ»…։ Իսկ Էրդողանի սոյն խօսքերին զուգահեռ, հնչեց ԱՄՆ նախագահ Թրամփի շնորհաւորական ուղերձը՝ Մեքքայի պայմանագրի առնչութեամբ, դա համարելով «…առաջին եւ համարձակ քայլը՝ Միջին արեւելքի երկրների միասնական պաշտպանութեան համար…»։

6. Թէ ումի՞ց պաշտպանւելու ուրւագիծ է մշակւել Մեքքայի հանդիպմանը, ցոյց կը տայ ժամանակը. բայց մինչայդ փաստենք, որ համահեղինակ երեք երկրներն էլ Իսլամի Սուննիական դաւանանքի կրողն են ըստ ամենայնի (յիշողութիւններում թարմ է նոյն այս երեք երկրների առնչութիւններն՝ ԴԱԷՇ-ական պատուհասի հետ), որոնք միշտ էլ հակոտնեայ դիրքորոշումներ են ցուցաբերել յատկապէս Շիի դաւանանքի հիմնասիւն երկիր՝ Իրանի եւ նրա տարածաշրջանային համախոհ ուժերի նկատմամբ, թէ՛ Սիրիայում, թէ՛ Լիբանանում եւ թէ՛ այժմ էլ՝ Իրաքում ու Եմէնում…։

7. Եւ վերջապէս նմանատիպ պայմապագիրն կարելի է դիտարկել առհասարակ ԱՄՆ-ՆԱՏՕ-ական աշխարհաքաղաքական նպատակների իրականացման համատեքստում, որով էլ ուրւագծւել են «Նոր Միջին արեւելքի» ինչպէս ճանապարհային, այնպէս էլ՝ տարածքային աւազակապետական քարտէզները…։

Յ. Գ.- Մինչ այս, մինչ այն, հէնց օրերս էլ Ռուսաստանի Դաշնութիւնը զգուշացրել է թէ՛ Թուրքիային, եւ թէ՛ ԱՄՆին, Ուկրաինային նոր խմբաքանակներով զէնքզինամթերք մատակարարելու համար, յայտարարելով, որ նման գործելակերպը վնասելու է փոխադարձ յարաբերութիւններին։

Related Articles

Back to top button