Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Հայաստանի բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին տիրապետող անձն առնւազն բիտանա-թուրքական նառատիւն է սպասարկում»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Հայաստանի հանրային հեռուստատեսութեան եթերում Արծրուն Յովհաննիսեանի արտայայտած վերջին մտքերին:

«Պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակւած կերպարն ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի յաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կը լինէր, որովհետեւ Հիտլերի Գերմանիան պատմական Հայաստանն էր վերականգնելու ու Հայաստանի տարածքից նւաճելու էր Թուրքիան։

Բացարձակապէս կարեւոր չէ, թէ որքանով է ճիշտ այդ տեսակէտը։ Կարեւորն այն է, թէ ինչ մտածողութիւն ունէր 44-օրեայ պատերազմի պաշտօնական քարոզիչը։

Մենք պատերազմում էինք Ադրբեջանի եւ Թուրքիայի դէմ, որոնց գլխաւոր մոդեռատորը Բրիտանիան էր, իսկ նրա թշնամին Ռուսաստանն էր, որը պէտք է հեռացւէր Կովկասից, ինչի համար անհրաժեշտ էր մեր պարտութիւնն ու Արցախի ամբողջական հայաթափումը։ Պատերազմից յետոյ հէնց Երեւանում այդ մասին բացայայտօրէն յայտարարում էին ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարն ու իր կոլեգաները, որոնք մինչ այդ կազմակերպեցին նաեւ Պրահայի յայտարարութիւնը։

Փաստօրէն, մեր բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին տիրապետող անձն առնւազն բիտանա-թուրքական նառատիւն է սպասարկում։

Իսկ արդեօք նա միա՞կն է եղել այդպիսին եւ իրեն նշանակողները եւս Հայաստանի միտումնաւոր պարտութեանը նոյնպէս չեն սպասարկել։

Խմբակային դաւաճանութեան հիմքեր են կարծես թէ բացայայտւում»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ նախօրէին Հ1-ի եթերում, Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ Արծրուն Յովհաննիսեանը յայտարարել էր. «Մեզ համար ամենածանր միֆերից մէկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկութիւնն է թուրքական ներխուժումից։

Թուրքիան Գերմանիայի հետ ունէր չէզոքութեան որոշակի պայմանագիր եւ որոշակի նիւթեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որեւէ էական ուժ չունէր յարձակւելու Կովկասում՝  նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիւային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ունէր ծրագիր՝ մշակւած, յստակ ծրագիր էր։ Եւ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթէ Գերմանիան Ստալինգրադից յետոյ իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիւիզիաներ, ցամաքային զօրքեր, այդ թւում նաեւ՝ անկախ Հայաստանից արդէն նաեւ հայկական լեգէոները, որի մասին գիտէք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայեան, այդ ուղղութեամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպէսզի ռազմագերիութեան կարգավիճակ ունեցող հայերից ձեւաւորեն հայկական լեգէոն եւ որոշակի ձեւաւորւած հայկական լեգէոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողութիւն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթէ նման բան լինէր, պիտի ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժէին, գրաւէին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ միացեալ պատմական Հայաստանի ստեղծում»։

Related Articles

Back to top button