ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական միութեան յայտարարութիւնը
ՀՀ գործող իշխանութիւնը չի դադարում մեր երկիրն ու ժողովրդին օր օրի ծանրացող վտանգների առաջ կանգնեցնելով անմնացորդ կատարել թշնամական երկրի ղեկավարի իւրաքանչիւր պահանջ:
Հայկական երկրորդ Հանրապետութեան բռնի հայաթափման գործը գլուխ բերելուց յետոյ, Արցախի պետական ինստիտուտների գործունէութեան դէմ այս օրերին կատաղի պայքար մղելուն զուգահեռ՝ ՀՀ իշխանութիւնները միակողմանի զիջումների նոր փաթեթ են նախապատրաստել։ Հերթը Տաւուշինն է՝ հայ-ադրբեջանական շփման գծի միակ ամուր եւ կահաւորւած առաջնագծինը։ Տաւուշի գիւղերի յանձմամբ ոչ միայն փլուզւում է տասնամեակներով ամրացւած առաջնագիծը, այլեւ թշնամու վերահսկողութեան տակ են անցնում ռազմավարական կարեւոր նշանակութեան բարձունքներ, միջպետական ճանապարհը, գազատարը, հնարաւորութիւն է տրւում ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներին ՀՀ հիւսիս-արեւելքում եւս խորանալ հայկական մի շարք բնակավայրերի խորը թիկունք։
Ակնյայտ է, որ թշնամու ախորժակը չի յագենում, Տաւուշի հատւածում միակողմանի զիջումների հաշւին յարաբերութիւնների կարգաւորումը մնալու է նոյնքան մշուշոտ եւ անհեռանկար, որքան չյանձնելու պարագայում է։
Դատապարտում ենք չընդհատւող միակողմանի զիջումների գործելակերպը գործող իշխանութեան կողմից եւ զգօնութեան ու զգաստութեան կոչ ենք անում մեր հայրենակիցներին, քանի որ սրանք զիջումներ են մեր եւ սերունդների հաշւին։
Թշնամին օր օրի մօտենում է մեզնից իւրաքանչիւրի տանը:
Նշենք, որ ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնը իրազեկման ակցիա է իրականացրել Երեւանի Դալմա Գարդէն մոլում։ Ակցիայի նպատակն է հանրութեանը իրազեկել Տաւուշում միակողմանի զիջումների հետեւանքների մասին։