Դոկտ. Միրաբզադէն «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում. «Իրանահայ արւեստի գործիչներին մոռանալն աններելի բացթողում կը լինէր»
«Երբ հասարակութիւնում աճում է մշակութային ապրանքների առաջարկը, դա նշան է, որ այդ հասարակութիւնն է աճել»
ՀԱՏԻՍ
Աշխարհում ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցւած ձեռարւեստի 400 ոլորտ կայ, եւ այդ ոլորտների աւելի քան երկու երրորդը հասանելի է Իրանում: Սակայն, ցաւօք, մենք 40-րդ տեղում ենք ձեռարւեստի արտահանման բուրգում:
Լոյս է տեսել «Թեհրանի ձեռարւեստը» գիրքը
Քլարա Աբգարը եւ Հրաչ Մկրտումեանը գրքի անւանիների ցուցակում են
«Թեհրանի ձեռարւեստը» գիրքը շրջանի ձեռարսւեստը խթանող հետազօտական աշխատութիւն է, որով ներկայացւածը Թեհրանի նահանգի ձեռարւեստի շուրջ 170 ոլորտներն են:
«Թեհրանի ձեռարւեստը» գրքի հեղինակ դոկտ. Էհսան Միրաբզադէն «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց, որ այս աշխատութեամբ ներկայացւածը Թեհրան նահանգի ձեռարւեստի ժամանակակից կարողութիւններն են միայն։
«Թեհրանի ձեռարւեստը (ձեռագործները)» 312 էջից կազմւած այս հատորով ներկայացւած են ոլորտի 151 յայտնի եւ աշխատող գործիչների արտադրանքը: Իրականութեան մէջ գիրքը նւիրւել է նոյն արւեստի գործիչներին, ովքեր ձեռարւեստի ոլորտում աչքի են ընկնում ոճային ուրոյն յատկութիւններով:
Նշելով, որ այս գիրքը կազմելու եւ հրատարակելու հիմնական նպատակը եղել է հետազօտական ուսումնասիրութիւնը, սակայն նա վստահեցնում է, որ գիրքը խթանելու է նաեւ ոլորտի ակտիւիստներին, յատկապէս, արդիւնաբերութեան սպառմանը, միաժամանակ բացայայտելով անյայտ, կամ ոչ այնքան յայտնի գործիչներին, նշում է գրքի հեղինակը:
Թեհրանում արտադրւած ձեռագործ աշխատանքների մասին պատմող այս գիրքը վաճառքի ենթակայ չէ եւ առայժմս այն տրւում է միայն ոլորտի ակտիւիստներին, զբօսաշրջութեան հարցերով փորձագիտական կենտրոններին, եւ Իրան այցելած որոշ զբօսաշրջիկներին:
«Թեհրանի ձեռարւեստի ու աւանդական արւեստների մասին պատմող այս աշխատութիւնը նոր շունչ է հաղորդում Իրանի հին պատմութիւնից սերած հարուստ մշակոյթի տարածմանը: Յախճապակէ սափորների զարդանախշումն ու փայտի վրայ քանդակումները, ասեղնագործւած կտորեղէն, ձեռագործ գորգեր, եւ հարիւրաւոր այլ բազմազան ու դեկորատիւ առարկաներ, որոնցից իւրաքանչիւրը մշակութային առումներով աւանդականից ժառանգւած ենթամշակոյթ կարելի է համարել։
Ժառանգութիւն, որը ստեղծւել է հազարամեակներ առաջ, իսկ այսօր, երբ արւեստի գործիչն ամէն անգամ վերծանում է նորովի, համատեղում է ժամանակակիցն ու աւանդականը, արւեստն ու տեխնիկան, եւ, յատկապէս, իր զգացմունքները, երբէք չես զգայ որ գործ ունես աւանդականի հետ:
Լաւագոյն պատմողը յաղթողն է
Ժամանակին է ասւել որ. «պատմութիւնը գրւում է յաղթողի ձեռքով»: Արւեստի ու մշակոյթի դէպքում՝ այն գրւում է լաւագոյն պատմիչի շնչով: Գրքի պատմիչը՝ Միրաբզադէն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ այնպէս չէ, որ միշտ են յիշում պատմիչին ու նրա ասածները: «Քլարա Աբգարը մահից առաջ կտակել էր, որ իր բոլոր աշխատութիւններն ու ստեղծագործական հաւաքածոն նւիրում է Մշակութային ժառանգութեան կազմակերպութեանը՝ սեփական բնակարանի հետ մէկտեղ, որը տուն-թանգարան էութեան կողքին պիտի ծառայէր որպէս արւեստի ուսումնարան: Նա կտակել էր նաեւ, որ անապահով ընտանիքների երեխաներն այնտեղ սովորելու են անվճար:
Գրքի հեղինակը յաւելեց, որ, երբ ուսումնասիրութիւնների թելն իրեն ուղեկցել-բերել է՝ Քլարա Աբգարի արւեստի աշխարհ, ում աշխատանքներից նմուշներ էր պէտք գրքի համար, նա նկատել է, որ տարածքում միայն գրասենեակային աշխատանքներն են իրականացւում: «Ոչ ուսումնարան կար, ոչ էլ անապահով ընտանիքների երեխաներ..»,- նշում է Միրաբզադէն:
«Այս մասին բարձրաձայնել եմ նախարարութիւնում: Նրանք էլ անմիջապէս կարգադրեցին բնակարանին տալ Քլարա Աբգարի կտակին համապատասխան տեսք ու կարգավիճակ, որտեղ արդէն արւեստի ուսումնարանն է աշխատում եւ շօշափելի են Իրանի բարձարժէք արւեստագէտի ժառանգութիւնը»,- նշում է դոկտ. Միրաբզադէն:
Նա յաւելեց, որ անւանի իրանահայ արւեստագէտի աշխատութիւններից վեցը, որպէս՝ նմուշ բարձակարգ արւսետի, տեղ են գտել գրքի անւանիների բաժնում:
«Թեհրանի ձեռարւեստը» գրքի անւանիների բաժնում եւս մէկ իրանահայի անուն կայ:
Հրաչ Մկրտումեանի մասին պատմող էջով է ներկայացւած նրա անկրկնելի աշխատութիւններից նմուշներ: «Վարպետի գործերից արւած լուսանկարները թարմ են եւ արւել են հէնց գրքի աշխատակազմի պատւէրով»,- նշեց Միրաբզադէն:
Իրանը, գարնանային մշտադալար այգի
«Իրանը գարնանային այգի է» ասացւածքը կարելի է յիշել, յատկապէս, երբ նրա ժողովրդի ձեռագործ արւեստն ու գոյներն ես ուսումնասիրում: «Դարեր, նոյնիսկ հազարամեակներ կերտւած ու վերընթերցւած աշխատանքներն, այսօր եւս շարունակում են մնալ ինքնատիպ-աւանդական, նոյնիսկ, եթէ ամէն անգամ նորոյթներով են մատուցւել: Սակայն ժամանակի հետ համապատասխան ձեւ ու ձեւաւորում են ստանում ու այդպէս իր շնչով մինչեւ դարերի խորքերը ձգւող ստեղծագործութիւնը ժամանակակից կոչւելու առիթներ է ունենում:
«Այսօր Իրանում ժամանակակից արւեստի եւ աւանդական ձեռարւեստի համադրութիւնը կարելի է տեսնել պատմական ճարտարապետութիւնում ու շինութիւններում նաեւ: Այն շէնքերում, որոնք այս տարածաշրջանի կերտած պատմութեան տեսակից են: Դրանք շարունակում են մնալ ժամանակակից, նոյնիսկ եթէ այսօր հեղինակները ողջ չեն»,-նշեց նա:
Այսօրւայ Թեհրանը կարող է չափւել Սեֆիանների դարաշրջանի Սպահանի հետ
«Թեհրանի շրջանային մարզը ձեռագործով ու արւեստով նման է Սեֆիանների դարաշրջանի Սպահանին»,- նշում է Էհսան Միրաբզադէն՝ պատասխանելով «Թեհրանի նահանգն աւելի քիչ է յայտնի ձեռարւեստի արդիւնաբերութեան մասով» դիտողութեանը: Իսկ «ի՞նչն էր պատճառը, որ «Թեհրանի ձեռագործները» գրքով փորձել էք ներկայացնել հէնց այս քաղաքն ու շրջանը» հարցին պատասխանելով, նա նշեց. «Թեհրանի ներկայիս գործառոյթը նոյնն է, ինչ Սպահանի գործառոյթը Սեֆիանների ժամանակաշրջանում։ Այսինքն՝ մայրաքաղաք լինելը եւ կենտրոնական դիրքը բերում է նրան, որ Թեհրանում են ընդլայնել իրենց արհեստանոցները՝ ձեռագործով զբաղւող արւեստագէտները: Այդ իսկ պատճառով, մեր ուսումնասիրութիւններում մենք եկանք այն եզրակացութեան, որ Թեհրանում եղած շուրջ 200 ձեռագործ տեսակներից 170-ը կենդանի է եւ ունի պահանջարկ նաեւ: Մենք բոլոր այդ կենտրոնները դասակարգեցինք խմբային եւ անհատական բաժանումների: Դա հնարաւոր դարձաւ նահանգի մշակութային ժառանգութեան գլխաւոր վարչութեան փորձագէտների խորհրդակցութեամբ ու արհեստագործութեան երկու ականաւոր դասախօսներ՝ Շահրամ Համիդիի իւ Շահին Էբրահիմզադէի սերտ համագործակցութեամբ: Նմուշների լուսանկարների հարցում եւս մեզ աջակցել են Թեհրանի լաւագոյն լուսանկարիչները»,- նշեց պրն. Միրաբզադէն:
Նա յաւելեց նաեւ, որ Թեհրանի մարզում շուրջ 15 հազար արւեստի գործիչ կայ, ովքեր աշխատում եւ ներկայութիւն ունեն ձեռագործի ոլորտներում։ «Նպատակը գրքով արհեստագործական ոլորտը ներկայացնելն էր, այլապէս այս ոլորտում աշխատող բոլոր արւեստագէտներին ներառելը ծանրագոյն աշխատանքներից էր լինելու»,-յաւելեց նա։
Նա նշելով, որ «Թեհրանի ձեռարւեստը» գիրքը քայլ էր Թեհրան նահանգը ներկայացնելու, որպէս արհեստագործութեան ոլորտում ակտիւ գաւառներից մէկը, շարունակեց. «Մայրաքաղաք լինելու եւ այլ շրջաններից Թեհրան տեղափոխւած քաղաքացիների երեւոյթն իր հետ այստեղ է բերել նաեւ ձեռարւեստի բացառիկ փորձ եւ հմտութիւնների բազա: Այս մարզում է աշխատում ձեռագործի արդիւնաբերութեան շուրջ 170 ոլորտ: Սակայն շատերը Թեհրանը չեն ճանաչում որպէս ձեռարւեստի կենտրոն: Մինչդեռ ձեռարւեստի արտահանումների աւելի քան 30%-ը դարձեալ Թեհրանից է։
Միրաբզադէն յաւելեց. «Մենք տարբեր առարկաներ ենք առանձնացրել եւ այցելել ենք տարբեր արհեստանոցներ՝ լսարանին ձեռագործ աշխատանքների ճիշտ պատկերը ներկայացնելու համար: 150 ժամանակակից նկարիչներից 170 աշխատանք եւ անցեալ դարաշրջանի նկարիչներից 314 պատկեր է ներառւած գրքում»:
Կարեւորի մասին կէտերով
-Իրանն աշխարհում ձեռարւեստի բազմազանութեան ցուցակը գլխաւորող առաջին երեք երկրներից մէկն է:
-Աշխարհում ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցւած ձեռարւեստի 400 ոլորտ կայ, եւ այդ ոլորտների աւելի քան երկու երրորդը հասանելի է Իրանում:
Առաջին դիրքում է կանգած Չինաստանը: Իրանը երկրորդն է, իսկ Հնդկաստանը՝ երրորդը։ Նոյնիսկ որոշ մարդկանց կարծիքով, Իրանը պէտք է լինի առաջին տեղում արտադրանքի տեսականու առումով։
-Եթէ համեմատելու լինենք երկու երկրների՝ Իրանի եւ Չինաստանի ժողովուրդներին, ապա իրանցիներն ունեն ձեռարւեստի աւելի մեծ տեսականի՝ ապրանքների բազմազանութեանը եւ արտադրողների աւելի փոքր թւին համաչափ։
Աւելի քան մէկ միլիարդ բնակչութիւն ունեցող Չինաստանը ութսուն միլիոն բնակչութիւն ունեցող Իրանի համեմատութիւնն այս բազմազանութիւնն աւելի իմաստալից ցուցանիշ է դարձնում:
-Սակայն, ցաւօք, մենք 40-րդ տեղում ենք ձեռարւեստի արտահանման բուրգում:
-Դա նշանակում է, որ ապրանքատեսականու առումով մենք լաւագոյնն ենք, բայց արտադրութեամբ եւ արտահանմամբ՝ 40-րդը:
Եթէ այս ոլորտի անիւը պտտել յաջողւի, ապա ձեռարւեստի ոլորտում աշխատատեղերի ստեղծումը բացառիկ երեւոյթ ու փաստ է լինելու:
Ես կարդում էի մի համալսարանական ուսումնասիրութիւն, որտեղ նշւած էր. «Երբ հասարակութիւնում աճում է մշակութային ապրանքների առաջարկը, դա նշան է, որ այդ հասարակութիւնն է աճել»:
Այնպէս, որ յօդւածի համաձայն՝ մշակութային արտադրանքի մէկ շնչի հաշւով սպառման աճի հետ փոխւում է նաեւ սոցիալական վարքագիծը: «Չնայած գրքերի տպաքանակն այս ընթացքում զուգահեռաբար նւազել է: Սա խօսում է այն մասին, որ իրանցիների մշակութային վարքագիծը պէտք է հետաքննել»,- նշեց դոկտ. Միրաբզադէն:
-Իրանական սրճարանների նորաոճ ալիքի ժամանակներում սրճարանների ձեւաւորման եւ աքսեսուարների ընտրութեան հարցում եւս տեսնում ենք այս հայեցակարգը՝ ձեռագործ աշխատանքների առկայութեան փաստով:
-Դա երեւում է նոյնիսկ բաժակների ընտրութեան մէջ։ Խեցեգործական եւ կերամիկական սպասքի դէպքում նոյնպէս…
-Բացի այս, բարձրանում է նաեւ ձեռարւեստի արտադրանքի որակը։ Որովհետեւ գաւաթի գոյնն ու փայլը չպէտք է հեռանայ կամ գունաթափւի՝ մէկ-երկու լւացքից, կամ սպասք լւացող մեքենայում յայտնւելով:
Այսինքն, որտեղ արդիւնաբերութիւնն է կապւում արւեստի հետ, ներդրումային շունչ է հաղորդւում ոլորտին կապւող տեխնոլոգիական ծախսերին ու ձեռքբերւած փորձերին:
-Այսօր Իրանում ժամանակակից արւեստի եւ աւանդական ձեռարւեստի համադրութիւնը կարելի է տեսնել պատմական շէնքերում նաեւ: Այդ աշխատութիւնների մեծ մասը կարելի է տեսնել այն շէնքերում, յատկապէս, որոնք այս տարածաշրջանի պատմութեան կերտածն են ու համապատասխան էլեմենտներ են կրում: Դրանք շարունակում են վայելել ժամանակակցի պահանջարկը, նոյնիսկ, եթէ այսօր դրանց հեղինակները ողջ չեն:
-Յիշեցնենք, որ Թեհրանը համարւում է յախճապակու օրրանը պատմական Իրան: Իսկ Աբգինէի արւեստը, որպէս համամարդակայն ժառանգութեան արժէք՝ գրանցւած է ԻՒՆԵՍԿՕ-ում:
Յ. Գ. – Ցանկալի կը լինէր, եթէ պրն. Միրաբզադէն իր հեղինակած գրքից մէկ օրինակ տրամադրած լինէր յօդւածի հեղինակին, որպէսզի թէ աւելի լաւ, գաղափար կազմելս հնարաւորութիւն ստեղծւէր, եւ գրքի մասին կարծիքով ընթերցողի հետ կիսւելու առիթն ստեղծւէր, ինչը սակային չպատահեց…