ԹեհրանՀարցազրոյցՏնտեսական

SET coffee-ի գործադիր տնօրէն Արտեմ Շահբաբեան. «Սուրճը «հայկական»-ի փոխարէն «թուրքական»-ով անւանելը, գուցէ եւ ժամանակի կտրւածքով, շուկան չկորցնելու ենթատեքստ կրած լինի»

ՀԱՏԻՍ- Նոյեմբերի 24-ին «Իրան մալ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցաւ Իրանի սուրճարդիւնաբերութեան, հատիկների ներմուծման, եւ սուրճի մշակման իր տեսակի մէջ առաջին մասնագիտացւած ցուցահանդէսը։
Ցուցահանդէսին մասնակցած ընկերութիւնների կողքին աչքի էին ընկնում այնպիսի հեղինակաւոր բրենդներ, ինչպիսիք են «SET»-ը, «Սառ»-ը, «Մուլտի կաֆէ»-ն, «Bonmano»-ն, «REY»-ը, «MOA»-ը, «Elgado»-ն եւ այլն։
Բացի հայրենական ընկերութիւններից, այս ցուցահանդէսում իրենց արտադրանքը ներկայացրել էին նաեւ սուրճի որոշ յայտնի արտադրողներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բրազիլիան ու Վիետնամը:
Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ նոյեմբերի 15-ին, Ինդոնեզիայի, Քենիայի, Վիետնամի դեսպանների եւ Իրանում Բրազիլիայի եւ Ուգանդայի դեսպանների ու ներկայացուցիչների, ինչպէս նաեւ Պարէնի եւ դեղորայքի կազմակերպութեան գլխաւոր տնօրէնի, եւ Իրանի սուրճի միութեան նախագահի անմիջական մասնակցութեամբ՝ «Իրան մալ»-ի միջազգային միջոցառումների ու ցուցահանդէսների մշտական ​​կենտրոնում:
Իսլամական խորհրդարանի պատգամաւորներ Արա Շահվերդեանը, Ռոբերտ Բեգլարեանը, Շառլի Էնւիէն եւ Մոջթաբա Թաւանգարը, Իրանի եւ Թեհրանի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատների, Իրանի եւ Բրազիլիայի Առեւտրի միացեալ պալատի եւ «Ստանդարտ» հետազօտական ​​ինստիտուտի ներկայացուցիչների ներկայութիւնն այս իրադարձութեան կարեւորութեան խօսուն փաստերից կարելի է համարել:
Սուրճի մասնագիտացւած ցուցահանդէսում սուրճի արդիւնաբերութեան ոլորտում գործող շուրջ 60 ընկերութիւններ, այդ թւում՝ արտադրութեան, բովման, կանաչ հատիկների ներկրման, սրճարանների եւ շարժական սրճարանների եւ առհասարակ այս ոլորտում աշխատանքների իրականացման տաղաւարներում այցելուներին ներկայացւեցին համապատասխան արտադրանքը, սարքաւորումներն ու ծառայութիւնները։
Ցուցահանդէսի կազմակերպման առանցքային դերում էր «SET» ընկերութեան գործադիր տնօրէն, Իրանի սուրճի ասոցիացիայի լիազօր տեսուչ Արտեմ Շահբաբեանը:
Դոկտ. Շահբաբեանի հետ զրուցեցինք նման իրադարձութիւնների կարեւորութեան եւ առհասարակ սուրճի արտադրութեան եւ շուկայական մշակոյթի մասին:
Դոկտ. Արտեմ Շահբաբեանը մասնագիտութեամբ բժիշկ է, չնայած իր ակադեմիկ կրթութեանը նա վարում է Ցեղասպանութիւնից մազապուրծ դարձած Սէթ Շահբաբեանի հիմնադրած ընտանեկան բիզնեսը:
«SET» ընկերութիւնն առաջին իրանական ընկերութիւնն է, որին յաջողւել է (2007 թւականին) հաստատում ստանալ եւ դառնալ Եւրոպայի սուրճի մասնագիտացւած ասոցիացիայի անդամ (Speciality coffee association of Europe-այժմ փոփոխութիւններ է կրել այս անունը դառնալով SCA): Սուրճի վերամշակման հետ կապւած Արտեմ Շահբաբեանը վերապատրաստման բազմաթիւ դասընթացների է մասնակցել ուսումնական սեմինարներում: ԱՄՆ-ում եւս, որը ոլորտի արդիւնաբերութեան առաջամարտիկներից է մասնակցել է սուրճի վերամշակման մասնագիտացւած սեմինարների, յատկապէս, բովելու (Roasting) ոլորտում:
Նշենք, որ այս ցուցահանդէսի շրջանակում անց են կացւել երեք մասնագիտացւած սեմինարներ սուրճի զգայական վերլուծութեան, քիմքի ընկալման եւ սուրճի թեստաւորման թեմաներով։

Իրանական սուրճի շուկան, մեծամասամբ, գոյացել է երտասարդութեան պահանջարկի հաշւին: Իսկ նրանց եւ սուրճի միջեւ կապը խոշոր հաշւով եւրոպական մշակոյթի տիրոյթում ձեւաւորւած կենսակերպի արդիւնքն է: Այսինքն, եթէ սուրճ են ցանկանում խմել, ապա հետեւելու են նորաձեւ համարւող տեսականիին:

Հ.- Նախ պարզենք, թէ ինչ նպատակով է կազմակերպւել այս ցուցահանդէսը: Յատկապէս, երբ գիտենք, որ կազմակերպիչների կազմի անդամ է ինքը՝ Արտեմ Շահբաբեանը:

Արտեմ– Դժւար հարցերի բաժնից ամենաբարդը հէնց հեշտ թւացող հարցերին պատասխանելն է: Կարծում եմ բաւարար չէ ասելը, որ ցուցահանդէսը խթանելու է իւրաքանչիւր ոլորտի առեւտրին կամ ճանաչողութեան ձեռքբերմանը: Յատկապէս, երբ խօսքը սուրճի մասին է: Դեռ փոքր ժամանակներից եմ յիշում, որ սուրճ կարելի էր ձեռք բերել նաեւ «Դաֆթարչէ բասիջ»-ով: Ստւերում ընկած փիլիսոփայութիւնը մի կողմ թողնենք: Կարեւորը սուրճ գնելու երեւոյթն էր, որ քաղաքի հայանիստ շրջաններում կենդանի էր պահւում: Այսինքն, սրճելու մշակոյթ կար: Եւ պէտք է արձանագրել, որ որպէս մշակոյթ այն հէնց հայկական էր: Այսինքն հայերն էին, որ օրւայ ընթացքում, այդ էլ ճշգրիտ ժամին, սրճելու համար ընդմիջում էին անում: Սուրճ կարելի էր գնել այն պողոտաներից, որտեղ հայկական խանութներ կային: Ցուցահանդէսի պէս մի բան էր, եթէ նմանեցնել էք ցանկանում: Այսինքն, այցելուների համար կայ արտադրողների միջեւ ընտրութեան գնալու եւ սուրճի հետ առնչւելու բացառիկ հնարաւորութիւն:

Հ.- Չնայած այդ բաց երկնքի տակ ցուցահանդէսների ասպարէզում եւս մերոնց մօտ նահանջը նկատելի է…

Արտեմ- …ցուցահանդէսներին այցելելու մասով նոյնպէս: Չեմ կարող ասել այցելուների թւում քանի հայ կար, կամ առհասարակ եղել են հայեր թէ ոչ: Բայց, վերադառնալով անցեալին, ինչքան ասես անուն կարելի է յիշել՝ ումից սուրճ էին գնում մարդիկ. «Խաչիկ», «Կոլումբիա», «Սա՛ադի», «Սանթոզ», «Ռիօ», «Արբեթա», եւ էլի ուրիշներ, որոնք կամ այս պահին մտքիցս թռաւ, կամ ընդհանրապէս անանուն ծրարներով զբաղւած էին սուրճ մշակելով: Բոլորն էլ հայեր էին: Չնայած հատ ու կենտ հանդիպում էիր նաեւ ոչ-հայկական անունների: Ոչ մէկը ոլորտի զարգացման գործում կասկածի տակ առնել չէր կարող հայերի ունեցած դերը:

Իրանի սուրճի ասոցիացիայի լիազօր տեսուչ Արտեմ Շահբաբեանը «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում շօշափեց՝
Իրանում սուրճի օգտագործման 700-ամեայ պատմութիւնն ու դրա աւանդական թրմատեսակները, երիտասարդութեան կենսակերպն ու սուրճի նախընտրելի տեսակը, մեքենայացման դերը քիմքի ձեւաւորման հարցում, եւ ոլորտին կապւող այլ հարցեր

Հ.- Ժամանակակից ցուցահանդէսի մասին խօսելուց շարունակ անցեալն էք յիշում: Հետաքրքիր է իմանալ, որ այսօր ինչպէս են յիշատակում հայերի դերի մասին:

Արտեմ- Նոր սերունդին այնքան էլ ծանօթ անուն չէ հայկականն ու առհասարակ սուրճի ժամանակակից նախապատմութիւնը…

Հ.- Ի՞նչ կարող է տալ նման ցուցահանդէսը, յատկապէս, երբ գիտես՝ երկրում ցուցահանդէսների մշակոյթը կրում է իւրայատուկ տեսակ: Մարդիկ յաճախ ցուցահանդէս են այցելում նոյն օրինակով, ինչ ասենք, զբօսանքի գնալու լինեն:

Արտեմ– Անարդար կը լինէր բոլորին նոյն կերպ գնահատելը: Չնայած փաստը մնում է փաստ, որ, այո՛ կայ նման բան նաեւ: Իսկ, թէ ինչ կարող է տալ մեր ցուցահանդէսը նոյնիսկ նման այցելուներին, ասեմ, որ մարդիկ շրջելով տաղաւարից տաղաւար ծանօթանում են նոր արդիւնաբերութեան տեսակին ու տեխնիկաներին: Նրանք առաջինը առիթ են ունենում տարբեր բրենդների գործունէութեանը ծանօթանալու, երկրորդ՝ բրենդների մշակած ու մատուցած սուրճը համտեսելով ընտրութեան գնալու, եւ երրորդ՝ ցուցահանդէսները առիթ են պետական ու կառավարական պաշտօնեանների համար շփւելու եւ անմիջական հանդիպումների միջոցով պատկերացում կազմելու արդիւնաբերութեան ծաւալների, տնտեսվար շղթաների գոյացման, եւ, յատկապէս, սուրճարդիւնաբերութեան արդիւնքում ստեղծւած աշխատատեղիների մասին գաղափար կազմելու առումով:

Հ.- Իսկ ձեր նշած այդ արդիւնքները, ե՞րբ են տեսանելի դառնում արտադրողի համար:

Արտեմ- Օրինակով կը նշեմ: Ոչ հեռու անցեալում, երբ շուկայում պահանջարկը գերազանցում էր ներքին արտադրութեանը, անմիջապէս սկսում էին երեւալ արտասահմանեան բրենդների փաթեթաւորումով մթերք: Այնպէս, որ տեղականը չէր հասցնում տնօրինել կամ նոյնիսկ ծածկել պահանջարկը: Իսկ այսօր, հէնց նման ցուցահանդէսների շնորհիւ է նաեւ, որ տեղական արտադրողները ե՛ւ շուկայի ձեւաւորման առումով, ե՛ւ պահանջարկը ծածկելու առումով խօսք ունեն ասելու:

Հ.- Կարծում եմ հետաքրքիր կը լինէր իմանալ ձեր կարծիքը վերջերս «Արարատ»-ում ոլորտի մասին տեղի ունեցած կլոր սեղանի շուրջ նշւած ակնարկներից մէկի մասին: Այն, որ ժամանակն է «Ղահւէ արմանի»-ն որպէս որոշիչ բրենդ շրջանառութեան մէջ դնել, յատկապէս «Ղահւէ թորք»-ի փոխարէն, որն ըստ ոլորտի փորձագէտների չգիտես ինչու է շրջանառութեան դրւել, երբ շուկայի ձեւաւորման հիմքում էին նստած հէնց իրանահայերը:

Արտեմ- Մի անգամ նոյն առիթով հայ գործընկերներից մէկի հետ էինք զրուցում, ու շօշափւեց այն հարցը, որի համար թէեւ չես կարող նշել որեւէ պատմական փաստ, այնուամենայնիւ այնքան էլ տրամաբանութիւնից հեռու չէ: Այն, որ եթէ հէնց սկզբից «Ղահւէ արմանի» նշւած լինէր, գուցէ եւ յաջողութեան չհասնէին գործարարները, ինչ-ինչ պատճառներով, որոնք ժամանակի կտրւածքով ունէին իրենց կրօնական տրամաբանութիւնը: Բայց կրկնեմ, ոչ մի փաստ չկայ այս խօսքերի համար, դրանք տրամաբանութեան լարերից կախւած ենթատեքստ ունեն միայն:

Հ.- Իրադարձութիւնը կրում է «Իրանական սուրճարդիւնաբերութեան մասնագիտական ցուցահանդէս» անունը: Ուղղակի աչքիդ չի դիպչում իրանական աւանդական թուրմատեսակները, որոնք յայտնի են նաեւ իրանական աւանդական սրճաթուրմեր անունով, ինչպիսին «Ղութ»-ն է կամ «Եազդի»-ն, ինչպէս նաեւ «Դէլէ-ղահւէ»-ն, որը սգոյ հանդէսներին է մատուցւել սգւորներին, եւ այլն…

Արտեմ- Մեր այս զրոյցի առաջին բաժնում շօշափւեց երիտասարդների թեման: Վատ չէր լինի յաւելելը, որ իրանական սուրճի շուկան, մեծամասամբ, գոյացել է երտասարդութեան պահանջարկի հաշւին: Իսկ նրանց եւ սուրճի միջեւ կապը խոշոր հաշւով եւրոպական մշակոյթի տիրոյթում ձեւաւորւած կենսակերպի արդիւնքն է: Այսինքն, եթէ սուրճ են ցանկանում խմել, ապա հետեւելու են նորաձեւ համարւող տեսականիին: Էսպրէսսօ, Մակիատօ, Ամերիկանօ… այս ցուցակի շարունակութիւնը կարելի է տեսնել այսօր իւրաքանչիւր սրճարանի սեղանին դրւած մենիւներում: Նրանք սուրճը սուրճի համար չէ, որ խմում են, այլ սուրճը նրանց նմանեցնում է իրենց պատկերացրած անհատականութեանը, կամ միայն իրար շուրջ հաւաքւելու միջոցներից մէկն է այն: Այնպէս, որ աւանդականը գուցէ այնքան էլ յաջողւած քայլ չլինի որպէս արտադրութեան ուղղութիւն:

Հ.- Որպէս վերջին հարց, սուրճարդիւնաբերութեան ոլորտներից մէկն է բարիստայի աշխատանքը: Ինչ որ տեղ կարծես շատ մեքենայացւած արհեստ է: Ստացւում է այնպէս, որ մեքենան բացառես, ապա նրանք կորցնելու են նաեւ իրենց այդ ինքնավստահ կերպարը, ում նայելիս զգում ես սուրճի մասին շատ քիչ բան գիտես:

Արտեմ– Այսօր ամէն ինչն է մեքենայացւած: Եթէ բացառես, ապա ոչ մէկը առաջւանը չի լինի: Բարիստաներն էլ բացառութիւն չեն: Իսկ մեքենայի հետ աշխատելու արդիւնքում է, որ այսօր հնարաւոր է քիմք հասկացութիւնն իմաստաւորել: Այսինքն համային բազմազանութիւն: Իսկ այդ մեքենաների հետ աշխատելն էլ պակաս արւեստ չէ ու վարպետութիւն է պահանջում:

Related Articles

Back to top button