
«ԱԼԻՔ» – Երէկ՝ ուրբաթ, յունիսի 12-ին, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում կայացաւ միութեան «Սոխակ» երգի համոյթի «Սիրւած երգերի երեկոյ» խորագրով երաժշտական-պարային միջոցառումը, որի ընթացքում, մշակութային ծրագրից բացի, հնչեցին նաեւ համայնքային օրակարգին վերաբերող դիտարկումներ։
Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ, ազգային եւ մշակութային կառոյցների, ինչպէս նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ։
Ելոյթ ունենալով միջոցառման ընթացքում՝ Արա Շահվերդեանը նշեց, որ երկրում տիրող պայմանների հետեւանքով երկար ժամանակ հանրութեան հետ հանդիպումների առիթներ չեն եղել՝ շնորհակալութիւն յայտնելով Փերիոյ Կրթասիրաց միութեանը նման հարթակ ստեղծելու համար։
Նա առանձնակի գնահատանքով անդրադարձաւ Նոր Ջուղայից Թեհրան ժամանած Փերիոյ կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախմբի ելոյթին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնութիւնները հանդիսատեսին փոխանցում են ազգային ու մշակութային արժէքների պահպանման կարեւոր զգացողութիւն։
Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Շահվերդեանը նշեց, որ պատերազմական պայմանաւորւած իրադրութիւնը բացասաբար է անդրադարձել նաեւ հայ գործարարների գործունէութեան վրայ։ Միաժամանակ նա շնորհակալութիւն յայտնեց այն հայ գործարարներին, որոնք, չնայած կրած վնասներին, շարունակում են հնարաւորութեան սահմաններում պահպանել աշխատատեղերը եւ չկրճատել հայ աշխատուժը։
Պատգամաւորը տեղեկացրեց նաեւ, որ Թաւրիզ կատարած վերջին այցի ընթացքում, թեմի առաջնորդի եւ համայնքային պատասխանատուների հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկւել են համայնքային կառոյցների գործունէութեան եւ աշխատուժի պահպանման խնդիրները։ Նրա փոխանցմամբ՝ գնահատանքի է արժանի այն փաստը, որ Թաւրիզում փորձ է արւել կրճատումների փոխարէն գտնել այլ լուծումներ՝ վճարումները կրճատելով, կամ աշխատանքային ժամերը բաժանելով պահպանել աշխատուժը:
Անդրադառնալով կրթական ոլորտին՝ պրն. Շահվերդեանը հպանցիկ կերպով շեշտեց, որ հայկական դպրոցների պահպանման հարցը շարունակում է մնալ ազգային իշխանութեան պատասխանատուների ուշադրութեան կենտրոնում՝ ընդգծելով, որ առկայ խնդիրները պահանջում են աւելի զգուշաւոր, հաշւարկւած եւ հանրային իրազեկման վրայ հիմնւած մօտեցումներ։
Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որը ողջունեց ազգային երգի եւ պարի առանցքով մշակութային ծրագրի կազմակերպումը՝ նշելով, որ հայկական մշակոյթը պատմութեան ընթացքում ինքնարտայայտման եւ ինքնապահպանման կարեւոր միջոց է եղել։
Երաժշտական երեկոյին ելոյթ ունեցաւ «Սոխակ» երգի համոյթը՝ Հելենա Աղասարեանի խմբավարութեամբ եւ Սեւադա Աղասարեանի երաժշտական համադրութեամբ։
Տպաւորիչ մասնակցութեամբ հանդէս եկաւ Նոր Ջուղայի Փերիոյ կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը՝ պարուսոյց Ալինա Գրիգորեանի ղեկավարութեամբ։
Նշւած երեք մշակոյթի գործիչները երեկոյի ընթացքում գնահատակններով գնահատւեցին միութեան պատասխանատուների կողմից:






