Արամ Մանուկեան. «Դա հոգեկան հիւանդութիւն է՝ նախկին ամէն ինչը մերժելը»
«Առաւօտ»-ը զրուցել է նախկին պատգամաւոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկեանի հետ:
– Պարոն Մանուկեան, օգոստոսի 23-ը Անկախութեան հռչակագրի օրն է, պատմական ի՞նչ արժէք ու կարեւորութիւն ունի այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետութեան ու հայ ժողովրդի համար։
– Այն 600 տարւայ սպասւած փաստաթուղթ է, հայոց հաւաքական երազի արտայայտութիւնը։ Այն ծրագրային փաստաթուղթ է, պետականաստեղծ փաստաթուղթ է եւ ամենեւին ռոմանտիկ փաստաթուղթ չէ։ Անգամ այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը բացարձակ վերելքի վրայ էր, այս դահլիճում հաւաքւած մարդիկ շատ սթափ ու սառը ուղեղով փաստաթուղթ ստեղծեցին։ Ընդորում, դա ստեղծւեց բոլոր քաղաքական ուժերի համատեղ ուժերով եւ բացարձակ կոնսենսուսով։ Խնդիրը նաեւ հէնց դա էր՝ ստեղծել փաստաթուղթ, որի դէմ որեւէ մէկը չի խօսելու։ Եւ 191 կողմ ձայնով՝ առանց դէմի այդ փաստաթուղթն ընդունւել է՝ յիրաւի դառնալով պատմական փաստաթուղթ։ Դրանից յետոյ էլ անցել է 34 տարի, դեռ չէք գտնի մի քաղաքական կուսակցութիւն կամ որեւէ հանրային դէմք, որը դէմ կը խօսի այս փաստաթղթին։
– Բայց Հայաստանի այսօրւայ ղեկավարութիւնը դէմ է խօսում։
– Ես նրանց չեմ համարում երկրի ղեկավարութիւն, որովհետեւ այդպիսի ղեկավարութիւն պէտք չէ այս ժողովրդին, որը քննադատում ու բացասական կէտերն է փորձում վեր հանել՝ ցոյց տալով, որ ինքն աւելի ճիշտ է, քան իր սերունդը, որն անկախութիւն է բերել, որը հայ ժողովրդի 100 տոկոսանոց աջակցութեամբ է այդ փաստաթուղթը ստեղծել։ Դա հոգեկան հիւանդութիւն է՝ նախկին ամէն ինչը մերժելը։ Ես Անկախութեան հռչակագրի օրւայ ուղերձում շնորհաւորանք չտեսայ, այնտեղ միայն լաց էր, կոծ էր, բողոք էր, քննադատութիւն էր, մինչդեռ, այսօր տօն է։ Այդ փաստաթուղթը մեր պատմութեան լաւագոյն փաստաթուղթն է, որովհետեւ այդ փաստաթղթի մէջ առնւազն 50 բարեփոխում կար նախատեսւած՝ բանակի, սեփական խորհրդանիշների ստեղծում, հարկային, մաքսային համակարգերի ստեղծում եւ այլն։ Այդ փաստաթղթի մօտեցումների, սառնասրտութեան արդիւնքում մենք դիմացանք ու յաղթանակներ կերտեցինք, վերջապէս մենք պետութիւն ունեցանք, բանակ ունեցանք։ Այդ փաստաթղթի ու դրան յաջորդած հանրաքւէի արդիւնքում էր, որ ժողովուրդը հաւատաց, վստահեց, գնաց զոհաբերութեան, հաշտւեց այդ զոհաբերութիւնների հետ, բայց կերտեց իր երկիրն ու յաղթանակները։ Եւ դա 600 տարի ընդմիջումից յետոյ։ Շատ քիչ են այն ազգերը, որոնք անկախութիւն չունենալու այդքան մեծ միջանցք են ունեցել եւ հետագայում վերականգնել են իրենց անկախութիւնը։ Ինչքան ուշ ես վերականգնում, այնքան դժւար է վերականգնւում։ Եւ դրան գումարած կար Սովետական Միութիւնը, որը ցանկացած պահի կարող էր ոչնչացնել քո արժէքներն ու պետութիւնը։ Մենք անցել ենք այդ բարդութիւններով։
– Թշնամիները պարտադրում են Սահմանադրութիւնից հանել յղումը Անկախութեան հռչակագրին, խօսքը, մասնաւորապէս, Հայաստանի ու Արցախի վերամիաւորման որոշման մասին է։ Հայաստանի ներկայ իշխանութիւնները չեն թաքցնում, որ կարող են գնալ այդ ճանապարհով։ Եթէ գնան այդ զիջումներին, դա ի՞նչ հետեւանքներ կունենայ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
– Դա ամօթ ու նւաստացում է մեզ համար։ Չի կարելի գնալ այդպիսի քայլերի, ամօթ է, մենք մեզ ենք խայտառակում, ամբողջ աշխարհի առաջ ծիծաղի առարկայ ենք դառնում։ Ասէք, խնդրում եմ՝ այդ փաստը 1989 թւականի դեկտեմբերի 1-ին եղե՞լ է, թէ՞ ոչ։ Եղել է, չէ՞. երկու լեգիտիմ մարմիններ որոշում են կայացրել Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման մասին։ Դու պատռւես, երկինք թռնես, թէ իջնես գետնին, այդ փաստաթուղթը եղել է։ Այսինքն՝ դու փա՞ստն ես հերքում, մենք ընդամէնը ֆիքսել ենք այդ փաստը։ Բայց չէ՞ որ այդ կէտը յետոյ չեղարկւել է, ընդորում, չեղարկւել է դեռ Սովետական Միութեան ժամանակ։ Այնուհետեւ, հետագայում Արցախն է դա հերքել՝ Արցախը դրանից մէկ տարի յետոյ անկախացել է եւ հռչակել է իր անկախութիւնը։ Այսինքն՝ ինքն այս կէտից արդէն դուրս է գնացել, դա պատմական կէտ էր, բայց ինքն ընդունել է յաջորդ պատմական որոշումը՝ ստեղծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։
– Եթէ վերամիաւորման որոշումը չի գործում, ինչպէս դուք էք ասում, այդ դէպքում ինչո՞ւ են մեր թշնամիներն այդքան անհանգստացած, ինչո՞ւ են փորձում հանել Սահմանադրութիւնից այդ մասին յիշատակումը։
– Ոչ միայն այդ կէտը, այլ նաեւ Ցեղասպանութեան մասին կէտն է իրենց համար վիճարկելի կէտ։ Իրենք փորձում են հասնել նրան, որ մենք մեր իսկ ձեռքով մերժենք մեր պատմութիւնը, այսինքն՝ մենք խոստովանենք, որ սխալ ենք արել, երբ համարձակւել ենք խօսել Ցեղասպանութեան կամ վերամիաւորման փաստաթղթի մասին։ Սահմանադրութիւնն այդ կէտին յղում չի անում, հռչակագրի սկզբունքների վրայ է յղում անում։ Այսինքն՝ այդ կէտն ի՞նչ անենք, ոչնչացնե՞նք։ Ինչո՞ւ ես պատմական փաստերը մերժում։ Դու կարող ես համաձայն չլինել, քննադատել, ուղղումներ մտցնել, բայց ինչո՞ւ ես քո պատմական իրականութիւնը վերցնում եւ մի կողմ գցում։ Վերջին հաշւով, Սահմանադրութեան նախաբանը ոչ մի պահանջատիրութիւն իր մէջ չի պարունակում, չկայ այդպիսի մի բան։
– Բայց պահանջատիրութիւնը հայերի իրաւունքն է, կարող է եւ լինել։
– Այո, մեր իրաւունքն է։ Եւ միւս արգումենտը՝ բա 30 տարի ինչո՞ւ Թուրքիան մեզ դրա մասին չասաց, յանկարծ Ալիեւը յիշեց այդ փաստաթղթի մասին։ Այդ փաստաթղթից յետոյ Հէյդար Ալիեւը բազմաթիւ փաստաթղթեր է ստորագրել, որոնցով ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան գոյութիւնը։ Եւ հրապարակել է փաստաթուղթ, Ալիեւը հրամանագիր է ստորագրել եւ յանձնարարել պաշտօնապէս ձեւաւորել պատւիրակութիւն, բանակցային հանդիպումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ղեկավարութեան հետ։ Ալիեւի հայրն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյութիւնը եւ նրա հետ բանակցութիւնների մէջ մտել։ Ամբողջ աշխարհն է ընդունել, եռանախագահութիւնը՝ երեք գերտէրութիւն ընդունել են ԼՂՀ փաստը եւ նրա հետ նստել են բանակցութիւնների։ Միջնակեալ կարգաւորման բոլոր փաստաթղթերն ուղարկել են երեք երկրների ղեկավարներին՝ Հայաստան, ԼՂՀ եւ Ադրբեջան։ Այսինքն՝ ո՞ւր ես գնալու, եթէ մերժում ես իրականութիւնն ու պատմութիւնը։ Միայն Ալիեւի քիմքին հաճոյ պահանջնե՞ր ես կատարում, ինչի՞ համար, դու ո՞ւմ իշխանութիւնն ես, Հայաստանի՞, թէ՞ Ադրբեջանի։ Սա ամօթ է, նւաստացում է։
Ես ուզում եմ ասել՝ չի կարող լինել այդպիսի հանրաքւէ։ Նախ իրենք չեն կարող դա կազմակերպել, ժողովուրդը թոյլ չի տալու, իրենց ուսերը շատ նեղ են այդպիսի ծրագրեր իրականացնելու համար։
Զրոյցը՝ ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ