1991 թւականին արցախեան արդարացւած պայքարի ալեկոծումների վրայ նաւարկա՜ծ «Ղարաբաղ կոմիտէի» լիդեր լ. տ. պետրոսեանը Հայաստանում իշխանութեան գալով, նախ միեւնոյն պայքարի համընդհանուր ոգու արտայայտութիւն՝ Ազգային գաղափարախօսութիւնն համարեց «կեղծ կատեգորիա» եւ ապա՝ խիստ «անկեղծանալով»՝ հայութեան «լաւ ապրելու» գրաւականը համարեց՝ Արցախից ձերբազատւելը…
Ընդամէնը 6 տարի անց, 1997-ի վերջերին, հայութեան ազգային ու քաղաքական արժանապատւութեան արտայայտութեան արդիւնքում ապազգային, այսինքն՝ հայութեան իսկական կեղծ կատեգորիաները հեռացւեցին կարիերիստական մղումներով տիրացած իշխանական աթոռներից…։
Այնուհետեւ աւելի քան 20 տարի պահանջւեց (մի կիսատ, բայց ձախորդ փորձ կատարւել էր նաեւ 2008-ին), որպէսզի հայոց երկնակամարում դարձեալ գլուխ բարձրացնեն ապազգային, աւելի շուտ՝ հակազգային-անհայրենիք ուժերը, դարձեալ արդարացւած՝ հակակոռուպցիոն պայքարի ալիքների վրայ նաւարկելով։ Արդիւնքում՝ յաջողեցին 2018-ին խաբուսիկ ու ամբոխահաճ թաւիշներով զաւթել 20 տարի առաջ կորցրած աթոռները։
1990-ական տարիների համեմատ, սակայն, այսօրւայ հակազգային-անհայրենիքները իրենց իսկ կնքահայրերից բազմապատիկ առաւել եւ ամենակարեւորը՝ կազմակերպ-ծրագրաւորւած օժանդակութիւն ու աջակցութիւն են վայելում միջազգային այնպիսի ուժային, դիւանագիտական, քաղաքական, քարոզչական ու ֆինանսական կենտրոններից, որոնց կարճաժամկէտ ու երկարաժամկէտ շահերին հակասում կամ չէին համընկնում 1998-ից մինչ 2018 թւականի ընթացքում հայկական ու հայաստանեան ազգային ու պետական համընդհանուր ձեռքբերումներն ու շահերը։
Որոնք էին,սակայն, հայկական համազգային այդ շահերը.
1. Հայկական երկու պետական միաւորումը՝ ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետութիւնը։
2. Յաղթանակած ազգի կենսափիլիսոփայութիւնը։
3. Հայրենիքի ինքնիշխանութեան ու Անվտանգութեան երաշխիք՝ Հայկական հզօր Բանակը։
4. Հայաստան-Արցախ-Սփիւռք ազգակերտ եռամիասնութիւնը։
5. Օրէօր ուժգնացող ՀԱՅ ԴԱՏ-ի եւ Հայոց Պահանջատիրութեան միջազգայնացման հնարաւորութիւնների ծաւալումը, ընդհուպ՝ ՍԵՒՐԻ Պայմանագրի վերակենդանացման իրական հեռանկարը…։
Ահաւասիկ, յետդարձ հայեացք նետելով լոկ 2020 թ. 44-օրեայ ծրագրւած-բեմականացւած պատերազմին, յստակ ու պարզ են դառնում նոյն ուժային կենտրոնների դէմքերը։
Դրանք են՝ թուրք-ադրբեջանական առյաւէտ հայատեաց դաշինքը. անգլոսաքսոնական դարաւոր հայավնաս ու ադրբեջանամէտ քաղաքականութիւնը՝ նաւթ-արիւն գնի յարաբերակցութեամբ.
Հրէա-սիոնական ինչպէս աւանդական հակահայ, այնպէս էլ՝ հակա-Իրան նպատակները.
ՆԱՏՕ-ն՝ իր գլոբալ, անդրշրջանային ու յատկապէս հակառուսական նկրտումներով…։
Հիմա, սիրելի ընթերցող, բոլորիս աչքի առջեւ է այն, ինչ տեսնում ենք ու տայ Աստւած՝ որ այդ տեսածներով էլ դատենք ճիշտն ու սխալը՝ մեր ազգի, հայրենիքի ու համազգային ճակատի առջեւ ցցւած մարտահրաւէրների դիմագրաւման կարելիութիւնները։
Հայաստանում ծայր առած ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԸ, ինչպէս յայտարարել են շարժման առաջնորդները, սեպտեմբերի սկզբից վերսկսում է նոր թափ հաղորդել մեր ազգային արժանապատւութեան վերատիրացման պայքարին։ Այդ ճամբին անցնող երկամսեակում Շարժումն վերակազմակերպման ու վերաիմաստաւորման լայն գործընթաց իրականացրեց ինչպէս երեւանեան, այնպէս էլ՝ սահմանամերձ մարզեր-աւանների բնակչութեան հետ։
Միւս կողմից, թւարկած ուժային կենտրոնները, ամենայն ջանադրութեամբ յօգուտ մեր ազգի կեղծ կատեգորիաների, հրամցնում են ամէն կարգի օժանդակութիւն թէ’ ֆինանսապէս (ըստ հաւաստի լուրերի միայն անցնող երկամսեակում աւելի քան 50 մոլիոն դոլար են յատկացրել յօգուտ իշխանութեան քարոզչական աշխատանքներին՝ Հ1, «Ազատութիւն» կայան, համացանց եւ աղանդաւորներ ու անհատ-սորոսակերներ), եւ թէ՛ խորհրդատւութիւններով (զորօրինակ՝ ինչ հնարքներով Շարժման պայքարի շարքերից հեռու պահել տարբեր շերտի եւ յատկապէս երիտասարդ խաւի ներկայացուցիչներին, ուսանողութեանն ու պաշտօնատար քաղաքացիներին…): Մէկ խօսքով՝ ապաքաղաքականացնել յատկապէս երիտասարդ խաւերին, որպէսզի վերջիններն միջամուխ չլինեն հայրենիքի եւ ազգային արժէքների դէմ ծառացած սպառնալիքների վնասազերծմանը:
Անհաւասար ու խիստ դժւարին պայքար, որի յաղթանակի գրաւականը կայանալու է յարատեւ կամքի եւ ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱՍՏՒԱԾ հաւատամքի կենսագործունէութեան մէջ…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու