Թուրքիայի ԱԳՆ-ից 4 նախապայման են յայտնել Սիրիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու համար
«ԱԼԻՔ» – Թուրք քաղաքական գործիչները չորս պայման են առանձնացրել, որոնց դէպքում հնարաւոր է Դամասկոսի եւ Անկարայի յարաբերութիւնների կարգաւորումը եւ Սիրիայի տարածքից թուրքական զօրքերի դուրսբերումը։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը։
Ինչպէս հեռուստաալիքին յայտնել են Թուրքիայի արտգործնախարարութեան աղբիւրները, պետութիւնների միջև յարաբերութիւնների կարգաւորման առաջին պայմանը ինքնիշխանութիւնը պահպանելու համար Սիրիայում առկայ «ահաբեկիչներից» ազատւելն է։ Երկրորդ՝ Դամասկոսը պէտք է սկսի իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի թիւ 2254 բանաձեւի դրոյթները, որոնք ենթադրում են Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծում եւ զինադադար։
Երրորդ պայմանն այն է, որ սիրիական իշխանութիւնները պայմաններ ապահովեն երկիրը լքած փախստականների վերադարձի համար, իսկ չորրորդը մարդասիրական բեռների կանոնաւոր մատակարարումն է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմից վերահսկւող տարածք:
Լրագրողն ընդգծել է, որ եթէ բոլոր պայմանները չկատարւեն, յարաբերութիւնների կարգաւորման շուրջ երկխօսութիւնն առաջ չի շարժւի։