Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկեալի
«ԱԼԻՔ» – Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան ջանքերով, Հայաստանում բանտարկւած Իրանի 5 քաղաքացի փոխանցւել են Իրանի Իսլամական Հանրապետութեանը: Այս մասին յայտնում է ԻՌՆԱ-ն:
Հինգ բանտարկեալները երէկ՝ կէսօրին, Երեւանի «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանում ՀՀ Ոստիկանութեան կողմից, Իրանի դեսպանութեան հիւպատոսական բաժնի ներկայացուցիչների ներկայութեամբ յանձնւել են Իրանի արդարադատութեան նախարարութեան դատապարտեալների տեղափոխման խմբին:
Սա իրանցի բանտարկեալների երրորդ խումբն է, որոնք վերջին մէկ տարում երկիր են տեղափոխւել Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան համակարգմամբ եւ ՀՀ կառավարութեան համագործակցութեամբ։
Արդարադատութեան նախարարութեան Մարդու իրաւունքների եւ միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը յայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցւել են երկու երկրների միջեւ Դատապարտւած անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից յետոյ: