Հանդիպում Արցախի Խորհրդարանի պատգամաւորների հետ
«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախաձեռնութեամբ, երէկ՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամաւորների հետ: Հաղորդում է «Ապառաժ»-ը:
Հանդիպմանը մասնակցել են յանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը, անդամներ՝ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը, քաղաքագէտ Կարէն Բեքարեանը, ներկայ է եղել նաեւ ԱՀ ԱԳ նախարար Սերգէյ Ղազարեանը:
Յանձնախմբի ընդհանուր կատարած աշխատանքների մասին զեկոյց է ներկայացրել աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը: Կարէն Բեքարեանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծաւալւող աշխատանքները եւ կարեւորել Արցախի հարցը վառ պահելու անհրաժեշտութիւնը:
Գեղամ Ստեփանեանը պատգամաւորներին մանրամասներ է ներկայացրել միջազգային ասպարէզում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ այլ կառոյցների հետ համագործակցութեան, մարդու իրաւունքների եւ Արցախի հարցերով արտասահմանում կայանալիք առաջիկայ հանդիպումների եւ միջոցառումների մասին:
Արցախի խորհրդարանի պատգամաւորներն իրենց հարցերն են ուղղել եւ առաջարկներ ներկայացրել յանձնախմբի առաջիկայ գործունէութեան կապակցութեամբ: