Եղիսաբեթ Չուլջեան. «Պէտք է Ադրբեջանը պատասխանատւութեան ենթարկւի ցեղասպան արարքների համար»
Սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլ Հիլում կը հաւաքւեն հազարաւոր հայ ակտիւիստներ ԱՄՆ տարբեր նահանգներից՝ «Հաշւետւութիւն-2024» խորագրով միջոցառումներին մասնակցելու համար։ Հաւաքը, որ նախաձեռնել են ԱՄՆ Հայ Դատի գրասենեակները, նպատակ է հետապնդում եւս մէկ անգամ բարձրաձայնել 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչութեան նկատմամբ իրականացւած էթնիկ զտման փաստը եւ հաշւետւութիւն պահանջել ԱՄՆ իշխանութիւններից։
ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը Alpha News-ին մանրամասներ է ներկայացրել։
«Սա հաշւետւութեան ձեռնարկ է։ Թէեւ ԱՄՆ-ը խոստացել էր՝ ամէն ինչ անելու է, որ Ադրբեջանի կողմից իրականացւած ցեղասպանական գործողութիւնները չկրկնւեն արցախցիների դէմ, բայց, ցաւօք, մենք այդ բոլոր խոստումների պատասխանը ստացանք։ Մենք տեսանք, թէ ինչ արեց Ալիեւը վերջին տարիներին արցախցիների հետ՝ յարձակումներ, 120000 մարդու տեղահանում սեփական տնից։ Սա առիթ է եւ պէտք է 4 կողմից ամերիկահայ գաղութականներն ու զորակցողները գան Վաշինգտոն՝ կոնգրեսականների հետ հանդիպելու, եւ եւս մէկ անգամ պահանջեն, որ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկեն իրենց ցեղասպան արարքների համար։ Պէտք է կենտրոնանալ, որ Ադրբեջանին տրամադրւող ռազմական օժանդակութիւնը կրճատվի, նաեւ յատուկ պատժամիջոցներ պէտք է կիրառւեն Ադրբեջանի կառավարութեան այն դէմքերի դէմ, որոնք դաժան գործողութիւններ են իրականացրել արցախցիների նկատմամբ։ Մեր գաղութականներն այդ օրերին պէտք է իրենց առաջնորդների հետ լայնածաւալ հանդիպումներ ունենան կոնգրեսականների հետ։ Միտքն այն է, որ կարողանանք հաշւետւութեան բանաձեւերը ամէն կերպ դնել քւէարկութեան»,- ասել է Չուլջեանը։
Անդրադառնալով ԱՄՆ առաջիկայ ընտրութիւններին՝ նա նշել է․
«Թէ՛ Թրամփի, թէ՛ Քամալա Հարիսի պաշտօնավարման ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկւել Արցախի ցեղասպանութիւնը դադարեցնելու համար։ Ընդհակառակը՝ Թրամփի ղեկավարութեան ընթացքում տեսանք, որ 120 մլն.-ից աւելի օժանդակութիւն է ուղարկւել Ադրբեջան, եւ անշուշտ նախագահ Բայդէնի եւ Հարիսի վարչակազմի ընթացքում տեսանք ցեղասպանական արարքներ, որոնց դէմ որեւէ մէկը յստակ քայլ չի ձեռնարկել մինչ օրս։ Շրջափակման 10 ամիսների ընթացքում տեսանք, որ այս երկուսի վարչակազմը 1 լումա չուղարկեց Արցախ՝ օժանդակելու շրջափակման մէջ գտնւող 120000 մարդու։ Բայց հիմա՝ մինչ ընտրութիւնը, պէտք է իւրաքանչիւր թեկնածու յստակ քայլեր ձեռնարկի ինչպէս Արցախի հարցի շուրջ, այնպես էլ հայկական շատ այլ հարցերի վերաբերեալ»,- եզրափակել է Չուլջեանը։