Իշխան Սաղաթէլեան. «Դաշնակցութեան դէմ Փաշինեանի մղած պայքարը տեղաւորւում է թշնամու թելադրած օրակարգում»

«ԱԼԻՔ» – «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ Նիկոլ Փաշինեանի մղած պայքարը տեղաւորւում է թշնամու թելադրած օրակարգում. սա հէնց իրական եւ պատմական Հայաստանների կեղծ խօսոյթների շարունակութիւնն է, որով փորձում է արդարացնել այն աղէտը, որը բերել է մեր հայրենիքի գլխին»: 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով Փաշինեանի եւ նրա ղեկավարած ուժի կողմից ՀՅԴ-ի գործունէութիւնն օրէնքով արգելելու մասին յայտարարութիւններին։
«Դաշնակցութիւնը կանգնել է իրենց կոկորդին։ Գլուխներդ պատի՛ն կը տաք. Դաշնակցութիւնը փակել հնարաւոր չէ՛. չե՛ն կարողացել, չե՛ն կարողանալու։ Դա իրենց եւ թուրքերի երազանքն է։ Ցանկութիւնը մէկ բան է, դա անելը՝ այլ։ Կրկնում եմ՝ չե՛ն կարողանալու։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ում էլ ձերբակալեն, յաջորդն է գալու։ Բայց ուզում եմ հարցնել՝ լաւ, եթէ ձեր համար այդքան ձեռնտու ընդդիմութիւն ենք, ինչո՞ւ էք լոյսը բացւելուն ու մթնելուն զուգահեռ՝ խօսում մեզանից, ինչո՞ւ էք մեր ընկերներին ձերբակալում։ Խօսում էք, որովհետեւ վտանգ էք զգում Դաշնակցութիւնից։ Ուզում եմ նշել, որ անգամ Խորհրդային Միութեան ժամանակ Դաշնակցութեան դէմ այսքան աշխատանք չի տարւել։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք ամէն սցենարի։ Իրենք են փակւելու եւ հեռանալու»,- ասել է Իշխան Սաղաթէլեանը։
ՔՊ-ական իշխանութեանը հեռացնելու համատեքստում Սաղաթէլեանը խօսել է Փաշինեանին անվստահութիւն յայտնելու վերաբերեալ մեկնարկած գործընթացի մասին՝ ընդգծելով՝ «Հայաստան» խմբակցութեան 28 պատգամաւորների ստորագրութիւնները դրւած են համապատասխան ձեւաթղթի տակ, սակայն, իրենք վստահ են՝ քանի դեռ չկայ փողոցային պայքար, հնարաւոր չի լինելու ՔՊ-ականներին համոզել միանալ այդ գործընթացին։
Ըստ Իշխան Սաղաթէլեանի՝ կայ գործընթացի քաղաքական պատասխանատւութիւնը ստանձնած քաղաքական ուժ, ուստի իրենք նրանց կողմից ներկայացւած քայլերի հերթականութիւնն են ուզում տեսնել՝ հասկանալու համար՝ գործընթացի շարունակականութիւնն ի՞նչ տեսք է ունենալու, միաժամանակ աջակցելով այդ գործըթացին։
«Կայ պրոցեսի քաղաքական պատասխանատւութիւնը ստանձնած ուժ, հետեւապէս՝ պէտք է իրենց հրաւիրել ու հարցնել՝ փողոցային պայքարը ե՞րբ էք գեներացնում։ Գիտէք, եթէ ես վաղը դուրս գամ փողոց, մինչեւ դուրս գալս մարդիկ, որոնք մինչեւ հիմա իրենց ֆէյսբուքեան էջերից դուրս չեն եկել, ասելու են՝ նորից դո՞ւ։
Կրկնում եմ՝ ձեռքներս չենք ծալում եւ սպասենք, պարզապէս պէտք է տեսնենք՝ ի՞նչ են անում մեր գործընկերները։ Չի կարող լինել գործընթաց, ու մենք դրանից ձեռնպահ մնանք»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։



