Պատերազմի սպառնալիքը՝ որպէս ընտրական գործիք

ՀԱՅԿ ՍԱՐԵԱՆ
Վերջին օրերին, երբ Հայաստանում ակտիւանում է քաղաքական կուսակցութիւնների ու դաշինքների նախընտրական պայքարը, Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ականները կրկին դիմում են իրենց ծանօթ մանիպուլիատիւ մեթոդին՝ հանրութեանը վախեցնելով պատերազմից, սահմանային լարումներից ու Ադրբեջանի ագրեսիայից։ Այս անգամ եւս փորձ է արւում հանրային վախը վերածել քաղաքական գործիքի՝ իշխանութեան վերարտադրութիւնը ապահովելու նպատակով։
Այս գործելակերպը նոր չէ։ 2018-ի իշխանափոխութիւնից ի վեր իշխանութիւնը բազմիցս ներկայացրել է բարձրաձայն խոստումներ, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չեն իրականացւել, այլեւ յանգեցրել են ծանր ազգային կորուստների։ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» կարգախօսից մինչեւ պարտութեան ու միակողմանի զիջումների ընթացք ձեւաւորւեց մի իրավիճակ, որի հետեւանքը եղաւ Արցախի հայաթափումը, պետական շահերի թուլացումն ու Հայաստանի անվտանգային դիրքերի վատթարացումը։
Այս զարգացումները պատահական չէին, այլ քաղաքական անպատասխանատւութեան եւ ռազմավարական անհեռատեսութեան հետեւանք։ Իշխանութիւնը երկար ժամանակ շահարկեց «խաղաղութեան» գաղափարը, սակայն չներկայացրեց, թէ ի՛նչ բովանդակութիւն ունի այդ խաղաղութիւնը եւ ի՛նչ գին է առաջարկւում վճարել դրա դիմաց։ Երբ «խաղաղութիւն» բառը գործածւում է առանց փոխադարձ պարտաւորութիւնների ու իրական երաշխիքների, այն կարող է վերածւել ոչ թէ լուծման, այլ նոր վտանգների աղբիւրի։
Այսօր, երբ ընտրութիւնները մօտենում են, կրկին գործի է դրւում նոյն սցենարը. մի կողմից՝ պատերազմի վտանգը ներկայացւում է իբրեւ անխուսափելի, միւս կողմից՝ գործող իշխանութիւնը՝ իբրեւ այդ վտանգը կանխելու միակ տարբերակ։ Սակայն գործող իշխանութիւնը ընտրական գործընթացում ունի զգալի վարչական-տեղեկատւական ռեսուրսներ, որոնք կարող են ծառայել սեփական վերարտադրութեանը։ Հետեւաբար ընդդիմադիր ուժերը, այս իրողութիւնը հաշւի առնելով, պէտք է աւելի համակարգւած եւ աւելի ուժգին կերպով բացայայտեն իշխանութեան մանիպուլացիաները, քարոզչական հնարքները եւ հնարաւոր կեղծիքների ռիսկերը՝ հանրային վերահսկողութիւնը դարձնելով իրական գործօն։
Անշուշտ, պատերազմն ամենաահաւոր աղէտներից է, որ կարող է պատահել որեւէ ժողովրդին ու պետութեան։ Սակայն նոյնքան վտանգաւոր է նաեւ կեղծ խաղաղութեան օրակարգը, երբ «խաղաղութիւն» անւան տակ պարտադրւում են նոր զիջումներ ու նոր նահանջներ։ Խաղաղութիւնը արժէքաւոր է միայն այն ժամանակ, երբ հիմնւած է ուժեղ պետութեան, ամուր պաշտպանական համակարգի, դիւանագիտական ճկունութեան, տնտեսական կայունութեան եւ ազգային համախմբւածութեան վրայ։
Միեւնոյն ժամանակ, ժողովրդին պատերազմի սպառնալիքով մշտապէս վախեցնելը չի կարող փոխարինել ազգային դիմադրողականութեան ամրապնդմանը։ Ընդհակառակը՝ հանրային օրակարգի մէջ պէտք է աւելի մեծ տեղ զբաղեցնեն պետութեան ինքնապաշտպանութեան մշակոյթը, պատրաստակամութիւնը եւ այն հոգեբանական կայունութիւնը, որ անհրաժեշտ է թշնամական ճնշումներին դիմակայելու համար։ Պետութեան անվտանգութիւնը չի կառուցւում միայն «խուսափելու» բառապաշարով, այլ նաեւ՝ վճռակամութեամբ, կարողութեամբ եւ արժանապատիւ դիրքորոշմամբ։
Հասարակութիւնը պէտք է տարբերակի իրական անվտանգային օրակարգը քաղաքական շահարկումից։ Պատերազմի վտանգը չի կարելի դարձնել ներքաղաքական օգտագործման միջոց, քանի որ դա խարխլում է հանրային դիմադրողականութիւնն ու թուլացնում պետականութիւնը։ Այս փուլում անհրաժեշտ է ձեւաւորել պատասխանատու ազգային օրակարգ, որի առանցքում կը լինեն Հայաստանի անվտանգութիւնը, ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի արժանապատիւ ապագան։
Յունիսի, 2026



