Դաշնակցական Բեմ

ՄԱՐՏԻՄԷԿԵԱՆ ՈՒՐՒԱԿԱՆԸ՝ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

1. Ողջ հայութեան ուշքն ու միտքը սեւեռւած է վաղւայ՝ յունիսի 7-ի պարլամենտական ընտրութիւններին։ Հայրենի երկրում կայանալիք ընտրութիւններն, հասարակաքաղաքական տարբեր փորձագէտների կողմից հերթական չեն բնութագրւում։ Նոյնիսկ որոշ փորձագէտներ տւեալ ընտրութիւնների արդիւնքով են պայմանաւորում Հայաստանի ինքնիշխանութեան եւ առհասարակ պետականութեան լինել-չլինելու հանգամանքը…։

2. Վերոգրեալ տեսակէտի հետեւորդներն են երկրի ընդդիմադիր միաւորների ու մասնաւորապէս ազգային գաղափարախօսութիւն կրող ուժերի խոշոր տոկոսը։ Ըստ նրանց՝ Հայաստանում 2018 թւականի պետական յեղաշրջումից մինչ օրս իշխանութիւնը զաւթած խունտայի 8-ամեայ գործունէութեան շարունակման դէպքում, Հայաստան երկրի, հետեւաբար եւ ողջ հայաշխարհի ինչպէս պետական, այնպէս էլ՝ ազգային համընդհանուր շահերն ու գոյատեւման երաշխիքները իրական սպառնալիքների դէմ-յանդիման են կանգնելու։

3. Իշխանազաւթները (որպէս գլոբալիստական միջազգային ճամբարի հայաստանեան դրածոներ), սակայն, ամէն կերպ հետամուտ են պահպանելու աթոռներն ու յունիսեօթեան «ընտրութիւնների» գործիքակազմերով վերարտադրւել՝ կարելի ու անկարելի բոլոր միջոցներով…։

4. Մինչ ընտրութեան նախօրեակների ու բուն ընտրական օրւայ անխուսափելի խախտումները, իշխանական յեղաշրջիկները անցնող շաբաթներում վայելեցի՜ն իրենց կնքահայրերի՝ գլոբալիստ եւրոկառոյցների ու մասնաւորապէս անգլոսաքսոնականների քաղաքական, քարոզչական եւ մինչեւ իսկ նիւթական հովանաւորութիւնները՝ «Հայաստանում ժողովրդավարական ընտրութիւններ» անցկացնելու համար…։

5. Վերոնշեալ «ժողովրդավարութեան» ցուցանիշներն էլ ակներեւ են արդէն՝ Հայ Առ. Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականութեան երկարատեւ բանտարկութիւնը, նոյն ընտրութիւններին յայտ ներկայացրած քաղաքական ուժի առաջնորդին տնային կալանքի արդիւնքում՝ ժողովրդական խաւերի հետ անմիջական շփումից զրկելը, տարբեր խմբակցութիւնների թեկնածուների վայրագ ձերբակալումներն ու երկրով մէկ վախի համատարած մթնոլորտի ձեւաւորումը…։ Իսկ այս ամենին զուգահեռ, հանրապետութեան բոլոր մարզպետերը, համայնքապետերն ու յատկապէս գիւղապետերը հրահանգաւորւած են՝ ուղղորդելու-վերահսկելու ընտրազանգւածներին այնպէս, որ վերջիններս քւէարկեն յօգուտ իշխանութիւնների վերարտադրման…։

6. Կարեւոր հանգամանք է նաեւ կովկասեան տարածաշրջանում միջազգային ուժային տարբեր կենտրոնների աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների համատեքստում ՀՀ-ում կայանալիք ընտրութիւնների դիտարկումը։ Ինչ խօսք, գլոբալիստական ճամբարի, հետն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի, կովկասեան առաջնահերթութիւններն ու շահերը չեն կարող համընթաց լինել ռուսական, իրանական եւ ինչու ոչ նաեւ՝ չինական տարածաշրջանային շահերին։ Շահերի նմանատիպ բախմանը ականատես ենք եղել նոյն կովկասեան տարածաշրջանում, երբ գլոբալիստների վրացական դրածոյ իշխանութիւններին փոխարինեցին ազգայինը առաջնահերթ դասող ուժերը, կամ հէնց վերջերս՝ Յունգարիայի պարլամենտական ընտրութիւններում, որտեղ եւրո-գլոբալիստների ու յատկապէս ադրբեջանաթուրքական դաշինքի հովանաւոր իշխանախումբը մեծ պարտութիւն կրեց ազգային գաղափարախօսութեամբ առաջնորդւող ընդդիմադիր ուժերից։ Նաեւ պէտք է ընդգծել, որ վերջին տարիների համեմատ, ուկրաինական թնջուկի բերումով Կովկասում ռուսական ներկայութեան թուլացման գործօնները, նոյն աշխարհաքաղաքական հաշւարկների նկատառումով, վերափոխւելու միտում ունեն, յօգուտ՝ Հայաստանի պետական-տարածքային եւ ազգային համընդհանուր շահերի։

7. Այս ամենով հանդերձ, սակայն, ցաւօք պէտք է արձանագրել, որ Հայաստանի ապազգային ու ըստ ամենայնի ապիկար իշխանախումբը, ինչպէս նշել ենք վերում, մտադիր չէ պոկւելու ինքնիրեն սոսնձած աթոռներից։ Ոչ միայն այն պատճառով, որ աթոռամոլ է, այլ նրա համար, որ իրենց իսկ վերապահւած դեր ունեն, նոյն գլոբալիստական ու թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակների իրականացման ճամբին։

Ահաւասիկ, Արցախը հայատեաց-ցեղասպաններին նւիրած հայրենադաւները ոչ մի կաշկանդում չեն ունենալու ընտրութիւնները յօգուտ իրենց կեղծելու հարցում։ Միեւնոյն «օրինաչափութեամբ», Սիւնիքի անվտանգութեան հաշւին պանթուրանական միջանցք տրամադրող իշխանախումբը Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Տիգրանաշէն հատւածն էլ անհոգօրէն կընւիրի թշնամուն այնպէս՝ ինչպէս նւիրեց Գորիս-Կապան ճանապարհահատւածը կամ հայրենի Կիրանցի սահմանային տարածքները…։ Եւ վերջապէս Հայոց Պատմութիւնը նենգափոխող, հայոց մեծ Եղեռնը ուրացող, Հայ Առ. Եկեղեցին պղծող, Արարատը թուրքական համարող, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը պառակտող ու դեռ զոհւած զինւորների ծնողներին գետին քարշ տւող թուրքահպատակները ատակ են ամէն ստորութեան, միայն թէ՝ վերարտադրւեն գալիք ընտրութիւններում։ Եւ ինչու ոչ՝ նրանք իբրեւ ամէն երեւոյթի «ՆՈՐ»-ա ձեւութեան սիրահար՝ ատակ են նոյնիսկ եւս մի «ՆՈՐ ՄԱՐՏԻ-1» բեմականացնել, յաչս «ժողովրդավա՜ր» գլոբալիստների…։ … Տայ Աստւած, որ հայրենի գիտակից ժողովուրդը բարձր զգօնութեամբ ու ապագայ սերունդների հաշւին մեծ պատասխանատւութեան զգացումով՝ իր վճռորոշ մասնակցութիւնը կունենայ յունիսեօթեան ընտրութիւններին, յանո՛ւն հայրենի երկրի, յանո՛ւն հայոց պետականութեան եւ յանո՛ւն բովանդակ հայութեան արժանավայել ապագայի…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button