
Նոյն այս օրերին Երեւանի «Թեքէյեան» մշակութային կենտրոնում ցուցադրութեան է հանւել իրանահայ անւանի լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանիի աշխատանքներից մի ծաղկաքաղ:
«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» անունը կրող ցուցահանդէսը գնում է յիշողութեան, սերունդների հանդիպման եւ ընտանեկան կապերի հետքերով:
Ցուցահանդէսի կազմակերպիչ-համադրողը մշակութային լրագրող, մշակութաբան Անահիտ Կորիւնն է:
Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարչական կտրած ճանապարհը տարբերւում է նրանով, որ տարբեր ոլորտներում նրան դարձնում է առաջին տեղում: Այդ թւում՝ լուսանկարները տարածելու եւ միջազգային հարթակներում Իրանն իր բնապատկերներով ու ազգագրական իւրայատկութիւններով ներկայացնելու հարցում վերեւներում յայտնւելն է: Կարճ Կապած, Նիկոլ Ֆարիդանին աւելի քան հիսուն տարի միակ իրանցի լուսանկարիչն էր , ում յաջողւեց ունենալ Hasselblad-ի դեսպանի կոչում: Սա լուսանկարչին ոչ միայն մեծ ճանաչում բերեց, այլեւ ինչ որ տեղ դարձաւ եկամտի աղբիւր գրանցւած լուսանկարները Hasselblad-ի կողմից գնւելու առումով:
Մինչեւ բուն յօդւածին անցնելը խոստովանեմ, որ լուսանկարի մասին խօսելն ու վերլուծելը, երբէք այսքան բարդ գործ չի թւացել, մինչեւ բնութեան մասին պատմող լուսանկարների թեմային անցնելը, ինչն առաջին հայեացքից գուցէ անլուրջ մօտեցում է պատմողական արւեստի մասով: Սակայն երբ տեսնում ու հասկանում ես, որ այն մեծ լուսանկարիչների ինչպիսին Նիկոլ Ֆարիդանիի, Անսէլ Ադամսի կամ Սեբաստիան Սալգադուն են, խմբագրում ես մտքիդ դրածն ու ներքաշւում մի ամբողջութեան մէջ, որի ենթատեքստում այսօր շրջակայ միջավայրի եւ բնապահպանական աղէտների խնդիրն է նստւածք թողել:
Ի դէպ յօդւածս հէնց Իրանի Անսէլ Ադամսի, այսինքն Նիկոլ Ֆարիդանիի մասին է, ում մասին Իրանի հասարակութիւնն իրեն յատուկ յարգալից կեցւածքի բերումով դասել է «Իրանի ժամանակակից լուսանկարչութեան հայր» կոչմանն արժանացածների կողքին…
Մի կոկիկ ու մէկ ննջասենեակով բնակարան, որի մի մասը վերածւել է պատկերասրահի, պարզ մէկտեղանոց մահճակալ, թթւածնի բալոն եւ լուսանկարների մի ամբողջ աշխարհ՝ ահա այն ամէնը, ինչ ժամանակից մնացել էր Նիկոլ Ֆարիդանիի՝ Իրանի մեծագոյն բնանկարիչներից մէկի համար։
Նիկոլ Ֆարիդանիի մահը համընկաւ իր գործունէութեանը նւիրւած իրանցի այլ լուսանկարիչների աշխատանքների ցուցադրման հետ:
73 տարեկան հասակում, իր մահճակալում, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, նա ընդմիշտ խլեց մեզանից այն աչքերը, որոնք արեւածագն ու մայրամուտը դիտել էին աւելի շատ, քան որեւէ մէկը։
Նիկոլի կեանքը պատմութիւն էր. շարունակական պատմութիւն, որի բառերի ծաւալն ամէն օր աւելանում էր: Բոլորից տարբերւող կենսակերպ, որը գերազանցում է մարդկանց մեծամասնութեան երեւակայութեանը։ Նա կեանքի վերջին 4 տարիներին խօսել չկարողացաւ պարկինսոնի պատճառով։
Նիկոլի լուսանկարած բնանկարների արխիւն Իրանի ամենաամբողջական հաւաքածոն է համարւում: Անգնահատելի մի հաւաքածու, որը կարող է ժառանգութիւն լինել ապագայ սերունդների համար, ովքեր զրկւած կը լինեն Իրանի անաղարտ բնութիւնը տեսնելուց։
Նիկոլը պատկերել ու քայլել է այն արահետներով, որոնցում սովորական մարդիկ չեն համարձակւել լինել:
«Նիկոլի լուսանկարները յայտնի են իրենց անաղարտութեամբ։ Նա սովորութիւն է ունեցել մտնելու բնութեան սիրտը՝ վայրեր, որտեղ դեռեւս մարդկային ոտնաչափ չի դիպչել։ Այնուհետեւ նա հանում էր իր տեսախցիկը եւ լուսանկարում։ Երբեմն նա երկար ժամեր էր ծախսում իր ուզած լոյսն ստանալու համար։ Նա սիրում էր անապատը։ Անապատում նա տեսնում էր գեղեցկութիւն, որն այն օրերին քչերի աչքերին կարող էր այդպէս թւալ։
Ուղեւորութիւններին նրան ուղեկցած իրանահայ լուսանկարիչները պատմել են, որ երբ դուրս էին գալիս անապատ, թւում էր, թէ նրա տրամադրութիւնն անմիջապէս փոխւում է: Նա դանդաղ էր վարում մեքենան: Չէր ուզում բաց թողնել ոչ մի քար, ոչ մի բոյս կամ այլ բան։ Նա անջատում էր մեքենայի երաժշտութիւնն ու ասում, որ անապատը լի է երաժշտութեամբ, աւելի լաւ է մեր ականջներին հնարաւորութիւն տանք լսել այն։ Մի անգամ յայտնւեցինք աւազէ փոթորկի մէջ։ Միակ բանը, որ կարող էինք անել, տեսախցիկներն ադեալներով ու շորերով փաթաթելն ու պաշտպանելն էր: Եւ այդպէս մինչեւ լոյսը բացւելը քով-քովի անապատի ցրտով սառելն էր:
Իր ողջ կեանքի ընթացքում Նիկոլը միայն լուսանկարել է: Այդ ճանապարհին ծախսել էր իր ամբողջ ունեցւածքը: 1976 թւականին Նիկոլի ընտանիքը տեղափոխւում է Կանադա, նա էլ գնում է նրանց հետ: Երկու ամիս չանցած ընկերներին գրած նամակում խոստովանում է հայրենիքի նկատմամբ կարօտի մասին: Նիկոլը սիրահարւած էր Իրանի բնութեանը: Քանի ամիս չանցած, չնայած լաւ վարձատրութեանը, նա թողեց Կանադան ու վերադարձաւ Իրան։ Առաջինը նա գնում է Դամղանի հարաւում գտնւող Հաջ Ալիղոլի անապատ։ Նա որոշ ժամանակ մնում է այնտեղ եւ զբաղւում լուսանկարչութեամբ։
Ընտանիքի հանդէպ սէրը նրան երեք անգամ տարաւ Կանադա, եւ ամէն անգամ նրան Իրանի նկատմամբ կարօտը հանգիստ չի տւել եւ նորից է վերադառնում Իրանի բնութեան գիրկը: Մինչեւ մահւից 15 տարի առաջ, երբ նա այլեւս ոտք չի դնում երկրից դուրս եւ միաձուլւում իր սիրած անապատների հետ:
Նիկոլ Ֆարիդանին յայտնի է, որպէս շուրջօրեայ լուսանկարիչ, ով չէր զբաղւում այլ աշխատանքով, կամ լուսանկարչութիւնը նրա երկրորդ զբաղմունքը չէր:
Նրա միակ եկամտի աղբիւրն այդ լուսանկարներն էին։ Նա նախկինում լուսանկարում էր Նաւթային ընկերութեան համար, բայց լուսանկարչութեան համար դիմում գրեց ու թողեց աշխատանքը:
Նրա 60 տարւայ լուսանկարչութեան վաստակը տասնեակ հազարաւոր լուսանկարներից կազմւած արխիւն է, որի համար նա տւել է ամէն ինչ։ Այս արխիւի լուսանկարների 50 տոկոսը մարդաբանական են: Յատկապէս այն լուսանկարներ, որոնք տարազների մասին են ու մարդիկ վաղուց դադարել են կրել։
Վոլքս–վագըն, բլէյզեռ, ու ոտաբոբիկ
Նիկոլի Բլէյզեռները յայտնի էին լուսանկարիչների շրջանում: Ինչպէս նրա լուսանկարիչ ընկերներն են ասում, Նիկոլը մինչ օրս Իրանի բնութեան գրկում 5 Բլէյզեռ է ոչնչացրել: Նիկոլը երբեմն գնում էր այնպիսի վայրեր, որոնք անհասանելի էին նոյնիսկ մեր իմացած ջիփերի համար: Գնում էր, երբեմն միայն մէկ կադրի համար: Եւ այդ ժամանակ էր, որ Բլէյզեռը դրսեւորւում էր իր տարբերութեամբ ու յարմարաւէտութեամբ:
Ոճային իւրայատկութիւն
Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարչական ոճը կարելի է առանձնանացնել, յատկապէս, սեւ-սպիտակ բնապատկերների գրագէտ իրացմամբ: Նրան յաջողւել է արձանագրել Իրանի բնապատկերի գեղեցկութիւնն ու վեհութիւնը՝ օգտագործելով հակադրութիւններով ընդգծւող նրբութիւններն ու մանրամասները:
Ոչ ոք պատրաստ չէ նոյն լեռն ու լճակը շարունակաբար լուսանկարել, եթէ չի ընկալել ժամանակի հետ ընդունած փոփոխութիւնները: Սա իւրաքանչիւր լուսանկարչի համար կարող է ծառայել որպէս դաս:
Մեզանից շատերը Նիկոլին գիտեն ուսանողական տարիների լուսանկարչութեան գրքերից: Անհնար է նրա գործերը համեմատել պատերազմական գօտում գտնւող որեւէ լուսանկարչի կամ վաւերագրական լուսանկարիչների աշխատանքների հետ: Ամէն մէկն իր պատմութիւնն է պատմում, իսկ Նիկոլի պատմութիւնը լռութեան բնական ձայնն է։
Կարելի է նկատել տարբեր ոճերում աշխատող լուսանկարիչների միջեւ ստեղծագործական կապ: Կարելի է այն անւանել բնութեան ու միջավայրի հետ առնչւող հայեացքի անկիւն։ Սա լուսանկարը հասկանալու սկզբնատառը կարող է լինել: Պատմութիւնը յետոյ կը գայ պատկերի հետեւից:
Նեգատիւը որպէս պարտիտուր (երաժշտական տեքստ)
Կարելի է մտքում պատկերացում ունենալ լուսանկարի մասին նախքան վերջանական պատկերն ստանալը: Այդ ամէնից յետոյ դուք վերադառնում ու վերլուծում էք, թէ որ նեգատիւներն են անհրաժեշտ այդ պատկերին հասնելու համար: Ապա աշխատում էք շղթայւած մի ընթացքի վրայ, որոնք միասին դառնում են խօսք կամ համարձակօրէն ասած՝ երաժշտութիւն:
Շղթայւած համակարգ
Ստեղծագործական ընթացակարգի տրամաբանական գիծն է, եւ տեղի է ունենում ճգնելու աստիճան աշխատելու պահին: Զգայարանաչափութեան գիտութեան տեսակ է համարել այն Անսէլ Ադամզը: Նոյն ենթատեքստում կարելի է հասկանալ, թէ ինչպէս է լոյսն ազդում լուսազգայուն նիւթերի վրայ։ Սա բարդ ֆիզիկական ու կիմիկատներին ծանօթ լինելու գիտելիքներ է պահանջում նաեւ: Անսէլ Ադամզի ասածով՝ «կարող էք սեւանկարները (նեգատիւ) նոյնականացնէք նոտաների հետ, իսկ վերջանական տպագիր պատկերը՝ երաժշտական համար։ Այնպէս, որ դուք նախ ընկալում էք պատկերը, ապա ստեղծում՝ սեւանկար, որը պարունակում է ձեզ անհրաժեշտ ողջ մեղեդայնութիւնն ու տեղեկութիւնները»։
Դժւար թէ բառերն օգնեն բացատրելիս, դա պարզապէս տեղի է ունենում լուսանկարելու ողջ ընթացքին։
Միեւնոյն ժամանակ, Նիկոլ Ֆարիդանիի հեղինակութիւնը, ինչպէս ժամանակին ասել է քննադատներից մէկը բնութիւնը լուսանկարողների մասին, «լուրջ լուսանկարիչների շրջանում ամենաքիչ սոցիալական նւիրւածութիւնն ունեն նմանները: Անրի Կարտիէ-Բրեսսոնը մի անգամ ասել է՝ «Աշխարհը քանդւում է, իսկ Ուեսթոնն ու Ադամսը լուսանկարում են ժայռեր»։
Նոյն ժամանակ էր, երբ ի յայտ եկաւ մի մտածողութեան դպրոց, որը լուսանկարչութեան մասին միայն մարքսիստական գաղափարներ ունէր։ Նրանց ուսմունքի համաձայն՝ լանդշաֆտային լուսանկարչութիւնը սխալ էր։ Ուեսթոնի լողափին արւած լուսանկարները լաւագոյն դէպքում համարւում էին միջին խաւի (բուրժուական) աչքին դուր գալու շողոքորթ:
Տպագրութեան յատկանիշը
Նոյն նեգատիւներից արւած տպագրութիւնների տարբերութիւնների պատճառների քննարկման ժամանակ Նիւ Եօրքի ժամանակակից արւեստի թանգարանի լուսանկարչութեան տնօրէն Ջոն Սարկովսկին նշել է, որ Անսել Ադամսը սիրում էր աւելի պարզ թւալ, քան իրականում է։ Նա տպագրում էր այլ կերպ, քանի որ նրա տեսակը որպէս մարդ այլ էր: Նա ընդունել էր, որ տպագրութիւնը միայն տեխնիկական հարց չէ։ Բայց երբ ասւում էր, որ նրա տպագրութիւններում երեւացող փոփոխութիւնները նշանակում են փոփոխութիւն իր մէջ, նա հերքում էր դա։
Շարունակ նոյն վայր այցելելը եւ նոյն կադրերը քանի տարի անց կրկնելու Նիկոլ Ֆարիդանիի արածը, խօսում է այն մասին, որ նա միշտ գաղափարներ ունէր իր գլխում։ Եւ, իհարկէ, մեկնաբանութիւն: Օրինակ՝ սեւ-սպիտակ կադրերում շատ մութ երկինք եւ մուգ ստւերները նոյն ժամանակաշրջանի մի քանի այլ լուսանկարների կողքին, որպէս բնանկար՝ մռայլ են ու դրամատիկ:
Հակւած չեմ ամէն բան նշանաւորել առաջինը լինելու յատկանիշով: Արւեստը արւեստ է, երբ միջակութիւն չի սիրում, ոչ թէ առաջամարտիկի կնիքը կրելով: Սակայն Նիկոլ Ֆարիդանին միայնակ է Իրանին նւիրել «F-64»-ի դարաշրջանը։ Նա այդպէս սկսում է իրերին մօտենալ աւելի արդիւնաւէտ եւ իրատեսօրէն վիճելի մօտեցմամբ։ Այդպէս նրա բնանկարները սկսեցին աւելի շատ գունաւոր ու հանրութեան համար աւելի արտայայտիչ լինել։
Հեշտ չէ գրել բնութիւնը պատկերագրող լուսանկարչի մասին եւ հեռու մնալ մարդկային կեանքին ու կեսանկերպին վերաբերող թեմաներից: Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարների վրայ երկար կանգ առնելով սկսում ես հասկանալ, որ նա ընտրած վինտաժով հասել ու կանգնել էր այն վայրում, ինչն Աստւած է պատրաստել, որ ինչ-որ մէկը գայ ու սեղմի տեսախցիկի կոճակը։
«Սոցիալիստական» մօտեցումներին ի պատասխան այսօրւայ փաստավաւերագրական լուսաբնկարչութեան հետեւորդները նշում են, որ եթէ ժամանակին բնանկարներ անելը կրում էր բուրժուական ձեռագիր, ապա այսօր այն համարւում է կենդանական աշխարհը վտանգող խնդիրները լուսաբանելու միջոց: Աշխարհը գտնւում է հնարաւոր կործանման եզրին։ Անհեթեթութիւն է անհանգստանալ այլ բաների համար։ Այս կործանման ապացոյցը շրջակայ միջավայրն աղտոտելն է բնական ռեսուրսներն օգտագործելու հաշւին:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ թէեւ Նկոլ Ֆարիդանին մաքուր բնութիւնը նոյն մաքրութեամբ պատկերելու նպատակով է ստեղծել այդ գեղեցկութիւնը, ապա այսօր այն շրջակայ միջավայրը աղտոտելու դէմ գործընթացի կարեւոր մասնիկներից է՝ բնութեան կրած փոփոխութիւններն արձանագրելու յատկանիշով:
Նոյն կապակցութեամբ էլ նա իր գործընկերների հետ զրոյցի ժամանակ ասել է. «Ես երբէք լուսանկար չեմ արել շրջակայ միջավայրի նպատակներով, բայց եթէ այս լուսանկարները կարող են օգտագործւել այդ նպատակով, դա հիանալի կը լինի։ Ոչ մի բան նախապէս պլանաւորւած չէ: Նպատակը ինքը՝ ճանապարհն է, գեղեցիկի հետ ապրելն ու տեսնելն է»:
Նիկոլ Ֆարիդանին լուսանկարել սկսել է 1930-ականներին, եւ իր աշխատանքով նա Իրանի լուսանկարչութեան համար ստեղծել է մի իւրայատուկ դարաշրջան, որը նշանաւորել է արդիւնաբերականացման անկայուն շրջանի աւարտն ու հասարակական կեանքի մուտքը ժամանակակից դարաշրջան։
Արձանագրենք, որ կան ճանապարհորդ գրողներ, որոնք լուսանկարչութեան միջոցով տեղական աշխարհը վերածում են աւելի գլոբալի, եւ Ֆարիդանին այս ոլորտի փայլուն ներկայացուցիչն է: Նա Իրանը տեղական տարածքից վերածեց գլոբալի։
Կայ լուսանկարիչների տեսակ, որոնք աստիճանաբար հասնում են մի կէտի, երբ թեման ինքնին համոզիչ չէ նրանց համար, այլ թեմային գերազանցելն է դառնում ստեղծագործական ընթացակարգ: Սա սկսել է երեւալ 1970-ական թւականներից յետոյ: Իսկ դրա հետքերը երեւում են հէնց Նիկոլ Ֆարիդանիի աշխատանքներում՝ բնութեան հիւսւածքին, կառուցւածքին եւ կորուսեալ ճարտարապետութեանը նետած յատուկ հայեացքում, որը յատուկ է ինքնամփոփ արւեստագէտին միայն:
Նիկոլ Ֆարիդանիի այս շրջանի աշխատութիւնները, նրա վաւերագրական աշխատանքի հետ մէկտեղ, զուգահեռաբար իրականացւել են երեք տասնամեակների նախագծերի ընթացքում, այսինքն՝ այն կապում է 30-ականը 40-ականին, 40-ականը 60-ականին, 50-ականը 70-ականին եւ այդ ամբողջը 80-ականներին: Ֆրիդանիին ներկայացրել են նաեւ, որպէս մեծ իրանագէտ, ով Իրանը մետր առ մետր ճանաչել եւ ճանաչեցրել է հանրութեանը:
Կան նկարներ, որոնք այլեւս զբաղեցրած նոյն աշխարքագրական դիրքի պատկերի հետ բացարձակապէս չունեն առնչութիւն: Անկախ բոլորի կամքից, Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարները խիստ համամարդկային են դարձել, յատկապէս, ժամանակի փոշին ու բեռը կրելով իրենց վրայ: