Ոսկէ աշխարհ
Երկու մշակ եղբայրներ են լինում։ Մեծ եղբայրը՝ Փանոսը հարուստ եւ տանուտէր էր. ունէր մեծ այգիներ եւ ագարակներ, իսկ փոքրը՝ Յակոբը չքաւոր էր ու այս աշխարհից միայն ունէր մի փոքրիկ խրճիթ ու մի խնձորի ծառ։ Նա աշխատում էր ուրիշների մօտ որպէս՝ բանւոր, երբեմն էլ աշխատում էր իր մեծ եղբօր արտերում ու այգիներում։ Նա շատ համեստ եւ ազնիւ էր։
Մեծ եղբայրը ունեւոր էր, բայց երբեք շատ ունենալուց չէր յագենում, նա ուզում էր ամէն ինչ իրենը լինէր։ Փոքր եղբայրը, մեծ եղբօր հակառակ պատկերն էր, նա քրտնաջան աշխատում եւ մշակում էր, եւ գոհաբանութիւն ունէր ամէն ինչում։
Փոքր եղբօր տնակը փոքրիկ եւ համեստ էր, բայց հակառակ՝ նրա խնձորենին, որ գտնւում էր իրենց տան շեմին, շատ հսկայ եւ վիթխարի էր։ Խնձորենին նաեւ բեղմնաւոր էր եւ ամէն տարի աշնանը լաւ բերք էր տալիս, բայց այդ բերքից ոչ-մի բաժին չէր մնում թշւառ մարդու համար, որովհետեւ ագռաւները կտցահարում եւ ուտում էին խնձորները։ Փոքր եղբայրը, շատ բարի էր, եւ իր բողոքարկու կնոջը, որ ասում էր քշիր ագռաւներին, պատասխանում էր՝ այս աշխարհի հարստութիւնից մեզ բաժին չի հասել, բայց առանց այդ էլ կերակրւում ենք, թող ագռաւներն էլ կերակրւեն այս ծառից։
Աշնանային ոսկեփայլ օրերից մէկում, երբ մշակ եղբայրը աշխատանքից վերադարձաւ տուն, կնոջը տեսաւ, որ խնձորենու մօտ կանգնած՝ փոքրիկ քարեր էր նետում դէպի ծառը՝ ագռաւներին քշելու համար։ Մարդը տեսնելով կնոջ արարքը՝ ասաց.
– Ա՜յ կին, հանգիստ թող նրանց, չէ որ այս անլեզու եւ թշւառ թռչուններն էլ պէտք է կշտանան։
Բայց կինը հաստատակամ էր իր գործում. նա ամուսնուն պատասխանեց եւ ասաց.
– Բաւ է, ինչքան պէտք էր կշտացել են, մնացած բերքը մեր բաժինն է։ Այս տարւայ խնձորները ընտիր են եւ լաւ, պէտք է բերքը տանենք շուկայ եւ վաճառենք։ Այս տարւայ բերքի եկամուտով ձմռան գնումներ կատարենք եւ մեր կարիքները հոգանք։
Յակոբը այլ միջոց չունէր, պէտք է ենթարկւէր կնոջ ասածին։ Նա մի քիչ մտորումների մէջ ընկղմւեց եւ կնոջն ասաց.
– Լինի քո ասածը, կանեմ ինչ կուզես։ Հիմա դու անցիր տուն եւ ճաշ պատրաստիր եւ ես էլ կը մնամ այստեղ մինչեւ օրը մթնի, որպէսզի թռչունները չվերադառնան: Այսպէս կանենք ամբողջ մէկ շաբաթ, որ մրգերը քաղելու հասնեն։
Երբ կինը գնաց տուն, մի մեծ ագռաւ կռնչիւնով անվախ թռաւ խնձորենու սաղարթներից մէկի վրայ ու նստեց եւ սկսեց ճաշակել կարմիր խնձորները։ Մարդը ապշած դիտում էր ագռաւին, թէ ինչո՞ւ ագռաւը չվախեցաւ իրենից, չէ որ ագռաւները առհասարակ, երբ մարդիկ են կանգնած լինում ծառերի մօտ, նրանք չեն մօտենում ծառերին։
Այդ պահին մարդը կռացաւ՝ մի քար վերցրեց ու նետեց դէպի ագռաւը։ Բայց ագռաւը չթռչաւ, այլ՝ շարունակեց ուտելը։ Մարդը կրկին կռացաւ, որ վերցնի մի ուրիշ քար՝ ագռաւը բարձրաձայն կռնչաց, վեր թռաւ, մի երկու պտոյտ տւեց երկնքում ու դարձեալ նստեց ճիւղերից մէկի վրայ ու Յակոբին նայելով ասաց.
– Դու բարի մարդ ես ու հոգատար, ես տարիներ է, քեզ ճանաչում եմ, ես ու իմ ամբողջ գերդաստանը, այս խնձորենիից կերակրւել ու յագեցել ենք, բայց դու երբեք չես բողոքել եւ հանդուրժել ես մեր որկրամոլութեանը։ Ահա ես քեզ համար ունեմ առաջարկ՝ ինձ եւ ընտանիքիս իրաւունք տւէք կերակրւենք ձեր խնձորներից, իսկ ես հատուցման համար քեզ կը տանեմ ոսկու աշխարհը, որ ինչքան կուզես այնտեղից ոսկի վերցնես եւ մինչեւ կեանքիդ վերջը, դու եւ ընտանիքդ ապրէք երջանկութեան մէջ։
Հիմա անցիր տուն, իսկ վաղը առաւօտեան հետդ վերցրու պարկ ու եկ այստեղ, որ գնանք ոսկու աշխարհը։
Մարդը ընկաւ անելանելի վիճակում, տեղի ունեցած դէպքը խելքը գլխից հանել էր։
Նա հապճեպ վազեց տուն, որ կնոջը պատմի տեղի ունեցածը։ Նրա կինը նոյնպէս բարի էր ու գթասիրտ, բայց աղքատութիւնը այլայլել էր նրա ողորմածութիւնը վերջին ժամանակներում։ Երբ մարդը ներս մտաւ խրճիթ, նրա դէմքի գունաթափութիւնը, արտայայտում էր՝ ինչ-որ մի անսովոր բան է տեղի ունեցել։ Կինը հարցրեց.
– Ի՞նչ է պատահել. մի տեսակ իրարանցումի մէջ ես ընկել, քեզ երբե՜ք այսպիսի վիճակում չեմ տեսել, պատմիր եղելութիւնը։
Մարդը չգիտէր որտեղից սկսի, միայն ասում էր՝ ոսկի, հարստութիւն, դրամ, ճոխութիւն…
Վերջապէս, մի՛ խօսք սկզբից, մի՛ խօսք էլ վերջից՝ կնոջը պատմեց ամբողջ եղելութիւնը, եւ այդպիսով, նրանք այդ գիշեր անքուն անցկացրին մինչեւ լուսաբաց։
Կինը հիւսւածքեղէնի կտորներով կարեց մի ամուր պարկ, որ կարողութիւն ունենայ կրել ոսկիները։ Բայց միեւնոյն պահին նրա հոգատարութիւնը ամուսնու հանդէպ, պատճառ էր դարձել, պատրաստել փոքրիկ պարկ, որ ամուսինը ոսկիները կրելով՝ չվնասի իր առողջութեանը։
Բարեսիրտ եւ անպաճոյճ ամուսինները տարւած էին զանազան զրոյցներով՝ երբ ագռաւի բարձրաձայն կռնչիւնը նրանց զրոյցն ընդհատեց: Արդէն եկել էր գնալու ժամը:
Պայծառափայլ արեւի ճառագայթները փարւելով աշնանային զովասուն քամիներին՝ ստեղծել էր վճիտ առաւօտ։ Օդը սքանչելի էր, երբ մշակ եղբայրը տնից դուրս եկաւ։ Դրսում, մի պահ աքաղաղներն էին ծուղրուղու կանչում, մի պահ էլ թռչունների ծլվլոցը խլացնում էր անտրամադիր անդորրը։ Ագռաւը հեռւից նկատեց մշակ եղբօրը, որ մօտենում էր խնձորենուն։ Մարդը կանգնեց ծառի մօտ, ագռաւն էլ սաղարթների միջից թռաւ ներքեւ ու կանգ առնելով Յակոբի մօտ, հարցրեց.
– Ո՞ւր է պարկդ։
Յակոբը, նրան ցոյց տւեց, փոքրիկ պարկը, որը պատրաստել էր կինը։ Ագռաւը տեսնելով պարկը՝ անսպասելիօրէն զմայլւեց ու ասաց.
– Սա շա՜տ փոքր է եւ տարողութիւնը քիչ՝ այնտեղ, ինչքան ուզես ոսկի կայ։
Բայց Յակոբը, ագահ չէր, նա միշտ բաւարարւում էր քչով։ Յակոբի հանդուրժողականութիւնից ու մեծահոգութիւնից, ագռաւը ապշած էր մնացել։
Վերջապէս, ագռաւը աւարտեց իր խօսքն ու ասաց.
– Արդէն հասել է գնալու ժամը…
Բայց Յակոբն ագռաւին հարցրեց.
– Ինչպէ՞ս ենք գնալու։
Ագռաւը նրան պատասխանեց.
– Անհոգ եղի՜ր, եւ արա՜ այնպէս, որ քեզ կասեմ։ Գլխիս յետեւի մասում, ծոծրակիս վրայ, կայ մի խալ, սեղմի՛ր այդ խալը եւ ես կը դառնամ՝ հսկայ մի թռչուն։
Յակոբը, կատարեց հրամանը եւ մատը դրեց այդ խալի վրայ ու ագռաւը իսկոյն մեծացաւ, այնքան մեծ, որ Յակոբը ձիու գաւակին հեծնելու պէս տեղաւորւում է ագռաւի մէջքի վրայ։
Ագռաւը թռաւ երկինք ու թեւերն արագութեամբ թափահարելով սաւառնեց ու գնաց դէպի հիւսիսային կողմերը՝ «Սպիտակ կղզի», որտեղ ոսկու աշխարհը գտնւում էր նրա կենտրոնական մասերում։ Նրանք երկնքում նման էին՝ փոքրիկ ինքնաթիռի, որը արագութեամբ սլանում ու անցնում էին տարբեր երկրների ու կղզիների վրայով, ու անցնում դէպի հիւսիսային բեւեռ։ Եղանակը գնալով ցրտում էր, ագռաւի թեւերն ու փետուրները նրան պաշտպանում էին ցրտից, բայց Յակոբը, որ չգիտէր ուր էին գնում, հետեւաբար չէր վերցրել տաք հագուստ։ Ագռաւը թռչում էր, նա չէր հասկանում ի՞նչ է ցուրտը, նա միայն Յակոբին ասել էր գնում ենք դէպի Սպիտակ կղզի։
Վերջապէս, երկար ճանապարհ անցնելով՝ հասնում են՝ կղզի։ Ագռաւը ուղիղ գնում է ոսկու հանքային աշխարհը եւ վայրէջք կատարելով՝ Յակոբին ասում.
– Սա է իմ խոստացած ոսկու աշխարհը, հիմա գնա՛ եւ ինչքա՜ն կը ցանկանաս տոպրակդ լցրու ոսկիներով։
Սպիտակ կղզին՝ հիասքանչ էր, այնտեղ ամէն ինչ պայծառ էր ու փայլուն. նման էր կախարդական աշխարհի։ Յակոբը, միայն հեքիաթներում էր լսել նման վայրերի մասին։ Այնտեղ, սարերը ճերմակ ձիւներով էին պատած. հեռւից երեւում էին գեղեցիկ ապարանքներ, որոնց մուտքի առջեւ կային սայլակներ՝ երեւի դրանք ձմեռպապիկների սայլակներն էին։ Սպիտակ կղզում ամէն ինչ տարօրինակ էր ու անսովոր. բայց նաեւ՝ շքեղ ու հիանալի։ Կարծես այնտեղ միայն բարութիւն էր տիրում։
Յակոբը, թռչունի վրայից ցած իջաւ ու վռազ գնաց դէպի այն վայրը, որ ոսկիների փայլը լոյսեր էին շողարձակում։ Յակոբը մօտեցաւ ոսկու հանքին, ու բացելով պարկը հազիւ թէ՝ 5-6 կիլոգրամ ոսկի լցրեց ու վերադարձաւ ագռաւի մօտ։ Օդը ցուրտ էր, Յակոբը չէր դիմանում, ագռաւին ասում էր, շտապ վերադառնանք: Բայց ագռաւը, զարմացած Յակոբին հարցրեց.
– Երկար ճանապարհ ենք անցել մինչեւ այստեղ, ինչո՞ւ ես այդքան քիչ ոսկի վերցրել, գնա՛ եւ աւելացրու ոսկիները։
Յակոբը ըստ սովորութեան՝ բաւարարւում էր քչով, եւ չէր ցանկանում դրանից աւելի հարուստ գանձարան ունենալ։ Նա կտրականապէս, ագռաւին խնդրեց վերադառնալ իրենց աշխարհը։ Ագռաւն էլ կատարեց Յակոբի խնդրանքը եւ մութը դեռ չընկած նրան տեղ հասցրեց իրենց երկիրը։
Երբ, Յակոբը իջաւ, ագռաւը նրան խնդրեց՝ ձեռքը դնի խալի վրայ, որպէսզի նա փոքրանայ եւ վերադառնայ իր ցեղակից ընտանիքի եւ ընկերների մօտ։ Յակոբն կատարեց ագռաւի խնդրանքը, եւ նրան ասաց.
– Գնացէ՛ք եւ ինչքա՜ն կուզէք կերակրւէ՛ք խնձորենուց, որովհետեւ այս ծառը, սրանից յետոյ ձերն է լինելու։ Յակոբը, վերադարձաւ տուն եւ պատմեց կնոջը ինչ տեղի էր ունեցել։ Կինը նոյնպէս ուրախ էր, բայց մտածում էր, որ եթէ ամուսինը աւելի շատ ոսկի վերցրած լինէր, նա աւելի երջանիկ կը լինէր։
Այդ դէպքից յետոյ անցնում է տարիներ, Յակոբը մի հողատարածք է գնում եւ սկսում վար ու ցանք անել։ Նա լաւ եկամուտ է վաստակում ու ընդարձակում է իր սեփական երկրագործութիւնը եւ դառնում է տանուտէր։ Նա տրակտորներ ու երկրագործութեան սարքեր է գնում եւ իր մօտ են գալիս աշխատելու՝ մշակներ ու բանւորներ։
Յակոբը հարստանում է եւ նորոգում է իր բնակարանը, ունենում է երեխաներ եւ կնոջ հետ ապրում են երջանկութեան մէջ, մինչեւ, մի օր տեսակցութեան է գալիս նրան իր եղբայր՝ Փանոսը։ Փանոսը՝ եղբօրն ասում է.
– Եղբայր ես շատ ուրախ եմ, որ հարստացել ես, բայց չես ասի այս հարստութիւնը յանկարծակի որտեղի՞ց ես ձեռք բերել։ Ախր դու որպէս մշակ աշխատում էիր ինձ եւ միւս հողատէրերի մօտ։
Փոքր եղբայրը, մանրամասն պատմում է այն, ինչ տեղի էր ունեցել այդ տարիների ընթացքում, եւ բացայայտում իր հարստանալու գաղտնիքը։
Փանոսը, որ հետաքրքրւած էր եղբօր հանդէպ, ուշադիր լսելով Յակոբի պատմութիւնը, ընկաւ մտորումների մէջ։ Նա գնում է իր տուն եւ երկար մտածելուց յետոյ, կրկին վերադառնում է Յակոբի մօտ ու ասում.
– Եղբա՜յր, դու գիտես թէ ես որքան հարստութիւն ունեմ, եւ թէկուզ դու ներկայիս հարստացել ես, բայց էլի քո ունեցւածքը, իմ ունեցւածքի հետ համեմատելու չի, ես քեզ մի առաջարկ ունեմ. եկ իմ տունն ու ունեցւածքը քո տան եւ ունեցւածքի հետ փոխանակենք, դու իմ ունեցւածքին տէր կանգնիր, ես քոնը։
Յակոբը, որ չէր սպասում նման առաջարկի, նրան ասում է.
– Թող մտածեմ, եւ վաղը քեզ պատասխանեմ։
Միւս օրը, առաւօտեան շատ վաղ, Փանոսը եկաւ Յակոբի մօտ, որ պատասխանը ստանայ։ Յակոբը, որ միշտ բարի էր եւ հեռու էր ընչաքաղցութիւնից, ընդունեց եղբօր առաջարկը, եւ նրան ասաց.
– Ես կը համաձայնւեմ, այն պայմանով, որ չխանգարես ագռաւներին, երբ կերակրւում են խնձորենուց։ Փանոսն նպատակին հասնելու համար, ընդունում է պայմանը։
Նրանք փոփոխում են իրենց տուն-տեղը։ Յակոբը նոյնպէս քրտնաջան աշխատում է նոր արտերում ու ագարակներում, եւ նախկինի պէս ընդարձակում է աշխատանքը. նրա մօտ են գալիս աշխատելու իրենց շրջանի մշակներն ու աշխատանք փնտրողները, եւ նոր կեանքը լի է լինում յաջողութիւններով։ Բայց Փանոսը, որ միշտ նիւթական կեանքով էր հետաքրքրւած, անհամբեր սպասում է՝ խնձորենու բերքի ժամանակին։
Եւ մի գեղեցիկ օր, երբ խնձորները շառագոյն են դառնում, Փանոսը վաղ առաւօտեան գնում է խնձորենու մօտ ու յատակից վերցնում է քարեր ու նետում դէպի ագռաւներին, որոնք սաղարթների վրայ նստած, ուտում էին խնձորները։ Ագռաւները վախեցած ճախրում են երկինք ու հեռանում, բայց այն ագռաւը, որ պայմանաւորւել էր Յակոբի հետ, մի քիչ հեռանալուց յետոյ՝ վերադառնում է Փանոսի մօտ ու ասում.
– Ես Յակոբի հետ պայմանաւորւել էի, որ ընդմիշտ կարող ենք անվնաս նստենք խնձորենու վրայ եւ օգտւենք նրա բերքից, բայց դու եկել եւ խախտում ես մեր պայմանը, բայց հարց չկայ, ես քեզ էլ կարող եմ տանել ոսկու աշխարհը, եւ փոխարէնը՝ դու իրաւունք տաս, որ ագռաւները ուտեն այս խնձորները։
Ագռաւը շարունակում ու ասում է.
– Գնա՜ եւ վաղը քեզ հետ վերցրո՜ւ մի պարկ կամ քսակ եւ արի՜ այստեղ, որ գնանք ոսկու աշխարհը։
Բայց Փանոսը, որ անհամբեր էր եւ չէր ցանկանում գնալը յետաձգել, պատասխան է տալիս ու ասում.
– Ինձ հետ ունեմ մի մեծ պարկ եւ կարիք չկայ սպասել մինչեւ վաղը. եկ հէնց հիմա ճանապարհ ընկնենք։
Ագռաւը, ընդունելով Փանոսի առաջարկը, խնձորենուց ցած է թռչում ու նրան պատւիրում՝ կատարի այն ամէնն ինչ, որ ասել էր նրա եղբօրը։ Եւ նա, կրկին մեծանալով՝ ու Փանոսն էլ հեծնելով իր մէջքին, ինչպէս նախորդ անգամ. սլացնում է երկինք ու սաւառնում դէպի ոսկու կղզին։ Երբ, նրանք տեղ հասան ու ագռաւը վայրէջք կատարեց, Փանոսը առանց ժամանակ կորցնելու վազում է ոսկիների կողմն ու սկսում պարկը ոսկով լցնել։
Նա, որ իր հետ վերցրել էր մի մեծ պարկ, այնքա՜ն է ոսկիներով լցնում պարկը, որ էլ չէր կարողանում պարկը վերցնել յատակից, բայց նա դրանով էլ չի բաւարարւում ու գրպաններն ու գուլպաներն էլ լցրնում է ոսկիներով ու վերադառնում է ագռաւի մօտ ու ասում.
– Ես վերջացրի գործս, հիմա պատրաստ եմ վերադառնալու …
Բայց ագռաւն, ինչ-որ բան իրեն դուր չգալով, նրան ասում է.
– Այդպէս, որ քո քայլելուց է պարզւում, շատ ոսկի ես վերցրել ու բնականաբար կշիռդ ծանրացել է, եւ ես չեմ կարող այդքան երկար թռչել, մի քիչ դատարկի՛ր, որ կարողանամ թռչել։
Բայց Փանոսը չի ընդունում նրա առաջարկը եւ ագռաւին ստիպում է, որ թռչի։
Ագռաւը, ստիպւած համակերպւում է նրա ցանկութեանը եւ թոյլ տալիս Փանոսը հեծնի իր վրայ ու վերադառնան իրենց աշխարհը։
Փանոսը սեղմելով ագռաւի գլխի յետեւի խալը՝ նա կրկին մեծանում է ու ինքը իսկոյն հեծնում է ագռաւի վրայ ու հրամայում, որ արագութեամբ՝ վերադառնան։
Նրանց թռիչքից հազիւ մէկ ժամ անց, երբ նրանք գտնւում էին ծովի վրայ, ագռաւը ուժասպառ դարձած, նրան ասում է.
– Թեւերս յոգնել են եւ թռչելու զօրութիւն էլ չունեմ, ոսկիներից մի մասը լցրու ծով, որպէսզի բեռը թեթեւանայ եւ թռչելու կարողութիւն ձեռք բերեմ ու անվնաս տեղ հասնենք։ Բայց Փանոսն յամառ էր, ոչ մի գնով չէր պատրաստւում բաժանւել ոսկիներից, նա ուզում էր ամէն գնով գանձերը հետը բերել։ Նա վէճի մէջ է բռնւում ագռաւի հետ ու նրանց միջեւ սաստիկ բանակռիւ առաջանում։ Փանոսը նրան չէր հասկանում, նա վրդովւած վիճակում, զարկում էր ագռաւի գլխին ու ասում.
– Այ յիմա՜ր, դու խոստացել ես, որ ինչքա՜ն ես կուզեմ ոսկի կը վերցնեմ, բայց հիմա խօսքդ յետ ես վերցնում։
Մինչ նա վիճում էր ագռաւի հետ եւ նրա գլխին զարկում, յանկարծ ձեռքը դիպչում է ագռաւի գլխի յետեւի մասի խալին, ու միանգամից ագռաւը օդում փոքրանում ու իր բնական չափն է դառնում։ Բայց Փանոսը, որ ընչաքաղցութիւնից կորցրել էր իրեն, վերեւից իր ոսկիներով գլորւում է ծովը…
ՀԱՅԿ ՍԱՐԵԱՆ